Home / Ազգային ժողով / Հայկական կողմը դեռ հոկտեմբերին կարող էր թույլ տալ ադրբեջանցիներին Շուշի վերադառնալ

Հայկական կողմը դեռ հոկտեմբերին կարող էր թույլ տալ ադրբեջանցիներին Շուշի վերադառնալ

«ՌԴ նախագահի առաջարկով և Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-20-ին եղել է առաջարկ թույլ տալ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները: Երբ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ծանր է ռազմաճակատում, համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը գումարել է նաև Շուշին: Հայկական կողմը քննարկել է և մերժել՝ որոշում կայացնելով շարունակել պայքարը՝ մտածելով, որ կունենանք ռազմական բեկում:

Մեզ համար դա անընդունելի էր, քանի որ եթե Շուշիի 80 տոկոսն ադրբեջանցիներ են, դա նշանակում է հանձնել Շուշին», – այս մասին ասել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը:

«Այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կետում, քանի որ յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու ռազմական խնդիր: Եթե ադրբեջանցիները մտնեին Շուշի, մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք», – ասաց նա:

Ռուսաստանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն հաջողվեց համոզել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները․ «Ընդհանուր առմամբ, ինձ հաջողվեց համոզել Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները։ Նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի։ Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։ Վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը: Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի․ հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի (այդ թվում՝ Շուշի քաղաքի) նկատմամբ։ Հատկապես՝ նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը․․․ մենք այդ ժամանակ արդեն պայմանավորվել էինք Հայաստանի և Ադրբեջանի հետ»։

ՀՀ վարչապետն, իր հերթին, հայտարարել էր, որ հայկական կողմը կարող էր խուսափել պատերազմից, «եթե համաձայներ հանձնել 7 շրջանները՝ ներառյալ Շուշին»։ Ավելի մանրամասն՝ այստեղ։