Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) արգելել է արդեն Լեհաստանի տարածքում գտնվող գաղթականների արտաքսումը հետ Բելառուս, ասվում է դատարանի պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ։
Օգոստոսի 20-ից դեկտեմբերի 3 ՄԻԵԴ֊ը քննում էր 198 հայցվորների կողմից ներկայացված 47 միջնորդություններ՝ Եվրամիության տարածքում անվտանգ ապաստան տրամադրելու խնդրանքով։
Դիմումներից 44֊ը Լեհաստանի դեմ էին, երկուսը՝ Լատվիայի, ևս մեկը՝ Լիտվայի։
«Դիմումների մեծ մասում հայցվորները նշում էին, որ արդեն գտնվում են Լեհաստանի տարածքում, և խնդրում էին չարտաքսել իրենց Բելառուս։ Այդ դեպքերում դատարանը կիրառել է 39-րդ կանոնն ու վճռել, որ արդեն սահմանը հատած քաղաքացիներին չպետք է վտարել Լեհաստանից», – ասվում է դատարանի որոշման մեջ։
ՄԻԵԴ֊ը նաև խնդրել է պաշտոնական Վարշավային փաստաբաններ տրամադրել Բելառուս֊Լեհաստան սահմանին գտնվող 32 Աֆղանստանի քաղաքացիներին։ Որոշ դեպքերում Ստրաստբուրգը Լեհաստանին պարտավորեցրել է գաղթականներին ապահովել սննդով, ջրով, անհրաժեշտ հագուստով, բժշկական օգնությամբ և ժամանակավոր ապաստանով։
Հիշեցնենք, որ Բելառուս֊Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամը հատկապես սրվել էր նոյեմբերի սկզբներին. ավելի քան 4 հազար ներգաղթյալներ՝ մեծամասամբ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից, փորձում էին Լեհաստան տեղափոխվել ։ Միգրանտների մի մասը նոյեմբերի 8-ին փորձել է ճեղքել փշալարերը, ինչը կանխվել է, սահմանն էլ՝ փակվել։ Հազարավոր մարդիկ մնացել են Բելառուսի և Լեհաստանի արանքում․ ցրտահարման հետևանքով մարդիկ են մահացել։
Դեկտեմբերին գաղթականների թիվը նվազել էր. սահմանային գոտում գտնվող վրանային ճամբարներն այլևս չկան։ Բելառուսի իշխանությունները գաղթականների մի մասին բնակեցրել է լոգիստիկ կենտրոններում։ Շուրջ հազար միգրանտ վերադարձել է Իրաք։
Եվրամիության երկրները միգրացիոն ճգնաժամի մեջ մեղադրում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Դեկտեմբերի 2֊ին ԵՄ֊ն Բելառուսի դեմ արդեն հինգերորդ պատճամիջոցային փաթեթն է կիրառել։