Home / ուկրաինայից / Մեր 1-ին հաղթանակը բանակցությունների տեղափոխումն է Թուրքիա. Ուկրաինա

Մեր 1-ին հաղթանակը բանակցությունների տեղափոխումն է Թուրքիա. Ուկրաինա

Ռուսական զորքերը կտրուկ կնվազեցնեն ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղություններով։ Այս մասին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ավարտին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ այս որոշումն ընդունվել է «փոխվստահությունը բարձրացնելու նպատակով»։ Ռուսական կողմը ցանկանում է, որ Կիևում, որտեղ որոշումներ են կայացվելու խաղաղության պայմանագրի շուրջ, «ստեղծվեն պայմաններ հետագա բնականոն աշխատանքի համար»։ 

Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչները բանակցությունների ժամանակ Ռուսաստանին առաջարկել են համաձայնագրում ամրագրել 2 երկրների դիրքորոշումները՝ Ղրիմի և Սևաստոպոլի վերաբերյալ, հայտնում է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրա խոսքերով, առաջարկվում է 15 տարվա ընթացքում երկկողմ բանակցություններ վարել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի շուրջ։

Առանձին կետով՝ ուկրաինական կողմն առաջարկել է սահմանել, որ այս ընթացքում, մինչ բանակցություններ են ընթանում, Ուկրաինան և Ռուսաստանը չեն օգտագործի զինված ուժեր Ղրիմի հարցը լուծելու համար։ Իսկ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինան երաշխիք է հայտնել՝ չձգտելու վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը ռազմական ճանապարհով։ 

Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան լրագրողների հետ ճեպազրույցում նաև հայտարարել է, որ Ուկրաինայի առաջին հաղթանակը բանակցությունների տեղափոխումն է Բելառուսից Թուրքիա։

Ըստ Արախամիայի՝ բանակցություններից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխավոր կարող են դառնալ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Կանադան, Իտալիան, Լեհաստանը և Իսրայելը։ Նրանք հանդես կգան որպես միջազգային պայմանագրի մաս և կկարողանան փակել երկինքը Ուկրաինայի խնդրանքով։

Վլադիմիր Մեդինսկին Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նաև նշել է, որ «բանակցությունները կառուցողական են անցել»։ Նրա խոսքերով՝ ռուսական կողմը ուսումնասիրման համար ստացել է Ուկրաինայից «նրանց հստակ ձևակերպված դիրքորոշումը՝ համաձայնագրում ներառելու համար»։ «Այդ առաջարկները մոտ ապագայում կդիտարկվեն, կզեկուցվեն նախագահին, և մեր համապատասխան պատասխանը կտրվի», – ընդգծել է Մեդինսկին։

Մեդինսկին հայտարարել է նաև Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին, որը կարող է տեղի ունենալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ։

«Այսօրվա բովանդակալից զրույցից հետո մենք պայմանավորվել ենք և առաջարկում ենք լուծում, ըստ որի՝ պայմանագրի նախաստորագրմանը զուգահեռ հնարավոր կլինի պետությունների ղեկավարների հանդիպումը։ Առաջարկվող ձևաչափը հետևյալն էր. սկզբից պատրաստվում է համաձայնագիրը, այնուհետև համաձայնագիրը հաստատվում է բանակցողների կողմից, դիտարկվում է արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որից հետո քննարկվում է տվյալ համաձայնագիրը ստորագրելու համար պետությունների ղեկավարների հանդիպման հնարավորությունը», – ասել է Մեդինսկին:

Հիշեցնենք, որ երեկ Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է հրաժարվել բանակցությունների ընթացքում մի շարք նախնական պահանջներից, այդ թվում՝ Ուկրաինայի «դենացիֆիկացիայից»։ Հրատարակության համաձայն՝ կողմերը քննարկում են հնարավոր համաձայնագրերը, որոնց շրջանակներում Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ անվտանգության երաշխիքների և Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի դիմաց։