Home / Հայաստան / Բաքուն արձագանքել է արևմտամետ ռուսահպատակ Երևանին

Բաքուն արձագանքել է արևմտամետ ռուսահպատակ Երևանին

Բրյուսելում ապրիլի 6-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը խոստացել էր հայ գերիների ևս մի խմբի ազատել, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել՝ մայիսի 11-ին Հաագայում նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանական կողմը պատասխանել է, թե «Հայաստանի վարչապետի մեղադրանքները անտեղի են, անհիմն» և «լրջորեն կասկածի տակ են դնում հանուն խաղաղության գործելու ցանկությունը»։

Բաքվի առաջարկները և Ղարաբաղի հայերի իրավունքները

Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե բանակցությունների սեղանին լինելու են միայն Բաքվի առաջարկները, ինչը, ըստ Փաշինյանի, հակասում է ձեռք բերված պայմանավորվածությանը։

«Ադրբեջանը փետրվար-մարտին մեզ ներկայացրեց իր պատկերացումները հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ 5 հիմնական կետ կա։ Խոսքը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելուն, սահմանների դեմարկացիային, կոմունիկացիաների բացմանը, միմյանցից տարածքային պահանջների բացակայությանը և այլն։ Մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար անընդունելի ոչինչ դրանցում չկա, բայցև արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը։ Եվ մենք լրացրեցինք այդ հարաբերությունների օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը», – Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդիպման ժամանակ նշել էր Փաշինյանը։

Հարցը, ըստ նրա, քննարկվել է նաև ԵԽ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ, հայկական կողմն առաջարկել է միացնել երկու պատկերացումները և այդ հենքի վրա բանակցություններ սկսել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, և, չնայած Ադրբեջանից հնչող հայտարարությունների, պլանավորված գործընթացքում ոչինչ չի փոխվել․ առաջիկայում նախատեսվում է սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, հանդիպում կունենան նաև արտգործնախարարները։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն այսօր մեկնել է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այցի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում է նախատեսվում։

Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Միրզոյանը նշել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ից 17-ը՝ Մոսկվայում: 

Բոլոր քարտեզները տվել ենք

Փաշինյանի խոսքով՝ Բրյուսելում Իլհամ Ալիևը խոստացել էր գերիների ևս մի խմբի ազատ արձակել և ուղարկել Երևան։ Մի

«Առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում, և փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը։ Իմիջիայլոց ասեմ՝ վերջին անգամ հենց Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խմբին ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել», – ասել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը հիշեցրել է՝ հայկական կողմը ականապատ դաշտերի բոլոր քարտեզները փոխանցել է Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ։

Ռուս-արևմտյան Հայաստանը

«Ադրբեջանական դիվանագիտության հիմնական գործը վերջին ամիսներին հետևյալն է․ նրանք գնում են ԵՄ, ԱՄՆ և ասում են՝ ահա, տեսե՛ք, Հայաստանը պրոռուսական երկիր է, որոշ դեպքերում ասում են՝ պրոքսի ռուսական կառավարությամբ, դրանից հետո նրանք մեկնում են Ռուսաստան և ասում են՝ տեսե՛ք, Հայաստանը պրոարևմտյան երկիր է, տեսեք ոնց են Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնում, երբեմն ասում են, որ Հայաստանում Արևմուտքի կողմից գունավոր հեղափոխության միջոցով հաստատված կառավարություն է, որը գործում է ընդդեմ Ռուսաստանի», –  Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին, ասել է Փաշինյանը:

Օբյեկտիվ իրականությունը, ըստ նրա, հետևյալն է․

«Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, շատ ջերմ ու սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ, մյուս կողմից՝ Հայաստանի, Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հարաբերությունները գնալով խորանում են, որովհետև Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում․․․

Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում․․․

Աշխարհակարգ է փոխվում բոլորիս աչքի առաջ, և ոչ մեկ չգիտի, թե ինչպիսին այն կլինի արդյունքում: Հայաստանի նման երկրների համար ահա այսպիսի ժամանակներն ամենավտագավորն են։ Սա պետք է արձանագրել և հասկանալ: Մեզ համար ամենևին հեշտ չէ բալանսավորված քաղաքականություն վարել, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել դրանում հաջողելու համար»։

Ադրբեջանի արձագանքը 

«Հայաստանի վարչապետի անհիմն մեղադրանքները Ադրբեջանի հասցեին, այդ թվում՝ հումանիտար հարցերի հետ կապված կեղծ մեղադրանքները, ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը հեռու է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում անկեղծ լինելուց», – արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Հայ գերիներին ադրբեջանցի պաշտոնյան «հայկական ծագմամբ դիվերսանտներ է» անվանել, հայկական կողմի մեղադրանքները՝ որակել «անհիմն և անտեղի» և հայտարարել, թե դրանք «լրջորեն կասկածի տակ են դնում այդ երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»։