Home / Բանակ / Ադրբեջանը Հայաստանին մտցնում է Ռուսաստանի կազմ․ ՀԺ

Ադրբեջանը Հայաստանին մտցնում է Ռուսաստանի կազմ․ ՀԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում տալով իր հավաստի աղբյուրին, մի հոդված է հրապարակել, որում ներկայացնում է բանակցային գործընթացի որոշ մանրամասները՝ շեշտը դնելով ռուսական կողմի «ցանկությունների» վրա։ «Ի՞նչ է ուզում Ռուսաստանը․․․» հոդվածն անանուն է, ստորագրության փոխարեն գրված է «Հավաստի աղբյուր»։ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակն այն, այնուամենայնիվ, հավաստի չի համարում, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ որակում է որպես «անհեթեթություն»։

ՀԺ-ի նյութը վերահրապարակում ենք առանց կրճատումների․

— Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ և Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են։

Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։

Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։

Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ և օգտագործվել է նաև նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին։

Ղարաբաղի պարագան ևս մտնում է այս տրամաբանության մեջ, որոշակի տարբերությամբ։ Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։ Այս ցանկությունն է եղել ԼՂ հակամարտության գոտում տասնամյակներ հաստատված ստատուս քվոյի անկյունաքարը և այս անկյունաքարի վրա հիմնվելով է հնարավոր եղել բանակցությունները անվերջ շարունակելու Հայաստանի քաղաքականությունը։

Սա շարունակվել է մինչև 2011 թվականը, որից այսկողմ քայլ-քայլ Ռուսաստանը հանգել է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտությանը։ Այս եզրակացությանը ՌԴ-ն եկել է ոչ թե այն պատճառով, որ այլևս ուզում է ԼՂ հարցի կարգավորում, այլ որովհետև սկսել է հասկանալ, որ չի կարողանում պահել ստատուս քվոն։ Առանցքային պատճառներից մեկը Թուրքիայի աճող դերն է և Արևմուտքի հետ ՌԴ այլևս անշրջելի բախման ժամանակ Թուրքիայի շատ թե քիչ հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը Ռուսաստանի համար։ Այստեղ է պետք փնտրել 44-օրյա պատերազմի պատճառը։

Նաև այն, որ Արևմուտքի հետ կանխատեսելի կամ պլանավորվող բախման պայմաններում, երբ ակնհայտորեն արևմտյան տրանսպորտային ուղիները պիտի փակվեին, կամ առնվազն կասկածի տակ հայտնվեին, Ռուսաստանի համար չափազանց կարևոր էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցների՝ իր համար շատ թե քիչ բնականոն գործունեությունն ապահովելը (հակառակ դեպքում Սև ծովը ՌԴ-ի համար կդառնար սովորական մի լիճ), ինչպես նաև Թուրքիայի միջոցով դեպի Արևմուտք ցամաքային կապի ապահովումը։

ՌԴ-Վրաստան-Թուրքիա երթուղին նոր ցամաքային հոսքերի խնդիրը չէր լուծի․ Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնֆլիկտների պատճառով դրանցով անցնող ճանապարհները չէին բացվելու։ Իսկ Վերին Լարսը դեռ մինչև ուկրաինական կոնֆլիկտը աշխատում էր ծանրաբեռնված։

Եվ հետևաբար՝ այս հարցի արդյունավետ լուծման միջոցը Հայաստան-Ադրբեջան առանցքի օգտագործումն էր լինելու։

Այս է պատճառը, որ ԼՂ հարցի Լավրովյան պլանը նախատեսում էր հարավային շրջանների հանձնում Ադրբեջանին, որ Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու և ավտոճանապարհների երթուղին ազատվեր խոչընդոտներից։

Այս իմաստով՝ չնայած հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի Իրանով էլ կարելի է կառուցել։

Ուկրաինայում գործերի ոչ այնքան հաջող ընթացքը ըստ էության ավելի է սրել 2011-ից հետո հաստատված այն վիճակը, որ Ռուսաստանը դժվարանում է հիմա արդեն 2020 թվականից հետո հաստատված ստատուս քվոյի երաշխավորը լինել․ Խծաբերդն ու Փառուխը դրա վառ վկայությունն են։

Թուրքիայի և Ադրբեջանի դերը ավելի է մեծացել և հիմա Ադրբեջանը կարող է դառնալ ՌԴ-ից ԵՄ գազի և նավթի արտահանման հարթակ։

Հրապարակումից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «Հայկական ժամանակի» աղբյուրը հավաստի չի համարում․ «Ես նման ինֆորմացիա չունեմ և չեմ համարում, որ նման բան Հայաստանում պետք է քննարկենք, ինձ համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը անքննելի են»։

«Չգիտեմ՝ լրագրողի նպատակը որն է եղել դա գրելու, բայց այն, ինչ գրվում է մի լրատվամիջոցում, որը կարելի է կապել գործող իշխանությունների հետ, չի կարելի վերագրել իշխանությունների ցանկություններին», – հավելել է ԱԺ խոսնակը։

Ըստ (ռուսական) Սպուտնիկ Արմենիայի, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «հայկական ԶԼՄ-ներից մեկի» այս հրապարակումը անհեթեթություն է որակել։

Սա «Հայկական ժամանակի» Հավաստի աղբյուրի արդեն երկրորդ հրապարակումն է․ առաջինը հանրայնացվել էր երեկ և, ըստ ՀԺ-ի, «բացահայտում էր» ադրբեջանական կողմի հիմնական պահանջները։ Երկու հրապարակումներն էլ հասցեագրված են «վեհափառ հայրապետին, 3 նախագահներին և փորձագիտական հանրությանը»։ Ըստ էության՝ դրանք արձագանքում են Մայր Աթոռում տեղի ունեցած՝ նախկին նախագահների խորհրդակցությանը և դրան հաջորդած քննարկումներին։