Վաղը Մոսկվայում նախատեսվում էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ, սակայն Երևանը հրաժարվել է մասնակցել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։
«Քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։ Սերգեյ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների պահպանման խիստ անհրաժեշտությունը։
Կողմերը ափսոսանք են հայտնել Երևանի որոշման համար, որը հրաժարվել է մասնակցել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որտեղ քննարկվելու էր խաղաղության պայմանագրի նախապատրաստումը», – հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն։
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը արձագանքել է հաղորդագրությանը՝ «հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է»:
Մոսկվայից արձագանքել են նաև Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
ՌԴ խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ ռուսական խաղաղապահ զորախումբը փաստացի չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը․ «Իհարկե, սա տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և, մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը։
ՌԴ խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, պնդել է Զախարովան՝ հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում և աշխատանք է տարվում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ․ «Սրացումներ նախկինում էլ բազմիցս եղել են: Խնդիրներ եղել են: Կողմերը միմյանց մեղադրել են, և հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ իրավիճակի կայունացման համար, և նրանք դա կարողացել են: Ուստի մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքն ընդունելի չէ»:
«Ռուս խաղաղապահները գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են երկրների միջև: Մենք, իհարկե, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այս թեման», – հավելել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը, որը Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Դեպի Արցախ մատակարարումները, այդ թվում՝ սննդի, դեղորայքի, վառելիքի, խափանվել են։ Որպես «բնապահպան» ներկայացող ադրբեջանցիները դեռ Լաչինի միջանցքի Շուշի-Քարինտակ հատվածում են։ Երբ են այս մարդիկ հեռանալու՝ հայտնի չէ։ Ռուսական կողմը դեռ «բանակցություններ է վարում»։