Կառավարությունը նախատեսում է ներդնել «իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգ»: Օրենքի նախագիծն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարությունն էլ հավանություն է տվել նախագծին։
Ծառայությունը կտևի 6 ամիս։ Ըստ նախագծի՝ պարտադիր ծառայության դիմած կանանց ընտանեկան պայմաններից ելնելով վաղաժամկետ արձակման հնարավորություն չի տրվելու, սակայն մինչև զորակոչի օրը նրանք կարող են հրաժարվել ծառայությունից:
Վարչապետի հարցին՝ եթե կանանց համար կամավոր է զինվորական ծառայությունը, ինչու են նախագծի անունը դրել պարտադիր՝ Պապիկյանը պարզաբանել է, որ կամավոր է մինչև զորակոչվելու պահը, իսկ 6 ամիս ժամկետը դառնում է պարտադիր։
«Զորակոչված իգական սեռի ներկայացուցիչներն, առանց վիճակահանության, նշանակվում են ուսումնական զորամասեր և նրանց ծառայությունն իրականացվում է բացառապես այդ զորամասերում։ Ծառայության 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում, ստանալու են պատվովճար, որը նախատեսվում է սահմանել 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում 1 միլիոն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը 6 ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով», – ասել է Պապիկյանը։
Կանայք նաև իրավունք կունենան 6-ամսյա ծառայության հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության։
Փաշինյանի խոսքերով՝ նախագիծը քննարկվում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգի շրջանակներում։
«Մեր տրամաբանությունն այն է, որ դա լինելու է նորմալ ծառայություն, դա չի լինելու զբոսանք զորամասում», – ասել է վարչապետը։
Ըստ Սուրեն Պապիկյանի՝ մինչև այս նստաշրջանի ավարտը կկարողանան Ազգային ժողովում օրենքն ընդունելու գործընթացն ավարտել, իսկ արդեն ձմեռային զորակոչի ընթացքում իրականացնել նաև կամավոր ծառայություն անցնելու ցանկություն հայտնած կանանց զորակոչը։