Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել հայաստանյան դիրքերի ուղղությամբ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ ՀՀ ՊՆ-ն նաև հերքում է Բաքվից հնչող հայտարարությունները, թե ապրիլի 1-ի ուշ երեկոյան հայկական դիրքերից կրակել են հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։
Ըստ հայկական կողմի, ադրբեջանական զինուժը ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի և ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղ գյուղի հատվածում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ:
Վերջին օրերին Երևանը պարբերաբար հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները, թե սահմանի տարբեր հատվածներում հայկական զորքերի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժ և կուտակումներ են նկատվում։
Բաքվին երեկ հերքել է նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում։ Դիտորդները վերահաստատել են, որ սահմանի մշտադիտարկման ընթացքում որևէ արտառոց ռազմական տեղաշարժ չեն նկատել։