ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ ամսով հետաձգել է մեքսիկական ապրանքների ներմուծման մաքսային տուրքերը բարձրացնելու որոշումը, քանի որ Մեքսիկայի իշխանությունները համաձայնել են ուժեղացնել իրենց հյուսիսային սահմանի վերահսկողությունը. երկիրը Ազգային գվարդիայի ևս 10 հազար զինվորներ կտեղակայի սահմանին՝ թմրանյութերի շրջանառության վերահսկումն ուժեղացնելու նպատակով։ Մաքսատուրքի ավելացումը 30 օրով հետաձգելու մասին հայտարարել է նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նա ևս խոստացել է հզորացնել սահմանային պաշտպանությունը։
Մեկ որոշմամբ Թրամփը խոստացել էր 25 տոկոս տուրք սահմանել Մեքսիկայից և Կանադայից ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա և 10 տոկոս՝ Չինաստանից իմպորտի վրա։ Վերջինս ուժի մեջ է մտել այսօրվանից։ Պաշտոնական Պեկինն արդեն իսկ հայտարարել է պատասխան քայլերի մասին։ Մասնավորապես, Չինաստանի Ֆինանսների նախարարությունն ասել է, որ պատրաստվում է 15 տոկոսանոց տարիֆ սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող հեղուկ բնական գազի և ածուխի համար, և 10 տոկոսանոց տարիֆ նավթի, ավտոմեքենաների, գյուղատնտեսական տեխնիկայի և այլ տեսակի ապրանքների համար։ Նոր մաքսատուրքերը կկիրառվեն սկսած փետրվարի 10-ից։
Թրամփը հայտարարել է, որ նոր տարիֆների նպատակն է ապահովել ամերիկյան սահմանների անվտանգությունը, վերահսկել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, նվազեցնել առևտրային բալանսի դեֆիցիտը։ Նա պատրաստվում է բարձրացնել նաև եվրոպական երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, թեև «Մեծ Բրիտանիայի հետ, երևի, կարելի է պայմանավորվել», նշել է Թրամփը
«Նրանք չեն առնում մեր մեքենաներից կամ գյուղատնտեսական ապրանքներից։ Գրեթե ոչինչ չեն առնում, իսկ մենք իրենցից ենք ամեն ինչ գնում, – լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահը։
Փետրվարի 3-ին բացված ֆոնդային շուկայում Թրամփի հայտարարություններից հետո ինդեքսների անկում է գրանցվել։