Home / Հայաստան / «Թրամփի ճանապարհ» և երկաթգիծ, որը «Հայաստանից կտանի Հայաստան»

«Թրամփի ճանապարհ» և երկաթգիծ, որը «Հայաստանից կտանի Հայաստան»

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղիղ հեռարձակմամբ համաստորագրել է հայտարարություն Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Արարողությունն անվանել են «Խաղաղության պայմանագրի նախաստորագրում»։ Փաստաթղթի տեքստը հրապարկվել է ստորագրումից քիչ անց։

Մինչ ստորագրումը Թրամփը հայտարարել է, որ պայմանագրով Ադրբեջանը կկարողանա անխոչընդոտ կապ հաստատել Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով, լիովին հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ըստ հայտարարության երրորդ կետի՝ Հայաստանը կստանա միջազգային  և ներպետական կապի «փոխադարձ արտոնություններ»։ Ինչպես է ապահովվելու անխոչընդոտ կապը, ինչ են ենթադրում փոխադարձ արտոնությունները՝ անորոշ է։

Հայտարարվում է մի կողմից, որ Հայաստանը ԱՄՆ-ին մինչև 99 տարով կտա էքսկլուզիվ իրավունք զարգացնելու ճանապարհը և իրականացնելու փոխադրումները։ ԱՄՆ-ն և Հայաստանը՝ փոխադարձ համաձայնեցված երրորդ կողմերի հետ, կստեղծեն ուղի, որը կկոչվի «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի Ճանապարհ (Trump route for international peace and prosperity — TRIPP): Մյուս կողմից՝ խոսվում է Հայաստանի իրավազորության պահպանման մասին։ Այս երկու դրույթների փոխհարաբերություններն էլ հստակեցված չեն։

Մինչ այս տարատեսակ արտահոսքեր էին հրապարակվում միջազգային մամուլում, որոնցում խոսվում էր, օրինակ, հայ-ամերիկյան ինչ-որ կոնսորցիում հիմնելու մասին, որը ամերիկյան կորպորացիաների ներդրումներով կզարգացնի Մեղրիով անցնող ենթակառուցվածքները (երկաթգծային և ավտոմոբիլային ճանապարհներ, նավթագազային խողովակներ եւ այլն) և մեծ շահույթ կապահովի Վաշինգտոնին: Պաշտոնական հանդիպմանը Ամերիկայի նախաձեռնությամբ ապաշրջափակվելիք ճանապարարհների մասին մանրամասներ չեն հրապարկվել, շահագործման պարամետրերը հայտնի չեն:

«Ես անհամբեր սպասում եմ այդ ճանապարհին, որովհետև այդ ճանապարհն ասում է, որ ես ստիպված եմ լինելու գնալ այն տեսնել», – այլ գովաբանումների շարքում ասել է Թրամփը։ 

Ավելի ուշ՝ արդեն եռակողմ հանդիպումից հետո, Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին և նշել.

«ՀՀ-ն այսպիսով կունենա հնարավորություն՝ ունենալ երկաթուղային կապ արտաքին աշխարհի հետ և նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ: Նաև, այո, վաղուց այդքան քննարկված հարցը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքավար հանրապետության միջև կապի խնդիրը լուծվեց՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում»:

Հնարավոր մարտահրավերներին անդրադառնալով՝ The New York Times-ը հիշեցրել է, որ արդեն եղել են բացասական նախազգուշացումներ Իրանից, որն իր սահմանի երկայնքով ԱՄՆ-ի բացառիկ տնտեսական զարգացման գոտու ստեղծումը համարում է պոտենցիալ սպառնալիք։ Այս շաբաթվա սկզբին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին սոցիալական ցանցերում գրել էր, որ նման միջանցքի ստեղծումը կհանգեցնի «Իրանի կողմից վճռական արձագանքի»։ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Լորենս Բրոերսը հավելել է․ «Որքան ավելի շատ այս համաձայնությունը դիտարկվի որպես մեկ գերտերության հաղթանակ, կամ որպես Pax Americana, այնքան քիչ հավանական է, որ այն հաջողության հասնի: Պառակտված և մրցակցային միջավայրում աշխարհաքաղաքական գործողությունները նույնպիսի՝ աշխարհաքաղաքական արձագանքի են արժանանում: Այս հարցում կան երկու հնարավոր մրցակիցներ՝ Ռուսաստանն ու Իրանը, որոնք երկուսն էլ Կովկասում ունեն բազմաթիվ լծակներ, որոնք կարող են օգտագործել: Ռուսաստանն արդեն քննադատել է այս գործարքը, և մենք կարող ենք ակնկալել Ռուսաստանի ավելի ու ավելի երկարատև թշնամանք TRIPP պլանի նկատմամբ։ Հարց է նաև՝ եթե ԱՄՆ-ն հիմա ներգրավվի, կմնա արդյոք հանձնառու նաև այն ժամանակ, երբ խնդիրներն ու խոչընդոտները կկուտակվեն, իսկ դա անխուսափելիորեն տեղի կունենա»։

Թրամփ-Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը հայտարարվել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները դիմել են ԵԱՀԿ-ին՝ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրման համար։ Սա Ադրբեջանի երկու նախապայմաններից մեկն էր, և այն ամբողջությամբ բավարարվել է։ Կողմերն այսօր միասին կոչ են արել, որ ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն ընդունել այդ որոշումը։

Եռակողմ փաստաթղթում, որը որպես խաղաղության պայմանագրի նախաստորագրում է ներկայացվում, նաև ասվում է.

«Մենք ընդունում ենք անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»։

Մինչ ստորագրումը Թրամփն առանձին հանդիպել է Փաշինյանի և Ալիևի հետ և կնքել նրանց հետ նաև երկկողմ համագործակցության մասին համաձայնություններ։ Մանրամասները  չեն հրապարակվել։ Հայտնի է, որ Փաշինյանի հետ երեք փատաթուղթ է ստորագրվել․ մեկը «Թրամփի ճանապարհին» է առչնվում, մյուսը՝ էներգետիկ ոլորտում փոխգործակցությանը (ՔՊ-ականները այս կոնտեքտում խոսում են նաև ատոմակայանի մասին), երրորդը՝ տեղեկատվական և ԱԲ ոլորտներում համատեղ աշխատանքին (խոսակցություններ են շրջանառվում, որ ԱՄՆ-ն Հայաստանում արհեստական բանականության գործարան է ուզում հիմնել մոտ կես միլիարդ դոլարով)։

Թրամփն այս իրադարձությունները ներկայացրել է որպես իր՝ աշխարհին խաղաղություն բերելու նպատակի մի մաս: Նա հայտարարել է, որ ինքն է հասել Հնդկաստանի և Պակիստանի, Ռուանդայի և Կոնգոյի միջև, Սերբիայի և Կոսովոյի միջև դեէսկելացիայի։ 

Թրամփի անձնական ներդրմանն են իրենց ելույթները նվիրել նաև Փաշինյանն ու Ալիևը։ Փաշինյանը հայտարարել է, որ աջակցում է նրան Խաղաղության նոբելյան մրցանակ տալու առաջարկին: Ալիևն էլ ավելի է բարձրացրել խաղադրույքները՝ առաջարկելով, որ Փաշինյանն ու ինքը համատեղ դիմեն Նոբելյան կոմիտեին։