ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հիշեցրել է, որ դեռևս 2013թ․՝ գլխավոր դատախազի պաշտոնում վերջինիս թեկնածության քննարկման ժամանակ, ինքը բարձրաձայնել է փաստեր, որոնք վկայում են, որ Կոստանյանը, լինելով զինդատախազ և վերահսկելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի նախաքննությունը, շրջանցել, կոծկել կամ չնկատելու էր տվել բոլոր այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է անձամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Փաշինյանի խոսքով՝ այն ժամանակ Կոստանյանը հայտարարել էր, որ այդ կապակցությամբ պատրաստ է քննարկման, սակայն նման քննարկում մինչ օրս տեղի չի ունեցել։
Կոստանյանը հայտարարել է, որ Գորիսի սպանության գործում չկա մի փաստ կամ հանգամանք, որի մասին ինքն անձնական պատասխանատվություն չկրի:
«Եվ այն ժամանակ, և միշտ ես ամեն մի կայացրած որոշման համար անձնական պատասխանատվություն կրում եմ: Ձեր կողմից ներկայացված փաստերի կապակցությամբ դատախազության պարզաբանումը կարող եք գտնել՝ դատական նիստի արձանագրությանը ծանոթանալով: Առնվազն այդքանով, միայն այդ արձանագրությունը նայելով, վստահ եմ, ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք»:
Փաշինյանը, իր հերթին, նշել է, որ 2013-ի հուլիսի 30-ին գործը վարող քննիչ Ղազարյանը գնացել է ԱԱԾ, խնդրել գաղտնալսումները, որ գործին համապատասխան ընթացք տրվի։ ԱԱԾ-ում պատճառաբանել են, թե տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանին:
«Դե հիմա ձեր բառակույտ իրավաբանությամբ մի հատ բացատրեք՝ հնարավո՞ր է, որ որևէ ընդդիմադիր քաղաքական գործչի ասեն՝ տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել:
Էդ ձեր իրավաբանությունը տենց բառակույտ է ու Կաշպիրովսկու ժեստերով ցուցամատի սենց շարժումնե՞ր», ֊ ասել է ՀԱԿ պատգամավորը:
«Իրավաբանությունը բառակույտ չի՝ անկախ նրանից, դուք դա հասկանո՞ւմ եք, թե՞ ոչ», ֊ հակադարձել է Կոստանյանը։
Նա պնդել է, որ Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու մասին դատարանում խոսք չի եղել․ «3 սուբյեկտների գաղտնալսման մասին էր խոսքը, ԱԱԾ-ն իրոք պատասխանել է, որ տեխնիկական միջոցներ չկան: Ես չգիտեմ՝ ինչու չի ունեցել, բայց վստահ եմ, որ կան պատշաճ հիմնավորումներ»: