հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Իշխանական պատգամավորները կողմնապահություն են տեսնում ՄԻՊ աշխատանքում

Իշխանական պատգամավորները կողմնապահություն են տեսնում ՄԻՊ աշխատանքում

«Իմ Քայլը» դաշինքն օբյեկտիվության պակաս է նկատում Հայաստանի Օմբուդսմենի աշխատանքում։ Ազգային ժողովում, մասնավորապես, խոսվեց վերջին շրջանում տեղի ունեցած ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի (Սիմոնյանը, փողոցով զբոսնելիս տեսնելով «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչներին, բարևեց նրանց, ինչից հետո հայհոյանքի արժանացավ և գլխով հարված հասցրեց նրանցից Արթուր Դանիելյանին), ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի մասին։

Այսօր Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով, Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ 2019 թվականի մտահոգիչ խնդիրներից է վիրավորանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի զարգացումը․ «Այս արատավոր երևույթը անթույլատրելի չափերի է հասել սոցցանցերում։ Պետք է ի սպառ արմատախիլ անել վիրավորանքն ու արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք»։ Տարբեր տվյալներ ներկայացնելով, նա նաև խոսել է Օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման մասին։

Սակայն, ըստ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի, բողոքների աճը որևէ կերպ չի նշանակում, որ երկրում աճել են մարդու իրավունքների խախտումները, այլ դա կապված է հեղափոխությունից հետո պետական մարմինների նկատմամբ վստահության բարձրացման հետ, առհասարակ։

«Դուք շատ խոսեցիք ատելության խոսքի գեներացման մասին, զեկույցում եք այդ մասին բավական հիմնավոր, նաև փաստարկներով նշել․․․ Բայց այս մեկ տարվա ընթացքում, հատկապես պատճառահետևանքային կապի դեպքում միշտ խոսել եք հետևանքի մասին։ Մինչդեռ, ատելության խոսքի դեպքում պատճառը չափազանց կարևոր է։

Այն, որ հասարակական կառույցներն ուղղակիորեն վերբալ հայհոյանքների, վերբալ բռնության ներքո էին, դուք դրանք չեիք արձանագրում։ Այն, որ այդ նույն հասարակական կառույցների մոտ ուսուցիչներ, որոնք ամիսներով մարզերում հայերեն և մաթեմատիկա էին երեխաներին սովորեցնում՝ կամավոր հիմունքներով, այդ նույն խմբակի կողմից վերբալ բռնության արժանացան, դուք դրան չարձագանքեցիք։ Սակայն արձագանքեցիք, երբ այդ նույն խմբակի նկատմամբ որևէ գործողություն իրականացվեց։ Արձագանքեցիք րոպեների կամ ժամերի ընթացքում», – նկատեց Աբրահամյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն, իր հերթին, հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցության՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի կողմից Ազգային ժողովում հնչող սեռական բնույթի հայհոյանքն Օմբուդսմենի որևէ արձագանքի չի արժանանում, և հետո այդ հայհոյանքը տրանսֆորմացվում է փողոց և բռնության դեպք է արձանագրվում, «սակայն ձեր կողմից պաշտոնական հայտարարություն է տարածվում միևնույն պատմության մեկ այլ դրվագի վերաբերյալ, և դա ձեր կողմից բնորոշվում է որպես կնոջ սեռի հիմքով պայմանավորված վիրավորանք։ Պատահականությո՞ւն է, օրինաչափություն է, թե՞ թերացում է»։

– Դա ո՛չ պատահականություն է, ո՛չ թերացում, ո՛չ էլ օրինաչափություն։ Դա օբյեկտիվ աշխատանք է, – պատասխանել է Թաթոյանը։ – Խոսքը վերաբերում է կնոջը, այն էլ՝ ընդդիմադիր նեչկայացուցչի։ Բայց հատուկ եմ ուզում ասել։ Ինչ վերաբերում է դրանից առաջ երկու պատգամավորի՝ իրար վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն, ես շատ ճիշտ եմ արել, որ հայտարարություն չեմ տարածել, կարծում եմ, կնոջ հետ կապված, այո, լրիվ ուրիշ հարթություն է, չափանիշը շատ ավելի փոխվում է։

Այս անգամ արձագանքեց իշխող դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Բադալյանն՝ ուշադրություն դարձնելով «կնոջը, այն էլ՝ ընդդիմադիր» արտահայտությանը։

«Կարելի՞ է ենթադրել, որ ընդդիմադիրն իշխանության նկատմամբ որևիցե առավելություն ունի։ Արդյոք ձեզ չի՞ անհանգստացնում էն փաստը, որ անընդհատ ընդգծելով, որ ընդդիմադիր գործիչների, ընդդիմադիր կանանց անպայման պետք է պաշտպանեք, հասարակության ենթագիտակցության մեջ ամրագրում եք արդեն եղած ատելության մթնոլորտը, իբրև թե իշխանության ներկայացուցիչներին կարելի է վիրավորել, ահաբեկել, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին՝ ոչ։

Օրինակ, մենք՝ ձեր կողմից պաշտպանության երբևիցե չարժանացած թիմի անդամներս, երբևիցե որևիցե ընդդիմադրի չենք հայհոյել, չենք շեշտել նրա մորը, այն դեպքում, երբ մայրը ևս կին է։ Ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ փոխխոսնակի մայրը ևս կին է, եթե կանայաք այդ աստիճան ձեր ուշադրության կենտրոնում են գտնվում, արդյոք օրենքով կամ որևէ ենթաօրենսդրական ակտով սահմանվա՞ծ է, որ ընդդիմությունն առավելություն ունի իշխանության նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար», – հարցրել է Բադալյանը։

«Ես երբևէ չեմ ասել՝ ընդդիմությունն առավելություն ունի իշխանության նկատմամբ, – արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանը։ – Երբ խոսքը գնում է, օրինակ, քաղաքացիական հասարակության մասին, թեկուզ քաղաքական խոսք լինի, ընդդիմություն լինի, այդ պարագայում ստանդարտն իշխանության դեպքում ավելի բարձր է։

Երբ խոսքը գնում է պաշտոնյայի մասին, Մարդու իրավունքների պաշտպանը նրա համար չէ, որ իրականացնի այդ պաշտպանությունը»։

Պատգամավոր Բադալյանը խնդրեց ավելի ուշադիր լինենլ՝ ընդգծելով, որ իշխանության կին-ներկայացուցիչները ահաբեկման են ենթարկվում ահաբեկման, գլխատման կոչեր են հնչում և այլն․ «Այս դեպքում արձագանք չի լինում։ Ես այստեղ մի խնդիր եմ տեսնում, վերանալով էս քննարկման թեմայից, մեր հասարակության որոշակի շերտեր ընդհանրապես ծանոթ չեն ՀՀ Սահմանադրության, մասնավորապես, երրորդ գլխին։ Եվ այսպիսի անջրպետ դնելով իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-քաղաքացիական հասարակություն, ավելի խորացվում է էս մթնոլորտը։ Կարծում եմ, պիտի աշխատանքներ կատարվեն՝ հավասար իրավունքներ քարոզելու և ընդհանուր առմամբ Սահմանադրության որոշակի կետերի հետ հասարակությանը ծանոթացնելու համար, ինչում մի փոքր թերացում տեսնում եմ»։

Թաթոյանը, մասնավորապես, նշեց, որ նշված դեպքերն, իհարկե, անթույլատրելի երևույթներ են, և նա միշտ է դրանց մասին խոսում։