Home / Բանակ / Ղարաբաղի հարցը փակված է, բայց լուծված չէ

Ղարաբաղի հարցը փակված է, բայց լուծված չէ

Վազիր, Աքիլլես, վազիր

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մոլդովյան հանդիպման նախաշեմին տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի միջև հակասությունը հայտարարվեց վերջնականապես հաղթահարված։ «Վա՜յ պարտվածներին», – անտիկ վսեմությամբ (Ադրբեջանին վերադարձված Լաչինում ելույթ ունենալիս) հաղթվածներին էր դիմում Իլհալ Ալիևը․ «Ձեր գիրքը փակված է։ «Միացում» գիրքը փակված է, անջատողականության վերջն եկել է, անկախության պատրանքներն ուղարկվել են այն նույն տեղը, ուր կարգավիճակն է․․․ Միակ ելքը Ադրբեջանի օրենքներին ենթարկվելն է, Ադրբեջանի նորմալ, լոյալ քաղաքացիներ դառնալը, ձեր կեղծ «պետական ատրիբուտները» աղբամանը նետելն ու «խորհրդարանը» լուծարելը․․․»։

Մի խոսքով, ինքնորոշման իրավունքի փոխարեն՝ ելքի իրավունք, և այս դիրքորոշումը, ինչպես շատ այլ բաներ նրանից, ինչ դեռ երեկ անպարկեշտ էր համարվում, այժմ լիակատար լեգիտիմիզացված է։ Այս նենգափոխությունը, թերևս, միակը չէ։ Եվ միայն Ադրբեջանը չէ, որ վիզ է դրել։

Հարցը փակված է, բայց լուծված չէ

Ղարաբաղցիներին հասցեագրված ուղերձով Իլհամ Ալիևը հանդես է եկել Մոսկվայից վերադառնալուց ընդամենը մի քանի օր հետո և Քիշնև մեկնելուց մի քանի օր առաջ, այսինքն՝ բանակցային գործընթացի (որն այսօրվա չափանիշներով բավականին տեխնոլոգիական է թվում) կանգառների արանքում։

Շերպերը՝ արտաքին գործերի նախարարները, փոխվարչապետները և բանակցային առօրյայի անանուն մշակները, բալանսի են բերում, սակարկում, հղկում ձևակերպումները։ Հետո հանդիպում են հիերարխները՝ ստուգողական վերջակետը դնելու կամ չդնելու, արված կեսքայլերը ֆիքսելու կամ չֆիքսելու, հաջորդ քայլը արտոնելու կամ, հակառակը, նախորդ ստուգողական վերջակետին նահանջելու համար։ Կարճ ասած՝ մի կողմից մերձեցման գործընթաց է, մյուս կողմից՝ նույնքան անշրջելի էր Աքիլլեսի վազքը կրիայի հետևից, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ ցնցվում են հիմքերը և, ահա, Ալիևը ելույթ է ունենում Լաչինում։

Գործն ի մի բերելու այս եղանակն օգնեց կարգավորման օրակարգը բաժանել Արևմուտքի և Մոսկվայի միջև։ Ղարաբաղը մնում է գուցե վերջին տեղը երկրագնդի վրա, որտեղ նրանք կիսելու բան առանձնապես չունեն։ Հարցը առաջնահերթություններն են, որոնց համաձայն սահմանվում են քննարկման թեմաները, զուգահեռվում և համակարգվում է պրոցեսը։

«Ղարաբաղյան» թեմայի մշակումը մեծամասամբ հանձնվել է Արևմուտքին, բայց սյուժեի զարգացումներին հետևում են նաև Մոսկվայից։ Երևանի մարտավարությունը հանգում է երկու կետերի։ Առաջինը՝ ղարաբաղյան հարցը փակված է։ Երկրորդը՝ եթե փակված է, դեռ չի նշանակում, որ լուծված է։

Այո, Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, բայց միայն քաղաքացիների իրավունքների ապահովման դեպքում, ինչի համար միջազգային երաշխիքներ են պետք։ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունից Երևանը պատրաստ է հոժարակամ բացառվել՝ իր տեղը ու միաժամանակ նաև պատասխանատվությունը զիջելով միջազգային մասնակիցներին։

Բայց Ադրբեջանը նրա համար չէ այդ հանգույցը կտրել՝ դեռ 2020 թվականին, որ նորից խրվի մածուցիկ բանակցությունների մեջ։ Բաքվին ճնշելու համար ոչ գործիքներ կան, ոչ դրանք գործադրողներ։ Հնարավոր բոլոր բոնուսները տեղի ունեցողից Բաքուն ստանում է առանց որևէ զիջման։ Նրանց բախտը բերել է, այդ թվում՝ ժամանակների հարցում։

Ձեր կրեդո՞ն։ Ամենո՛ւր․․․

Եթե ուկրաինական պատերազմը ազդում է հայ-ադրբեջանական կարգավորման վրա, ապա ո՛չ այն պատճառով, որ Մոսկվան զբաղված է Մարյինկայով, իսկ վերջերս՝ նաև Շեբեկինոյով, և չի կարողանում շեղվել Լաչինի միջանցքի վրա։ Հակառակը, եթե պատերազմից անմիջապես հետո տեղական նախագծերը նույնիսկ առկախվել էին, հիմա այն ամենը, ինչ կարող է նպաստել լոգիստիկ շրջափակման վերացմանը, գտնվում է Մոսկվայի լարված ուշադրության ներքո։ Ազդեցությունը այլ բանում է՝ Արևմուտքը, որը առաջ էլ պատասխանելու բան չուներ, օրինակ, Վիկտոր Օրբանին կամ Միլոշ Զեմանին, այժմ ստիպված է չափազանց զիջողամիտ լինել բոլոր այն առաջնորդների և ռեժիմների նկատմամբ, որոնց մինչ այս գոնե ֆորմալ հարցեր էր տալիս։

Իլհամ Ալիևը ղարաբաղյան հաղթանակով պատասխանեց բոլոր այն հարցերին, որ տրվում էին նրան երկրի ներսում։ Նա գիտի նաև, թե որքան է ուկրաինական պատերազմն ընդլայնել Արևմուտքի հետ շփման հորիզոնը։ Պետդեպարտամենտը Ալիևի լաչինյան հայտարարությանը ըստ էության աջակցեց։ Կամ, ինչպես նշվում էր, ողջունեց սահմանները զատելու և ղարաբաղյան պաշտոնյաներին համաներելու նրա պատրաստակամությունը՝ այն նույն պաշտոնյաներին, որոնց Պետդեպի ներկայացուցիչները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահները, բոլորովին վերջերս համարում էր խռովարար այդ տարածքի թեկուզ ոչ ֆորմալ, բայց այնուամենայնիվ իշխանություն։

Մոտավորապես նույն օրերին հնչեց նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պատասխանը Ալիևի՝ Ղարաբաղի պաշտպանության բանակի ներկայության վերաբերյալ հայտարարություններին․ «Եթե Ադրբեջանն ուզում է փոխել այս իրավիճակը, նա պետք է այնպիսի պայմաններ, այնպիսի մթնոլորտ ստեղծի, որ մարդիկ Պաշտպանության բանակի կարիք չզգան»։

Արդեն ոչ մի խոսք միջազգային ձևաչափի մասին։

Ռուսաստանի համար սահմաններ չկան

Մոսկվայի համար ղարաբաղյան թեման երկրորդական է և գործիքային։ Խաղի իմաստը նախևառաջ առաջնորդությունն է (թեկուզ փայատիրությամբ) կոմունիկացիոն մեծ հաբում, որը կարող է ստեղծվել հին ճանապարհների ապաշրջափակումից և նորերի կառուցումից հետո։ Սա բանակցությունների մոսկովյան սեգմենտի հիմնական առարկան է, որը հազարավոր թելերով կապված է կարգավորման մյուս սյուժեների հետ։ Լաչինի միջանցքում (որը ավելի արդար կլինի նախկին անվանել) լիարժեք ադրբեջանական անցակետ տեղադրելով Բաքուն փաստացի ընդունում է Երևանի իրավունքը՝ նույն ռեժիմը սահմանել նաև զանգեզուրյան ճանապարհին, որը Ադրբեջանը միացնում է Նախիջևանին և անցնում է Հայաստանի տարածքով։

Այս ճանապարհի բենեֆիցիարների ցանկը գլխավորում է, հավանաբար, ոչ թե Ադրբեջանը, այլ Ռուսաստանը։ Երևանի և Բաքվի միջև անցակետային փոխանակումը Մոսկվայի առջև հարց է դրել։ Զինադադարի պայմանների կամ, ինչպես ընդունված է դա անվանել, 2020 թվականի եռակողմ հայտարարության համաձայն՝ այդ ճանապարհը վերահսկվում է Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից։ Եվ եթե Մոսկվան նման հարց ունի, այդ հարցին կմիանա նաև Բաքուն, որին հաղորդակցությունների վերաբերյալ ավելի ձեռնտու է պայմանավորվել Ռուսաստանի հետ, քան թե Հայաստանի։ Երևանը սա հասկանում է, բայցև գիտի՝ ինչ ռիսկերի առաջ կարող է կանգնել։ Օրինակ՝ Երևանից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նախիջևանում կարող է ստանալ մայրացամաքային Ադրբեջանից լավ սպառազինվող խմբավորում։ Ուստի, սահմանահատման ֆորմատի հարցը, որը պետք է փակվեր Մոսկվայում և որը ռուսական փոխվարչապետ Օվերչուկը տեխնիկական էր որակում, այնքան քաղաքական դուրս եկավ, որ ընդամենը 20 րոպե ժամանակ էր պետք՝ դրա անլուծելիությունը գիտակցելու համար։ Եվ երբ հայկական ԱԽ-ի քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնապես հայտարարեց, որ սահմանային բոլոր գործառույթները իրականացնելու է հայկական կողմը, պարզ դարձավ, որ այս հարցում Երևանը շատ ավելի վճռական է տրամադրված, քան ենթադրում էին Մոսկվայում։ Ի վերջո, Զանգեզուրյան միջանցքը գրեթե վերջին խաղաքարտն է, որ մնացել է Հայաստանի ձեռքում։

Անճանապարհ քարտեզ

Հավանաբար, այսպիսի տեսք ունի տարբեր մայրաքաղաքներով բաշխված կարգավորման գործընթացը, որում միահյուսվել են ոչ միայն սյուժեները, այլև դիվանագիտական ժանրերը՝ մաքոքային պայմանավորվածություններ, բլեֆ, թատերական դադարներ, ճնշման սպառնալիք։ Բրյուսելը հետևում է մոսկովյան առաջխաղացումներին, որպեսզի իր քայլն անի, հետո նորից՝ Մոսկվա, Վաշինգտոն, Մադրիդ․․․ Երևանը պնդում է, որ կողմերը պայմանավորվել են սահմանների դելիմիտացիան իրականացնել ըստ 1975 թվականի քարտեզների։

Պատմությունը տիպական է։ Մի կողմից 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, որի համաձայն խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվել են որպես պետական։ Մինչ այդ այս վարչական սահմանների հետ տարատեսակ հանկարծափոխություններ են եղել, որոնք միասնական պետության օրոք էական նշանակություն չունեին, բայց սկզբունքային են դարձել հիմա, երբ սահմանները դելիմիտացվում են։ Մասնավորապես, և Հայաստանը, և Ադրբեջանը էքսկլավներ ունեին միմյանց տարածքներում։ Ինչպես ենթադրում են քարտեզագետները, որոնց հետ մայիսին զրույցել է Ազատություն ռադիոկայանը, Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, նկատի ունի սովետական Գլխավոր շտաբի 1974 թվականի քարտեզը (որին կողմերը, ի դեպ, ոչ պաշտոնապես հղվում էին նաև մինչ այս)՝ հիշատակված էքսկլավներով հանդերձ, և, ինչպես ենթադրում են քարտեզագետները, սահմանները դրանից հետո չեն փոփոխվել։ Այդ քարտեզներով Երևանի հետաքրքրվածությունը՝ համադրված Բաքվի բավականին սառը վերաբերմունքի հետ, թույլ են տալիս ենթադրել, որ այդ քարտեզի հետևում որոշակի կոմբինացիա է թաքնված։ Վերադարձնել էքսկլավները, մասնավորապես՝ Քյարքին, Երևանին ձեռնտու չէ․ այնտեղով է անցնում երկրի գլխավոր ճանապարհներից մեկը, որը հյուսիսային հատվածը կապում է հարավայինի, այդ թվում՝ Սյունիքի, Ղարաբաղի, Իրանի հետ։ Այնուամենայնիվ, տեղացի սկեպտիկները վաղուց պատրաստվում էին վատագույնին։ «Տեսնո՞ւմ ես՝ չեն վերանորոգում, – դարուփոսերով խուսավարելով, ասում էր վարորդը, երբ մենք անցնում էինք Քյարքիով, որը հայերը Տիգրանաշեն են անվանում․ – Հարյուր տոկոս տալու են․․․»։ Թե ի՞նչ է Երևանը նախատեսում ստանալ Քյարքիի դիմաց, եթե իրոք պատրաստ է այն տալ, կարելի է միայն գուշակել։ Բայց հավանական է, որ այդ բոնուսը սահմանազատման թեմայից դուրս է գտնվում։

Մոսկվայի դիրքորոշումը՝ Երևանի վրա ճնշումը հաղորդակցությունների վերագործարկման հարցում, ավելի մոտ է Բաքվի դիրքորոշմանը, չնայած կրկին վերապահումներով։ Մյուս կողմից, մինչև Մոսկվան չստանա իր բոլոր բոնուսներն ապաշրջափակումից, ժամանակ է ձգելու Ղարաբաղի հարցում, ինչը ձեռնտու է Հայաստանին։ Ադրբեջանը ստիպված է սա հաշվի առնել, բայց բոլորը գիտեն այն սրի մասին, որը նա, հին գալլական առաջնորդի պես, սպառնում է դնել կշեռքի վրա՝ պարտված հռոմեացիների կոնտրիբուցիա հետ։

Տեղ հանրագիտարանում

Բայց Բաքվում, հավանաբար, հասկանում են, որ ուժային օպերացիան Ղարաբաղում կարող է տարբերվել 44-օրյա հաղթական գրոհից։ Նախ՝ սա արդեն ճակատային բանակային բախումներ չեն, այլ քաղաքային մարտեր, որոնք վտանգում են ռազմական շինարարության հաջողությունները։ Ավիացիան և հրետանին հղի են դրամատիկ ռեպուտացիոն հետևանքներով՝ հատկապես երկու տարի առաջվա համեմատաբար մաքուր հաղթանակի ֆոնին։ Երկրորդը՝ խոսքը անխուսափելի պարտիզանության մասին է՝ Հայաստանից կամավորների հոսքերով, հարևանների, այդ թվում Իրանի, նյարդայնությամբ, գուցե մեծ կորուստներով և ի վերջո հաջողության հասնելու մշուշոտ ժամկետներով։ Չնայած ուժային գերատեսչությունները միշտ էլ ուժային պլաններ են մշակում, բայց դրանք, հավանաբար, նույնիսկ պլան «Բ» չեն, համենայն դեպս՝ առայժմ չե՛ն։

Իսկ պլան «Ա»-ում Բաքվի գլխավոր ընդդիմախոսը, կարծես թե, հենց ինքն է՝ չափից դուրս մեծ է «հաղթողության» գայթակղությունը։ Բացի այդ, կոշտ ճարտասանությամբ իշխանությունը ինքն իրեն դարձնում է պատանդ՝ սեփական քաղաքացիների սպասումներին, որոնք գնալով ավելի քինախնդիր են դառնում։

Լաչինյան իր ելույթում Ալիևը հասկացնել տվեց, որ եթե Հայաստանը շարունակի ժամանակ ձգել, Ադրբեջանը կապրի նաև առանց խաղաղության պայմանագրի և ինքը կորոշի՝ երբ և ինչպես է Երևանը վճարելու դրա համար։ Գուցե։ Բայց հավանական է, որ ինչ-որ առումով խաղաղության պայմանագիրը պետք է Ալիևին ավելի, քան որևէ մեկին։

Նա հաղթել է ղարաբաղյան պատերազմը, բայց հարցը մնում է չփակված։ Ղարաբաղի վերջնական վերադարձը իրոք պատմական է։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար ղարաբաղյան տրավման ազգային առասպելաբանության և միևնույն ժամանակ հետխորհրդային ինքնության վճռորոշ գործոն է։ Ադրբեջանի իշխող դինաստիայի պատմության մեջ Ղարաբաղի վերադարձը պորտաքարն է այն պետության, որի վերջնական ստեղծումը հետաձգվել էր երկար 30 տարիներով։ Ադրբեջանը կշրջանակի իրեն սահմաններով, որոնք ճանաչում է ոչ միայն աշխարհը, այլև երդվյալ հարևանը․ սա ադրբեջանական հանրագիտարանի գլխավոր հոդվածն է, և քանի որ Ադրբեջանի պես պետություններում այդ հանրագիտարանը գրվում է կյանքի օրոք՝ ապագայի պատմությունն ինքնին ներկայի հաղթանակ է։

Հայաստանը, հակառակը, պատրաստվում է իր պատմության այն հատվածին, որում այդ տրավման դառնալու է եթե ոչ տիրապետող, ապա գոնե շոշափելի գործոն, այդ թվում՝ քաղաքական։ Հայաստանի իշխանությունը փորձում է այդ անելանելիությունը փոխարկել քաղաքական ռեսուրսի։ Օրինակ է բերվում նույնիսկ Ադրբեջանը, որը սպասեց, ուժեր կուտակեց և հաղթեց՝ ինչո՞վ ենք մենք ադրբեջանցիներից պակաս։ Եթե Բաքվում ելնում են նրանից, որ պատմությունը ժպտում է իրե՛նց, Երևանին մնում է միայն հավատալ վատագույնին՝ համոզել քաղաքացիներին, որ նույնիկ այսօրվա շվարածությունը վաղը կարող է հիշվել որպես ոսկե դար, ուստի՝ Ադրբեջանի սպառնալիքները մասամբ նպաստում են ներքաղաքական ինքնահաստատմանը։ Որքան հուսահատ, այնքան շահեկան։ Եթե հաջողվի ժամանակ շահել՝ լավ է։ Բայց կարելի է և չշահել, եթե Բաքուն ամեն դեպքում անցնի ուժային սցենարի։ Այդ դեպքում ամեն ինչ կորած է լինելու՝ պատասխանատվությունը ուրիշների՝ Ադրբեջանի, Արևմուտքի, Ռուսաստանի և ամենակարևորը՝ սեփական ընդդիմության (որն ապավինում էր հայրենասիրական անզիջողականությանը) վրա բարդելու հնարավորությունից բացի:

Կիսաքաղաքացիություն

Երևանի վրա ճնշումը պլանաչափորեն աճում է, ընդ որում, հավանաբար, նաև Արևմուտքից։ Ըստ ամենայնի, առաջիկայում Հայաստանը կշարունակի իր դիրքորոշման էվոլյուցիան՝ ներկայացնելով նոր գաղափարներ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի գոյության ձևաչափի վերաբերյալ։ Հավանաբար՝ արդեն առանց ավելորդ սևեռվածության միջազգային երաշխիքների վրա, բայց հասցեագրելով այն ինտիտուտները, որոնք ներհայկական երկխոսության շրջանակներում կարելի է ներկայացնել որպես ինչ-որ ինքնավարության հատկանիշներ։ Գուցե, հենց այդ հարցն է սակարկվում արտգործնախարարների հանդիպումների ընթացքում։

Ի վերջո, նրանում, ինչ Ադրբեջանի համար նորովի գրված պատմություն է, մի խնդիր կա։ Ղարաբաղի վերադարձը մեծաթիվ հարցեր է առաջացնում, որոնց համար պատասխաններ դեռ ոչ մեկ չի էլ փնտրում։ Նույնիսկ ադրբեջանական անձնագրեր վերցնելու և սովորական ադրբեջանական քաղաքացիների վերածվելու՝ ղարաբաղցիներին հասցեագրված պահանջն է նրբաբնույթ երկիմաստություններ պարունակում։ Ասենք, Ադրբեջանի նոր ղարաբաղցի քաղաքացիները ծառայելո՞ւ են ադրբեջանական բանակում, պաշտպանելո՞ւ են երկրի սահմանները այդ թվում նաև Հայաստանից։ Նրանց կվստահե՞ն, օրինակ, որպես զիված ոստիկաններ պաշտպանել Ղարաբաղի ադրբեջանցի քաղաքացիների խաղաղ քունն ու անվտանգությունը։ Նման հարցերը շատ են, դաժանությունը, որով Բաքուն հիշեցնում է ղարաբաղյան հայերին, որ ադրբեջանական ժողովրդի ներումը հարկավոր է վաստակել, գուցե բանակցային հայտ է։ Բայց այդ հայտն ինքնին ղարաբաղցիներին հասկացնել է տալիս, որ իրենք համաքաղաքացիներ չեն, այլ գրավյալ բնակչություն, որին, որպես ողորմածություն, տրվում է ուղղվելու շանս։

Այստեղ շատ բաներ են արդեն լեգալիզացվել։ Բոլորովին վերջերս, թվում էր, Բաքուն ինքնավարության ամենաբարձր մակարդակն էր խոստանում Ղարաբաղին՝ համարյա կոնֆեդերացիա։ Այսօրվա մոտեցումները անկեղծ խոսոտվանության տպավորություն են թողնում, թե որքան երկրորդական են ռազմաքաղաքական շինարարության մեջ մարդիկ, որոնց առաջարկվում է քաղաքացի դառնալ։ Բայց իշխանությունը հակասություններից չի վախենում, հակառակը՝ պնդում է դրանց վրա, իմանալով, որ կհասկացվի մեծամասնության կողմից, որին տրամաբանությունն ու առավել ևս սկզբունքները չեն հետաքրքրում։ Դուրներդ չի գալիս՝ գնացեք։ Ավելին՝ գնացեք, որովհետև դու՛ք մեր դուրը չեք գալիս։

Բաքուն, հավանաբար, ամեն դեպքում այս կամ այլ կերպ ստիպված է լինելու ղարաբաղցիների հետ հարաբերություններ կառուցել՝ լեզգինների կամ թալիշներ պես այստեղ չի ստացվի։ Ենթադրաբար, հաստատակամությունը՝ Ղարաբաղին առհասարակ ոչ մի կարգավիճակ չտալու հարցում, անհարմարություններ է ստեղծելու նաև Բաքվի համար․ առանց դրա դժվար կլինի իմպրովիզացիա անել նույնիսկ սովետական ԼՂԻՄ-ի ինչ-որ առանձին նախատիպերի թեմայով։ Էլ չասած, որ ցանկացած թերասածություն այսօրվա մթնոլորտում կարող է հիշեցնել կոսովյան Միրովիցայի փորձը, որը շարունակում է կուտակվել նույնիսկ ճգնաժամից ավելի քան երկու տասնամյակ անց։

Մի խոսքով՝ հավանական է, որ այս պատասխաններն են փնտրում նաև բանակցությունների ժամանակ, հավանական է, որ խնդրի գիտակցումը Երևանի ևս մեկ, թեկուզ անիրական, ռեսուրսն է։ Բայց ամենագլխավոր բանը Բաքվի իշխանություններն արդեն ասել են՝ ձեր անջատողականության վերջն արդեն եկել է։ Այն, ինչ մեկի համար անջատողականություն է, մյուսի համար պայքար է հանուն ազատության։ Այսինքն՝ ինքնորոշման իրավունք։

Վազել դեպի ազատություն և փախչել ազատությունից

Իրավաբաններից շատերը ենթադրում են, որ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև հակասություն լինել չի կարող, քանի որ այդ հասկացությունները տարբեր հարություններում են գտնվում։ Ամբողջականությունն ինստիտուցիա է, որը դրվել է միջազգային հարաբերությունների հիմքում՝ այն կարող է վտանգվել միայն դրսից։ Ղարաբաղյան հակամարտությունը մասամբ համապատասխանում է այս սահմանմանը՝ այնքանով, որքանով Հայաստանը մասնակցել է հանուն անկախության նրա պատերազմին, իսկ այդ մասնակցությունը փոքր չէ։ Ինքնորոշման իրավունքը պետականաշինության հիմքերից է, պետության ներքին սահմանադրությունը, և նույնիսկ Հայաստանի մասնակցությունը ղարաբաղյան առաջին պատերազմին չի նսեմացնում ղարաբաղցիների իրավունքը՝ ձգտել անկախության։

Թվում է՝ մարդիկ, որոնք բոլոր մնացած հարցերում ժողովրդավարական պատկերացումներ ունեն, չպիտի առարկեն, որ այն, ինչ անջատողականություն է մեկի համար, մյուսների համար ազատության ձգտումն է։ Պետությունը աստված չէ, այլ ինչպես հայտնի է՝ մենեջեր, և եթե ոմանք (ղարաբաղցիները, աբխազները, կատալոնացիները․․․) համարում են, որ իրենց այս կամ այլ պատճառով ավելի լավ կլինի ինքնուրույն լինել, հրաշալի՛, առավել ևս որ ղարաբաղցիները, նույնիսկ լավագույն ժամանակներում, բնակչության մեկ տոկոսը չեն գերազանցել։ Այո, ցանկացած բաժանում հազար ու մի կպչուն հարցեր է պարունակում՝ ի՞նչ անել նրանց հետ, ովքեր ուզում են մնալ, ինչպե՞ս վարվել այն գյուղերի հետ, որոնք բնակեցված են ադրբեջանցիներով, գուցե կա՞ն համակեցության ինչ-որ կոմպրոմիսային ձևեր։ Մի խոսքով, ինչպես կասեր մոնտյոր Մեչնիկովը՝ երբ կողմերը չեն դիմադրում, միշտ հնարավոր է եթե ոչ համաձայնության հասնել, ապա գոնե մինիմալիզացնել կորուստները կամ գոնե չդարձնել դրանք ճակատագրական։ Բայց պետությունը, որը վիրավորական է համարում նույնիսկ հարցի ձևակերպումը, իրեն հայրենիք է համարում և ապավինում, իհարկե, մեծամասնությունը։

Մյուս կողմից՝ ազատության ձգտման հետ էլ ամեն ինչ այդքան պարզ չէ։ Առաջին ռոմանտիկ իմպուլսը արագորեն վերածվում է հիասթափության, և նպատակին հասնելու համար բոլոր միջոցները արժանի են դառնում։ Ազատությունը կամաց-կամաց վերածվում է նույնքան տոտալ գաղափարի, որքան տարածքային ամբողջականությունը՝ ճակատի մյուս կողմում։ Անկախության մեջ հումանիզմը, կարծես, ավելի շատ չէ, և ոչ մեկին չի էլ հուզում, թե ովքեր են մեռնում Խոջալիում, փրկվում Կոդորի լեռնանցքում, փախչում՝ Աղդամում և Ջաբրայիլում այրված իրենց տներին չնայելով։ Ոնց որ թե աշխարհը պատանդ է մնացել այս բանաձևերին, և նրանք, ովքեր երազում էին ազատության մասին, ստիպված են օգնություն փնտրել նրանց մոտ, ովքեր ազատություն չեն սիրում։ Անկախ նրանից, թե որտեղ է եղել այդ առաջխաղացումը՝ թեկուզ նույնիսկ Կատալոնիայում, Մոսկվայում ըմբռնում գտնելու գայթակղությունն անշրջելի է։ Ի՜նչ լավ է Լանդսբերգիս լինել Լիտվայում, բայց ո՞ւմ վրա հույսը դնի մարդը Սուխումում, որը եթե լիտվացի լինի՝ երևի թե Լանդսբերգիսից վատը չի լինի։ Անկախությունը տոն չի դառնում, այլ վերածվում է Մոսկվայից դրածոների․ բոլոր այն արժեքները, որոնց մասին երազում էին սկզբում, արդեն նենգափոխվել են։ Ի՞նչը կարող է լինել այդ հաղթանակի ավելի լավ բանաձև, քան ղարաբաղյան առաջնորդներից մեկի կաբինետում կախված դիմանկարները՝ աջից Սախարով, ձախից Կարաջիչ։ Հետո նորից պատերազմ ու նորից վրեժխնդրություն։

Այնպես որ՝ իրավաբանները ճիշտ են։ Պետության ամբողջականության և նրա մի մասի ազատության իրավունքի միջև հակասություն չկա։ Վատագույն բանը, որ կա պետության մեջ, փոքրամասնության ճնշումն է, վատագույնը, ինչի կարող է վերածվել ազատությունը, փախուստն է ազատությունից։ Առջևում Բրյուսելն է, Վաշինգտոնը, Մոսկվան․․․ Վազիր, Աքիլլես, վազիր։

Վադիմ Դուբնով

բնագիրը՝ «Էխո Կավկազա»