Home / Բանտ / Մենությունն ու աղքատությունը ծանրաբեռնել են ճապոնական բանտերը

Մենությունն ու աղքատությունը ծանրաբեռնել են ճապոնական բանտերը

Ճապոնական բանտերը լի են տարեց դատապարտյալներով։ Մեծ թվով թոշակառու կանայք ձգտում են հայտնվել բանտում՝ մենակությունից և աղքատությունից փրկվելու համար։ «Ավելի շատ ծերանոցի տպավորություն էի ստանում, քան բանտի», – պատմում է CNN-ի թղթակիցը՝ ճապոնական կանանց գաղութ այցելությունից հետո։

Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության տվյալներով, Ճապոնիայում 65 տարեկանից բարձր մարդկանց 20 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Արդյունքում, շատերը նախընտրում են ինչ-որ ձևով հայտնվել ճաղերի հետևում։ Այս նպատակով տարեց մարդիկ, օրինակ, հաճախ գողություն են անում մթերային խանութներից։ Ճապոնիայի կառավարության տվյալներով, 2022 թվականին տարեց դատապարտյալների ավելի քան 80 տոկոսը բանտում հայտնվել է գողության համար, մեծամասնությունը՝ կանայք։ Քրեակատարողական հիմնարկներում թոշակառուներն անվճար բժշակական օգնություն և սնունդ են ստանում, ընկերներ են ձեռք բերում։ 

Տոկիոյի արվարձանների Տոչիգի կանանց գաղութի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ վերջին 20 տարվա ընթացքում տարեց դատապարտյալների թիվն աճել է շուրջ 4 անգամ։ Այժմ բանտում աշխատող մարդիկ զբաղվում են նաև կալանավորների խնամքով. Փոխում են տակդիրները, օգնում են լողանալ, որոշ դեպքերում՝ կերակրում են։ Բանտապանները պատմում են, որ շատ թոշակառուներ պատրաստ են ամսական 20-30 հազար իեն (130-190 դոլար) վճարել՝ բանտում ավելի երկար մնալու համար, քանի որ ազատազրկումից հետո իրենց սպասվում է նույն միայնակ և աղքատ կյանքը։ 

Այժմ Ճապոնիայի կառավարությունը քննարկում է տարեցների համար բնակարանային արտոնություններ սահմանելու թեման, որոշ շրջաններում միայնակ ծերերի խնամքի ծրագրեր են մշակվում։ Այս պահի կանխատեսումներով, սակայն, 2040 թվականին Ճապոնիային պետք կլինեն շուրջ 2.5 միլիոն տարեցներին խնամող աշխատողներ։ Տոչիգի բանտում այժմ աշխատակիցները դիմում են բժշկական կրթություն ունեցող դատապարտյալների օգնությանը՝ հիվանդ թոշակառուների համար պատշաճ խնամք ապահովելու համար։