«Պրոյեկտ» անկախ հարթակը պատմում է Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) բանտերում, մեկուսարաններում ու գաղութներում պահվող անձանց, քրեակատարողական հիմնարկներում գործող կոռուպցիոն մեխանիզմների և դատապարտյալների նկատմամբ իրականացվող խոշտանգումների մասին։
Դոնեցկի տնտեսագիտության և առևտրի համալսարանի ֆիզկուլտուրայի դասախոս Դմիտրի Սիդելնիկովը, օրինակ, 2020 թվականի հունվարի 27-ին կանչվել էր ամբիոն և այլևս տուն չէր վերադարձել։ Տեղական պետանվտանգության նախարարության աշխատակիցները Սիդելնիկովի տանը խուզարկություն էին իրականացրել, առգրավել բոլոր սիմ քարտերն ու տեղեկատվական կրիչները։ Սիդելնիկովը հարազատների հետ կարողացել է կապվել միայն մեկ անգամ։ Հեռախոսազանգի ընթացքում դասախոսը հայտնել է, որ իր նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ԴԺՀ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածով՝ «Լրտեսություն»։ Սա ԴԺՀ կողմից իրականացվող քաղաքական հետապնդումների համար կիրառվող ամենատարածված հոդվածն է, որով նախատեսվում է 10-20 տարվա ազատազրկում կամ մահապատիժ։ Վերջինը, սակայն, ԴԺՀ-ում 2015 թվականից ի վեր փաստացի չի իրագործվում։
Սիդելնիկովին առաջադրված մեղադրանքի մանրամասների մասին տեղյակ չեն անգամ հարազատները։ Կալանավորումից կես տարի անց տեղի է ունեցել դատապարտյալի առաջին և միակ հանդիպումը կնոջ ու մոր հետ՝ քննիչի սենյակում։ Հարազատների մոտ տեսակցությունից հետո տպավորություն էր ստեղծվել, որ այդ կարճ հանդիպման հնարավորությունը Սիդելնիկովին տրվել է համագործակցության առաջարկի շրջանակներում․ իրավապահների հետ համագործակցելու դեպքում դատապարտյալներին խոստանում են Ուկրաինա արտահանձնել։
Տեղական արդարադատության նախարարությունը դատապարտյալների թվի վերաբերյալ հստակ վիճակագրություն չի ներկայացնում։ Ըստ որոշ պաշտոնական տվյալների, կալանավորների ընդհանուր թիվը 9 հազար է՝ ներառյալ ուկրաինական ժամանակներից անազատության մեջ գտնվողները։ Լրագրողների պնդմամբ, սակայն, այդ թիվն արտահայտում է ԴԺՀ պաշտոնական և ոչ պաշտոնական բանտային համակարգի երևացող մասը միայն։
ԴԺՀ դատապարտյալները՝ կախված մեղադրանքի բնույթից, կալանավորվում են կոնկրետ քրեակատարողական հիմնարկներում։ Ռազմական գերիներին, օրինակ, պահում են Մակեևկայի երկու գաղութներում ու Դոնեցկի երկու մեկուսարաններում։ Դատապարտված զինվորականներին տեղափոխում են Դոնեցկի նախկին ռազմաքաղաքական ուսումնարանի տարածք։ Լրտեսության, հայրենիքի դավաճանության, միջազգային կամ այլ տեսակի թշնամանք հրահրելու և քաղաքական այլ հանցագործությունների մեջ մեղադրվող դատապարտյալներին պահում են Դոնեցկի N5 մեկուսարանում, Մակեևկայի գաղութի 97-րդ հատուկ բարաքում, Դոնեցկի Բուդենովսկի շրջանում գտնվող, պաշտոնապես գոյություն չունեցող համակենտրոնացման ճամբարում կամ Շրջանային հարկային վարչությանը պատկանող տարածքում։ Իր ոչ պաշտոնական «նկուղն» ունի նաև ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։
Բացի սովորական քրեական հանցագործներից, ԴԺՀ բանտերում հայտնվում են նաև ռազմագերիներ և ուկրաինական գրանցում ունեցող մարդիկ, ովքեր մեղադրվում են Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ կապեր ունենալու մեջ։ Բանտերում ու մեկուսարաններում հայտնվում են նաև այսպես կոչված «թվիթերցիները», ովքեր սոցցանցերում տեղական իշխանություններին ոչ լոյալ գրառումներ են անում, անգամ՝ ոչ իրական անուններով։
Ֆիզկուլտուրայի դասախոս Դմիտրի Սիդելնիկովին, օրինակ, մեղադրում են հորինված անունով ուկրաինամետ օգտահաշիվ վարելու մեջ։
Թշնամանք հրահրելու, մարդկային արժանապատվության ոտնահարման և իշխանության մարմիններին վիրավորելու հոդվածներով մեղադրվել էր Դոնեցկի ժողովրդական հանրապետության հասարակական պալատի անդամ, բլոգեր Ալեքսանդր Բոլոտինը, ով 2020 թվականի հունվարին Մակեևկայի իշխանություններին քննադատել էր դպրոցներին անորակ սնունդ մատակարարելու, իսկ Ներքին գործերի նախարարությանը՝ ամանորյա տոնակատարությունների ընթացքում մարդկանց ձերբակալելու համար։
9 ամիս մեկուսարանում մնալուց հետո, ռուսական ԶԼՄ-ների միջամտությամբ բլոգերը զարմանալիորեն փափուկ դատավճռի արժանացավ՝ 20 հազար ռուբլի տուգանք։
Լրագրողները նշում են, որ ազատազրկված անձը կարող է ամիսներ, և անգամ՝ տարիներ սպասել իր դատին (2015 թվականին ծանր հանցագործության մեղադրանքով բերման ենթարկված կալանավորներից մեկի դատական գործընթացը մինչ օրս չի մեկնարկել)։ Դատապարտյալները հիմնականում հարազատների հետ տեսակցելու և ծանրոցներ ստանալու հնարավորություն չունեն։ Այդ խնդիրը, սակայն, հեշտությամբ կարելի է լուծել գումար առաջարկելով․ նվազագույնը հազար ռուբլու դիմաց ազատազրկվածներին կարելի է անգամ արգելված առարկաներ ուղարկել։
Դոնեցկի որոշ բանտերում գործում է հեռախոսային խարդախությունների կազմակերպված համակարգ, որից ստացվող շահույթը բաշխվում է Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների միջև։
Դատապարտյալներից մեկը պատմում էր, որ իրենց գաղութում գործում էր սմարթֆոն ունեցողների մի ամբողջ բրիգադ, ովքեր ուկրաինալեզու կայքերում հայտարարություններ էին տեղադրում բնակարանների վարձակալության կամ ինտիմ ծառայությունների տրամադրման մասին։ Հայտարարությանն արձագանքած անձանցից կանխավճար էին պահանջում, իսկ հետո ստացված գումարը բաժանում իրենց մեջ։
Դատապարտյալներն աշխատում են զույգերով և պարտավորվում գաղութի ղեկավարությանը շաբաթական 15 հազար գրիվնա գումար վճարել (283 հազար ՀՀ դրամ)։ Հսկիչներին վճարելու դեպքում դատապարտյալները կարող են ապահովել իրենց սնունդը, հարազատների հետ ցերեկային հանդիպումները և կարող են անգամ մարիխուանա գնել։ Կալանավորներից մեկի հաշվարկով, միայն խարդախություններով զբաղվողների բրիգադ վերահսկելու դիմաց բանտի վարչակազմը ստանում է ամսական մինչև 400 հազար գրիվնա շահույթ (շուրջ 7.5 մլն դրամ)։
Քաղաքական հայացքների համար դատապարտվածների հարցաքննությունները կազմակերպվում են Պետական անվտանգության նախարարության շենքում։ Այնուհետև, կալանավորներին տեղափոխում են կա՛մ Դոնեցկի մեկուսարան, կա՛մ քաղաքային ՑՈՒՄ-ի (Центральный Универсальный Магазин) ու ավտոկայանի միջև տեղակայված ժամանակավոր մեկուսարան, կա՛մ նախկին «Իզոլիացիա» արտ-նախագծի տարածքում գտնվող ոչ պաշտոնական համակենտրոնացման ճամբար։
Նշված երեք հաստատություններում դապարտյալներն ամենադաժան խոշտանգումների են ենթարկվում․ ծեծ, կտտանքներ, ծաղրանքներ։ Բանտապանները գիշերային ժամերին խցերի միջև երաժշտական մրցույթներ են կազմակերպում, որի շրջանակներում կալանավորները երգում են Ռուսաստանի հիմնը։ Բանտի ղեկավարությանը զվարճացնելու նպատակով դատապարտյալների ցուցադրական կռիվներ են կազմակերպվում։ Կալանավորներին տարածքում մի տեղից մյուսը տանում են պարկերը գլխին հագցրած։ Երբեմն խոշտանգումներին մասնակցում են նաև այլ ազատազրկվածներ, ովքեր դրա դիմաց ավելի ուշ ներառվում են փոխանակման ծրագրերում և տեղափոխվում Ուկրաինա։
Այսպիսի ճամբարներում տեսակցությունները կտրականապես արգելված են, կալանավորման ժամկետը հայտնի չէ, դատապարտյալները հարկադիր աշխատում են ի նպաստ Պետանվտանգության նախարարության։
Ուկրաինա վերադառնալու համար արտահանձնումը միակ մեխանիզմը չէ։ 20-32 հազար եվրոյի դիմաց դատարանը կարող է իբր որպես պատիժ անձին վտարել դեպի Ուկրաինայի այն հատվածներ, որոնք, ԴԺՀ իշխանությունների պնդմամբ, պատկանում են Դոնեցկի հանրապետությանը և օկուպացված են Ուկրաինայի կողմից։ Նման պատժի դեպքում, դատապարտյալը փաստացի վերադառնում է Ուկրաինա։
Կոռուպցիոն սխեմաներ գործում են նաև Ուկրաինայի հետ փոխանակման ծրագրում ներառվելու համար։ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից Ուկրաինա արտահանձնման ծրագրերում հիմնականում ներգրավվում են քրեական հանցագործները։ Քաղաքական մոտիվներով ձերբակալվածներն այդ ցուցակներում ներառվում են բացառապես որոշակի վճարումներից հետո։ 2019 թվականի դեկտեմբերի 29-ին Լուգանսկից Ուկրաինա վերադարձած ձեռներեց Դենիս Սեկացկին պատմել է, որ ինքը արտահանձնման դիմաց վճարել է 32 հազար դոլար, իսկ մեկ այլ դատապարտյալ, Սեկացկու վկայությամբ, վերադառնալու համար 100 հազար եվրո է վճարել։
Դոնեցկի բանտային համակարգի վերաբերյալ «Պրոյեկտի» ներկայացրած նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ։