Կալինինգրադի Սուրբ Ամենափրկիչ տաճարի հարակից աղբյուրում կոշիկները լվացած երկու զինծառայողների նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու հոդվածով, գրում է Կավկազ․Ռեալիին։
Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ խոսքը Բալթյան նավատորմի զինծառայողների մասին է։
Կալինինգրադի մահմեդականների «Նուր» կազմակերպությունը հայտնում է, որ այդ զինծառայողները Դաղստանից են և գտնվում են ժամկետային ծառայության մեջ։
«Նրանք Խասավյուրտովսկի շրջանից են, Դաղստան, Մախաչկալա․․․ Մենք նրանց հետ զրուցել ենք, պրոֆիլակտիկ աշխատանք ենք տարել, ներողություն են խնդրել։ Ասում են, որ չէին գիտակցում», – «Կավկազսկի ուզելին» պատմել է «Նուր» կազմակերպության նախագահ Ահմեջան Կադիմահոմեդովը։
Սեպտեմբերի 13-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում մի քանի երիտասարդներ (տեսանյութում երևում են հինգը) Կալինինգրադի տաճարի մոտ կոշիկներն են լվանում։ «Իրենց համար սա սուրբ ջուր է, իսկ մենք իրոք կոշիկ ենք լվանում», — ասում է երիտասարդներից մեկը։
Տեսանյութի տարածումից հետո «Պադյոմ» հրատարակչությունը գրում էր, որ հինգ երիտասարդները ձերբակալված են և հինգն էլ ծնունդով Չեչնիայից են։ Ռասուլ անունով երիտասարդը տեսանյութ էր հրապարակել, որում ներողություն էր խնդրում կատարվածի համար․ «Մենք մեզ շատ վատ ենք պահել, ուզում եմ ներողություն խնդրել։ Նման բան այլևս չի կրկնվի։ Ես ուղղակի չգիտեի, որ դա այդքան լուրջ ջուր է»։ Չեչեն երիտասարդության միության ղեկավար Ռուստամ Տապաևը մյուս երիտասարդներին ևս կոչ է արել ներողություն խնդրել։ Ավելի ուշ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը տելեգրամի իր ալիքում գրել էր, որ իր հանձնարարությամբ ճշտվել է երիտասարդների ինքնությունն ու պարզվել է, որ նրանք Չեչնիայից չեն։