Home / Հայաստան / Լավրովը խոսեց, Իրանը կողմ է, Միրզոյանն ու Բայրամովը էլի կհանդիպեն

Լավրովը խոսեց, Իրանը կողմ է, Միրզոյանն ու Բայրամովը էլի կհանդիպեն

Իրանական կողմը դրական է վերաբերվում տարածաշրջանի ապաշրջափակման հարցերով «3+3» ձևաչափով բանակցային հարթակ ստեղծելու մտքին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իրանցի գործընկերոջ՝ Հուսեին Ամիր Աբդոլահիանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ։

Նախատեսվում է, որ «3+3»-ի մաս պետք է կազմեն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և նրանց երեք խոշոր հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

Լավրովի խոսքով՝ «3+3» ձևաչափի նկատմամբ դրական են տրամադրված նաև Թուրքիայում և Ադրբեջանում։

«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հույս ունենք, որ Վրաստանն էլ, չնայած իր առջև ծառացած բոլոր խնդիրներին, կկարողանա իր հիմնային շահը տեսնել այս տարածաշրջանի արագացված զարգացման հարցում որոշումների համաձայնեցման և խորհրդատվությունների նման մեխանիզմի ստեղծման մեջ․․․», – ասել է ռուսաստանցի նախարարը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ այսօր Ադրբեջանում ԵՄ առաքելության նոր ղեկավար Պյոտր Միխալկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացն արդեն սկսվել է։

«Մենք ցանկանում են կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի, սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ. այս գործընթացը մասամբ սկսվել է․․․», – նշել է Ալիևը:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մինչ այդ, խորհրդարանում հայտարարել է, որ պայմանավորվել է նորից հանդիպել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Ռուսաստանի ու Իրանի գլխավոր դիվանագետների հանդիպումը, հիշեցնենք, տեղի է ունենում իրանա-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին։ Մինչ Բաքուն իր տարակուսանքն է հայտնում Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող իրանական զորավարժությունների մասով, Թեհրանն ակնարկում է, որ ադրբեջանա-իրանական սահմանին առկա է Իսրայելի «սիոնիստական ռեժիմի» ներկայությունը։ 

Իրան-Ադրբեջան հարաբերությունները լարվել էին դեռ սեպտեմբերի կեսերին, երբ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց ադրբեջանական հատվածում ադրբեջանցիները սկսեցին գումար գանձել իրանցի բեռնատարների վարդորներից, իսկ որոշ դեպքերում՝ նաև ձերբակալել նրանց։