Home / Հայաստան / Առանց մեր Գլխավոր շտաբի Հայաստանն ու Ադրբեջանը չեն բարիշի․ Լավրով

Առանց մեր Գլխավոր շտաբի Հայաստանն ու Ադրբեջանը չեն բարիշի․ Լավրով

Արևմուտքը փորձում է փոխհատուցել իր կողմից «թաղված» Մինսկի խումբը, դեռ 2012-ին ղարաբաղյան խնդիրը կարող էր ընդմիշտ փակվել, հայերն ու ադրբեջանցիները բարեկիրթ են, դրա համար գնում են Բրյուսել՝ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ասուլիսի՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հատվածները ստորև․

— 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերյան 44-օրյա պատերազմից հետո, երբ մեր միջնորդական ջանքերով զինադադար հաստատվեց, Ռուսաստանը շարունակել և շարունակում է օգնել հայկական և ադրբեջանական կողմերին այս տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչը, իհարկե, կդառնա խթան ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև հարևան այլ երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի զարգացման համար։ Սրանով հետաքրքրված է նաև Ռուսաստանը։ Բացի այդ, մենք պայմանավորվեցինք, որ Ռուսաստանը կաջակցի երկու կողմերին էլ սահմանագծման հարցում։ Եվ երրորդ՝ մենք պայմանավորվեցինք, որ Ռուսաստանը նույնպես կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։

Այս ամենի հետ մեկտեղ մենք ականատես եղանք այլ խաղացողների այս գործընթացների մեջ ներգրավվելու նյարդային փորձերին։ Մենք սրա հետ խնդիր չունենք։ Միակ բանը, որ մենք նշել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն էր, որ Արևմուտքը հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո պաշտոնապես հայտարարեց, որ իրենք ոչ մի տեղ, ոչ մի ձևաչափով չեն համագործակցելու Ռուսաստանի հետ։ Այսպիսով, նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին։ Ուստի, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են այս Մինսկի խմբի մասին, մենք նրանց ասում ենք՝ հարցը մեզ չի վերաբերում, հարցն ուղղեք ԱՄՆ-ին, Ֆրանսիային և իհարկե Ադրբեջանին, որովհետև առանց Ադրբեջանի մասնակցության ցանկացած միջնորդական ջանքերն անիմաստ են։ 

Հիմա և՛ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները, և, առհասարակ, Եվրոպական Միությունը փորձում են փոխհատուցել իրենց կողմից «թաղված» Մինսկի խումբը՝ խցկվելով միջնորդական ջանքերի մեջ, ընդ որում, փորձում են վերցնել և սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Ռուսաստանի մասնակցությամբ։ Օրինակ, Բրյուսելում անցկացնում են սահմանազատման հանձնաժողովի նիստ։ Դե, հայերն ու ադրբեջանցիները բարեկիրթ մարդիկ են, նրանք գնում են այնտեղ, բայց ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է սահմանազատման մասին խոսել՝ չունենալով նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզները, որոնք գոյություն ունեն միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում։

Նույնը խաղաղության պայմանագրի հետ կապված: Նրանք գնացել էին Պրահա՝ Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումին, այնտեղ ստորագրել են փաստաթուղթ այն մասին, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվեն ՄԱԿ-ի կանոնակարգի և 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված սահմանի վրա: Իսկ Ալմա-Աթայի հռչակագրով բոլոր խորհրդային հանրապետությունները կազմում են Անկախ պետությունների համագործակցություն և հաստատում են սահմանների անփոփոխությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության միութենական հանրապետությունների միջև: Այլ կերպ ասած, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, միանշանակ, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս էր: Եվ երբ դրան հավանություն տվեցին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ֆրանսիան, և՛ պարոն Միշելը այն փաստաթղթի շրջանակներում, որ իրենք ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագիրը առանց նախապայմանների, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին: Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է ոչ թե կարգավիճակի մասին, այլ այն մասին, որ հարկավոր է ապահովել հայ բնակչության իրավունքները Ղարաբաղում: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են տրամադրել իրավունքների երաշխիքներ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները: Իսկ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում: 

Դեռևս 2012թ. ՌԴ-ն առաջարկություններով էր հանդես եկել, և դրանց ընդունման դեպքում ղարաբաղյան խնդիրը կփակվեր ընդմիշտ։ Համենայն դեպս, այդ ժամանակ է ի հայտ եկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու հայեցակարգը։ 

Հայեցակարգը շատ պարզ էր. հայերը հեռանում են Ղարաբաղի շուրջ հինգ ադրբեջանական շրջաններից՝ իրենց թողնելով երկու շրջան, որոնք Հայաստանը կապում են Ղարաբաղի հետ, իսկ այդ երկու շրջանների ճակատագիրը, իսկ դրանք ադրբեջանական են, ոչ ոք չի վիճարկում, բայց այդ երկու շրջանների ճակատագիրը, որոնք մնում են ադրբեջանական շրջաններ, կորոշվի ժամանակի ընթացքում, Ղարաբաղի կարգավիճակի սահմանմամբ։ Ահա այդ ժամանակ առաջին անգամ ի հայտ եկավ կարգավիճակի հարցը հետոյի թողնելու հայեցակարգը։ Իսկ հետո ասելով ենթադրվում էր հաջորդ սերունդը՝ պատկերավոր ասած։

Հետո 2020 թվականի աշնանը եղավ պատերազմ, այն դադարեց նախնական շփումների փուլում, երբ պատրաստվում էին եռակողմ հայտարարությունները, երեք եռակողմ գագաթաժողովները՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ, երկուսը՝ Մոսկվայում, մեկը՝ Սոչիում։ Այն ժամանակ նույնպես խոսում էին այն մասին, որ պետք է ինչ-որ կերպ քաղաքական գործընթաց սկսել, և կար ըմբռնում, որ Ղարաբաղի կարգավիճակը կարելի է թողնել հետոյի։

Եվ, ելնելով դրանից, Ռուսաստանը ձևակերպեց խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը փոխանցվեց կողմերին գարնանը, և այդ արտահայտությունն այնտեղ կար։ Եվ, ի դեպ, ադրբեջանական կողմն ասել էր, որ գրեթե ամեն ինչի պատրաստ է աջակցել, բայց կարգավիճակի հարցը պետք է լրացուցիչ մշակել։

Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիման վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել հետոյի, բայց երբ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ առաջնորդվելով ՄԱԿ Կանոնադրությամբ և Ալմա-Աթայի հռչակագրով։

Իսկ Ալմա-Աթայի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է։ Եվ երբ ստորագրելով այս պայմանավորվածությունը՝ մեր հայ գործընկերները մեզ ասում են, թե թող ՌԴ-ն հաստատի իր առաջարկները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, դե, ինքներդ էլ եք հասկանում, որ դա այնքան էլ բանակցություններ վարելու «օպերայից» չէ, այլ ուրիշ օպերայից։

Հիշեցնենք՝ դեռևս հունիսին ԱՄՆ փոխպետքարտուղարը հայտարարել էր, որ չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում․ «Դե, Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Միացյալ Նահանգներն աջակցում է, և մենք մասնակցում ենք այդ գործընթացին և կշարունակենք մասնակցել»։