Home / Բնապահպանություն / Մենք բիոմասսա ենք

Մենք բիոմասսա ենք

Իր վերջին հոդվածում փիլիսոփա Մայքլ Մարդերը նայում է Գազայում տեղի ունեցողի անմիջական սարսափից այն կողմ՝ դիտարկելու օնթոլոգիկ հետևանքները նրա, ինչ տեսնում ենք հեռահար անօդաչու սարքերի կադրերում: Թույլ տվեք երկար մեջբերել նրան.

«… Գազան արագորեն վերածվում է աղբավայրի, որտեղ բարձրահարկ շենքերը և մարդկային մարմինները, էկոհամակարգերը … և այգիները անճանաչելիորեն խեղվում և վերածվում են օրգանական-անօրգանական որմաքարերի: Աղբացած կյանքերի, տեղերի և աշխարհների հետ համերաշխությունը պահանջում է ուրիշ բան, քան կարեկցանքը: Ի՞նչը կարող է դա լինել»:

Մարդերի պատասխանն է՝ առաջարկել «համերաշխություն՝ հիմնված բիոզանգվածի ընդհանուր վիճակի վրա»։ Ասել «ես բիոզանգված եմ»՝ նշանակում է «նույնականանալ անհետացող կյանքի հետ», Գազան տեսնել որպես «մոլորակային միտման խտացված և կոպիտ տարբերակ»: Այն, որ կյանքը մատուցվում է զուտ որպես բիոզանգված՝ օրգանական և անօրգանական նյութերի քաոսային կույտեր, կարելի է տեսնել ամենուր, բայց դա «աքսելերացված է Գազայում՝ ավերածությունների ամենանոր տեխնոլոգիաների եզրին»: Կարեկցանքի փոխարեն, ուրեմն, պահանջվում է համերաշխություն՝ նրանց միջև, ում թափել են ու ովքեր համարձակվում են պնդել՝ «Մենք բիոզանգված ենք»։

photo_2024-07-31_21-52-36
Գազայի ավերակները

Բիոզանգվածի այս ըմբռնումը երկրորդում է փիլիսոփա Լևի Բրայանթի պատկերացումներին. «Դարաշրջանում, երբ մենք բախվում ենք կլիմայի մոնումենտալ փոփոխության տեսանելի սպառնալիքին, անպատասխանատվություն է մեր տարբերություններն այնպես գծելը, որ բացառվեն ոչ մարդկային գործոնները»։ Եվ այնուամենայնիվ, այսօրվա կապիտալիստական ​​հասարակություններում ընդհանուր էկոլոգիական վիճակի շուրջ մարդկանց մեծամասնությանը մոբիլիզացնելու ջանքերը հետևողականորեն ձախողվում են։ Մենք բոլորս գիտենք, որ բնության մաս ենք և մեր գոյատևումը լիովին կախված է բնությունից, բայց այս գիտակցումը չի վերածվում գործողության: Մեր ընտրությունների և հայացքների վրա ազդում են բազմաթիվ այլ ուժեր՝ լրատվամիջոցների կողմնակալ լուսաբանումը, աշխատողների վրա տնտեսական ճնշումները, նյութական սահմանափակումները և այլն:

2010 թվականի իր գրքում՝ «Կենսունակ նյութ», փիլիսոփա Ջեյն Բենեթը նկարագրում է աղտոտված մի աղբավայր, որտեղ ոչ միայն մարդիկ, այլև փտած զիբիլը, որդերը, միջատները, լքված մեքենաները, քիմիական թույները և այլն, յուրաքանչյուրն իր ակտիվ դերն է խաղում: Բիոզանգվածի այս պատկերը նույն սպեկտրում է, ինչ իրավիճակը Գազայում, թեև այն ծայրահեղ դեպք է: Աշխարհով մեկ, հատկապես՝ զարգացած Արևմուտքից դուրս, կան շատ ընդարձակ ֆիզիկական տարածքներ, ուր լցվում են «թվային թափոնները», և հազարավոր մարդիկ աշխատում են, որ առանձնացնեն ապակիները, մետաղները, պլաստիկը, բջջային հեռախոսները և այլ տեխնածին նյութերը քաոսային կույտերից: Այն ետնախորշերից մեկը՝ Ագբոգբլոշիեն, որը գտնվում է Ակրայի (Գանայի մայրաքաղաք) կենտրոնի մոտ, հայտնի է որպես «Սոդոմ և Գոմոր»։

photo_2024-07-31_21-52-24
Ագբոգբլոշիե աղբավայրը

Կյանքն այս միջավայրերում սարսափ շոու է, և դրանցում ապրող համայնքները խիստ հիերարխիկ կերպով են կազմակերպված, երեխաները ստիպված են կատարել ամենավտանգավոր աշխատանքը ծայրահեղ ռիսկային պայմաններում: Այնուամենայնիվ, քանի որ բիոզանգվածի այս շահագործումը էկոլոգիապես գրավիչ է թվում («վերամշակման» դրոշի ներքո), այն հիանալի կերպով արձագանքում է ժամանակակից տեխնոլոգիայի պահանջներին։ «Տեխնոլոգիական դարաշրջանում», գրում է փիլիսոփա Մարկ Ռաթհոլը, «մեզ համար ամենակարևորը ամեն ինչի «հնարավոր առավելագույն օգտագործումն» է»:

Ի վերջո, ռեսուրսները խնայողաբար օգտագործելու, վերամշակելու և այլնի իմաստը ամեն ինչի օգտագործումն առավելագույնին հասցնելն է։ Կապիտալիզմի հանրագումարային արդյունքը աղբի կույտերն են՝ անպետք համակարգիչներ, մեքենաներ, հեռուստացույցներ, տեսախցիկներ, հարյուրավոր ինքնաթիռներ, որոնք վերջնական «հանգիստ» են գտել Մոհավի անապատում: 

Ամբողջական վերամշակման գաղափարը (որում յուրաքանչյուր թափոն նորից օգտագործվում է) կապիտալիստական երազանք է, նույնիսկ կամ հատկապես երբ այն ներկայացվում է որպես Երկրի բնական հավասարակշռությունը պահպանելու միջոց: Սա ևս մեկ վկայություն է կապիտալիզմի կարողության՝ յուրացնելու գաղափարախոսությունները, որոնք կարծես թե հակադրվում են իրեն:

Ինչևէ, բիոզանգվածի այս շահագործումը կապիտալիստական ​​տրամաբանությունից տարբերվում է նրանով, որ քաոտիկ, ամայացած տարածքներն ընդունում է որպես սովորական կացություն: Թեև այս պայմանը կարելի է մասամբ օգտագործել, այն անհնար է վերացնել։ Ինչպես Մարդերն է ասում, բիոզանգվածը մեր նոր տունն է, մենք հենց բիոզանգված ենք: Պատրանք է մտածել, որ այսպիսի միջավայրերը կարող են մնալ անցյալում և փոխարինվել կյանքով ինչ-որ հովվերգական «բնական», էկոլոգիապես կայուն միջավայրում: Այդ հեշտ ելքը մեզ համար անդառնալիորեն կորած է։ Մենք պետք է ընդունենք մեր միակ տունը, աշխատենք դրա սահմաններում, միգուցե նոր ներդաշնակություն հայտնաբերենք այնտեղ, ինչը քաոսային կույտ է թվում:

Սա մեզանից կպահանջի բացություն՝ իրականության տարբեր մակարդակների (մարդիկ, կենդանիներ, ավերակներ, քայքայվող շենքեր) օբյեկտիվ գեղեցկության նկատմամբ, և հրաժարում գեղագիտական ​​փորձառությունների հիերարխիկ դասակարգումից: Պատրա՞ստ ենք դրան: Եթե ​​ոչ՝ իրոք կորած ենք:

Սլավոյ Ժիժեկ
անգլերեն բնագիրը՝ project-syndicate-ում