Home / Մշակույթ / Հավասարություն կամ խոսքի իրավունք

Հավասարություն կամ խոսքի իրավունք

1864 թ. Էդմոն և Ժյուլ Գոնկուրները հրատարակեցին «Ժերմինի Լասերտե» վեպը: Վեպը պատմում է աղախնի էրոտիկ ապրումների, նրա բարոյական անկման մասին: Վեպի առաջաբանում հեղինակներն ասում են.

«Մենք պետք է նախօրոք ներողություն խնդրենք ընթերցողից բովանդակության համար: Ընթերցողները սիրում են սուտ պատմություններ, սա ճշմարիտ պատմություն է: Նրանք սիրում են արիստոկրատների մասին պատմություններ, այս գիրքը եկել է փողոցից: …Ինչո՞ւ ենք մենք գրել այն: Մի՞թե ընթերցողի ճաշակը վիրավորելու համար: Ո՛չ: Ապրելով  19-րդ դարում, ընտրական իրավունքի, ազատականության և ժողովրդավարության ժամանակներում, մենք մեզ հարցրեցինք. մի՞թե նրանք, ում անվանում են «ստոր խավ», կարող են հավակնել, որ իրենց մասին վեպ կգրվի: Այլ խոսքերով՝ ժողովուրդը, այդ մարդկային աշխարհը, ոտնահարված մարդկային աշխարհը՝ մնալով գրական արգելքի տակ, առհամարված գրողների կողմից, որոնք անտեսել են նրա հոգին և սիրտը, այնուամենայնիվ սիրտ ու հոգի ունի: Մենք մեզ հարցրեցինք՝ իսկապես հավասարության դարում դեռ կա՞ն գրողների և ընթերցողների ուշադրությանն անարժան դասակարգեր, ստոր դժբախտություններ, կոպիտ դրամաներ և չափից դաժան աղետներ… Կարճ ասած, մենք ցանկացանք ստուգել՝ կարո՞ղ են արդյոք ստոր խավի արցունքները նույնպիսի խղճահարություն հարուցել, ինչպիսին բարձր խավի թափած արցունքներն են հարուցում»:

Իսկապես, Գոնկուր եղբայրները առաջին գրողներն են, որ հավասարության սկզբունքը բերեցին գրականություն: Իհարկե, ֆրանսիական մեծ ռեալիստները՝ Ստենդալը, Բալզակը կամ Ֆլոբերը գրել էին հասարակ խավի մասին, բայց այդ պերսոնաժները եղել են երկրորդական, իսկ գրողի հայացքը՝ վերևից: Այստեղ ոչ մի արտառոց բան չկա. ըստ լուսավորական մոտեցման՝ մտավորականությունը պետք է կրթի և դաստիարակի ցածր խավերը բարձր օրինակներով: Հայաստանը արդեն վաղուց ապրում է երկրորդ կապիտալիզմի դարաշրջանում, որտեղ իշխող խավը բալզակյան փարվենյու տիպաժների նման անհատներից է բաղկացած: Կամ ավելի մեզ հարազատ մարկոսաղաալիմյաններից: Զուր չէ, որ փիլիսոփա Հեգելը գրում էր՝ վեպը բուրժուական խավի էպոսն է:

Գլոբալացման, հեռուստատեսության և ինտերնետի դարաշրջանի հայկական փարվենյուները ստեղծել են իրենց էպոսը՝ հայկական սերիալները, որտեղ իրենց կյանքը և արկածները փորձում են ներկայացնել բարձր, այսինքն՝ ողբերգական ոճով: Ավելորդ է ասել, որ կապիտալիստական մրցակցությունում տուժած խավը, ոչ միայն բանվորները, գյուղացիները և մյուս աշխատավորները, այլ նաև «նոր աղքատները»՝ մտավորականությունը, մանր բուրժուաները, այդ սերիալներում երկրորդական, հաճախ առհամարված, ողորմելի, միայն երբեմն խղճալի դերակատարում ունեն:

Այդ սերիալների գաղափարախոսությունը թափանցիկ է։ Այն արտացոլում է Հայաստանի քաղաքական իրավիճակը՝ իշխողները պետք է իշխեն, ենթարկվողները պետք է ենթարկվեն, ամեն մեկը ունի իր համար նախատեսված տեղը, իրերի սահմանված կարգը: Սերիալներում կանայք պետք է լինեն հիստերիկ կամ մազոխիստ՝ ավելի ընդգծելու նոր իշխող վերնախավի մասկուլինային բարեմասնությունները, նրա «ազնիվ և հերոսական» ձգտումները:

Հատուկ դերակատարում ունեն երեխաները, որոնց անձնվիրաբար պաշտպանում են տղամարդ-փարվենյունները, ճիշտ է՝ համարյա բացառապես սեփական երեխաները: Նողկալի է այն, ինչ վերագրվում է երեխաներին: Նրանք միամտաբար ասում են ճշմարտությունը, որը, պարզվում է թե, իշխող խավի ճշմարտությունն է: Չեմ ասում, որ նրանք արտահայտեն անտեսված խավի ճշմարտությունը։ Բայց թող արտահայտեն գոնե մանկական աշխարհի սեփական ճշմարտությունը՝ երևակայությունը և խաղը: Չէ, նրանք արտահայտում են հայկական բիզնեսի ճշմարտությունը, և այդ փոքրիկ ձեռնարկատերերը իմ մոտ նողկանք են առաջացնում:

Ուրեմն ի՞նչ է հավասարությունը: Մենք լսում ենք իշխող կուսակցության քաղաքական ներկայացուցիչներին, որոնք մեզ պատմում են այն «հերոսական» հոգատարության մասին, որ կուսակցությունը և կառավարությունը տածում են ժողովրդի նկատմամբ: Ընդհակառակը՝ ընդիմադիր գործիչները խոսում են սոցիալական ճգնաժամի, ժողովրդի ծանր դրության մասին, ասել է թե՝ իրենք ավելի հոգատար կլինեն: Ո՞վ է այդ «միստիկական մարմինը»՝ ժողովուրդը, որի մասին խոսում է վերնախավը, բայց որին չենք լսում, որին չենք տեսնում, որին ստիպված ներկայացնում են լրագրողները:

Ժողովուրդը հասարակության մնացորդն է, նրա աղքատները, հասարակության այն մասը, որի առանձնահատկությունը կայանում է հենց նրանում, որ նա չունի վերնախավի այն հատկությունները, որպեսզի իրավունք ունենա իշխելու: Բոլորն են խոսում ժողովրդավարության մասին, բայց դրա տակ հասկանում են ոչ թե ժողովրդի իշխանությունը, այլ նրա անունից խոսելը: Աղքատները պարզապես վատ սոցիալական և տնտեսական վիճակում հայտնված մարդիկ չեն, այլ նրանք՝ ում խոսքը հաշվի չի առնվում, ում ներկայացնում են մյուսները, նրանք, ում խոսքը հաշվի է առնվում տվյալ քաղաքական իրադրությունում: Ժողովուրդը՝ «դեմոսը», նա է, ով խոսում է, բայց խոսելու իրավունք չունի, ով մասնակցում է քաղաքական ընթացքին՝ առանց իրավունք ունենալու մասնակցելու:

Ժողովուրդը դա նրանք են, ում հաշվի չեն առնում: Հասարակությունը հաշվի է առնում միայն նրանց, ովքեր ինչ-որ գործառույթ ունեն, և անտեսում է նրանց, ովքեր ավելորդ են, դերակատարում չունեն: Քաղաքականությունը, ըստ ֆրանսիական փիլիսոփա Ժակ Ռանսյերի, սկսվում է այնտեղ, որտեղ հասարակության մեջ դերակատարում չունեցող մարդիկ իրենց համար դերակատարում են պահանջում: Այդ պահանջի իմաստը հավասարությունն է:

Վերցնենք հայաստանյան տիպիկ լրագրողական ռեպորտաժը գյուղի մասին: Լրագրողը հակիրճ ներկայացնում է գյուղը, նրա խնդիրները: Հաջորդ կադրում լրագրողը ձայնը տալիս է «ժողովրդի ներկայացուցչին», որը հաստատում է իր խոսքերը: Հետո լրագրողը սկսում է պայքարել «անխոս ժողովրդի» իրավունքների համար: Ինչո՞ւ. որովհետև ժողովուրդը անընդունակ է խոսելու իրավունքի տեսակետից, իսկ լրագրողը կարող է: Նույնը կարելի է ասել ՀԿ-ների ներկայացուցիչների մասին:

Մի՞թե սա միակ հնարավոր կերպն է: Թումանյանը կարողացավ «Անուշում» խոսքը տալ 12 տարեկան աղջնակին, իր մանկական ստեղծագործություններում՝ երեխաներին: Մաթևոսյանը իր վիպակներում և պատմվածքներում ցույց տվեց հասարակ գյուղացիներին և գյուղացի կանանց առանց թարգմանելու մտավորական մեծամիտ ժարգոնի, ցույց տվեց, որ հասարակ մարդկանց մտածողությունը չի զիջում կրթված մարդկանց մտածողությանը: Նրանք դեմոկրատ գրողներ էին, հավասարության սուր զգացումով:

Վարդան Ջալոյան

հոդվածը հրապարակվել է 2019-ի հոկտեմբեր 24-ին