2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղը 223 զոհ է տվել, նրանցից 25-ը՝ քաղաքացիական անձինք, 5-ը՝ անչափահասներ։ Վիրավորների թիվը 244 է․ մոտ 80-ը քաղաքացիական անձինք են, 10-ը՝ անչափահասներ։ 20 հոգի անհետ կորած է համարվում, նրանցից 5-ը՝ քաղաքացիական անձինք։
Տվյալները հրապարակել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից երեքուկես ամիս է անցել՝ մինչև հիմա ամփոփված տվյալներ չկային։ Մեկօրյա պատերազմն ավարտվել է անցած տարվա սեպտեմբերի 20-ին՝ չճանաչված հանրապետության լուծարմամբ և փաստացի ամբողջական էթնիկ զտմամբ։ Զոհերի մի մասը հուղարկավորվել է Հայաստանուն, մի մասի շիրիմներն էլ մնացել են հայերի համար արդեն անհասանելի Լեռնային Ղարաբաղում։
Ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի օր անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին (բնակչության էվակուացիան նոր էր սկսվել) Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պահեստ է պայթել՝ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին այնտեղ բենզին հայթայթելու համար։
Պայթյունի հետևանքով 218 հոգի զոհվել է, 120-ը՝ վիրավորվել։ 21 հոգի անհետ կորած է համարվում։ Կա 3 չնույնականացված դիակ, ինչը, ըստ Քյարամյանի, վկայում է այն մասին, որ «ոչ բոլորն են դիմել գենետիկական փորձաքննության համար նմուշ հանձնելու համար»։
Հարցին՝ պայթյունի հանգամանքները, պատճառները պարզվե՞լ են, Քննչականի ղեկավարը պատասխանել է․
«Մենք այս վարույթը նախաձեռնել և քննում ենք այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխել է էթնիկ զտման իրողություններից։ Մարդիկ՝ հարյուրներով, հազարներով, առանց մեկը մյուսին հերթ տալու գնացել և փորձել են օրհասական վառելիք ձեռք բերել։ Մարդիկ անելանելի վիճակում են եղել, որում հայտնվել են Ադրբեջանի քաղաքականության արդյունքում։
․․․Հայտնի է հետևյալը․ պաշտպանության բանակը այդ պահեստը [սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո] հանձնել է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, ընդ որում՝ գրավոր։ Զոհերի թվում կան Լեռնային Ղարաբաղի Ոստիկանության երկու սպաներ, որոնք ծառայություն են իրականացրել այդ վայրում։
․․․Պահեստում շուրջ 42 հազար տոննա վառելիք է եղել․ պայթել է բենզինը, բայց այնտեղ այլ վառելիք էլ է եղել, որը չի պայթել»։
Դեպքի վայր արդեն չկա, դեպքի վայրի զննություն անհնար էր իրականացնել։ Ինչպե՞ս է ստեղծված իրավիճակում հնարավոր բացահայտել պայթյունի պատճառները։ Ըստ Քյարամյանի՝ տեխնիկական դժվարություններ կան, բայց «այն, որ այս իրավիճակը պայմանավորված է Ադրբեջանի կողմից կանխամտածված բռնի տեղահանությամբ, դա բացահայտված է, դա ակնհայտ է, այդտեղ բացահայտելու բան չկա»։
Պայթյունի հանգանքների մասին հստակ ոչինչ առ այսօր էլ չի հաղորդվում։ Սեպտեմբերի 26-ին՝ դեպքից մեկ օր անց, Լեռնային Ղարաբաղի նախագահի այն ժամանակվա խոսնակ Դավիթ Բաբայանը (այժմ գտնվում է Բաքվի բանտում), պատասխանելով հարցին՝ արդյոք ահաբեկչության վարկածը բացառվա՞ծ է, նշել էր․ «Տեղում մարդիկ կան, պատմում են, որ անփութություն է եղել»։
Վիրավորներին, ավելի ուշ՝ նաև զոհերի աճյունները ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով տարհանել են Հայաստան։
___
Ադրբեջանական կողմը մինչ այս հաղորդել է սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողություններում իր առնվազն 191 զոhի մասին: