Home / Ազգային ժողով / Գույքը պարտավոր է դառնալ կապիտալ

Գույքը պարտավոր է դառնալ կապիտալ

Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն խթանել չօգտագործվող անշարժ գույքի օտարումը կամ փոխանցումը այլ սուբյեկտներին։ Մարտի 30-ին իշխանական տնտեսագետները Ազգային ժողովում լսել են խորհրդատվական ընկերությունների՝ հարցի կարգավորմանն ուղղված առաջարկությունները։ Խորհրդատուները ներկայացրել են չօգտագործվող գույքի վերաբերյալ իրենց հետազոտությունները, որ արել են Միացյալ Թագավորության աջակցությամբ։ Առաջարկների բովանդակությունը չի հանրայնացվել։

«Գույքի մեծ մասը չի օտարվում ու վարձակալության չի տրվում՝ շարունակելով մնալ չօգտագործվող, գնալով մաշվել, խոչընդոտել նոր ներդրումները և նվազեցնել տնտեսական աճի պոտենցիալը», – հանդիպման մասին մանրամասներ է գրել պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելով՝ պետությունը պիտի միջամտի այս շուկայական ձախողմանը։

Սեփականության օտարումը միշտ չէ, որ ստացվել է օրենսդրական փոփոխություններով։ Նման փորձ էր Հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, որով սահմանվում էր՝ հողի հարկը 3 տարվա ընթացքում չվճարելու և 4-րդ տարվա ընթացքում պարտքը չմարելու դեպքում հողամասի նկատմամբ իրավունքները հարկադրաբար (դատական կարգով) դադարում են։ 2018-ին Սահմանադրական դատարանն այս դրույթը համարել է հակասահմանադրական, և այն հեռացվել է օրենսգրքից։

Դատական բազմաթիվ գործեր են հարուցվել նաև Երևանի Կենտրոնում 2000-ակնների կառուցապատման ժամանակ «հանուն հանրային շահի» օտարված գույքերի սեփականատերերի կողմից։ Սեփականության իրավունքի այս խախտումները ճանաչվել են Եվրոպական դատարանում։

Հայաստանում կան բազմաթիվ արտադրական տարածքներ, որոնք սեփականաշնորհվել կամ վարձակալվել են Խորհրդային միության անկումից հետո։ Դրանցից քչերն են օգտագործվում հիմա։

«Չօգտագործվող արտադրական տարածքները օգտագործելու համար պետք է տնտեսական բավարար միջավայր ձևավորել։ Որևէ այլ եղանակով վերաբաշխումը հարցեր է առաջացնելու։ Եթե նման գործիքներ ստեղծվեն, դրանք կարող են ամենատարբեր եղանակներով օգտագործվել իշխանությամբ օժտված մարդկանց կողմից», – Epress.am-ի հետ զրույցում զգուշացրել է պետական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։

Մինչ պատգամավորները կսահմանեն նոր մեխանիզմներ, անեկամտաբեր սեփականությունից ազատվել է ստիպում Գույքահարկի նոր օրենքը։

2021 թվականից սկսած գույքահարկը տարեցտարի աճում է, 2026-ին ուժ մեջ մտնող նոր դրույքաչափը այս տարի գործում է դեռ 50 տոկոսով, բայց արդեն զգացվում է սեփակնատերերի գրպաններին։

Գույքահարկը բարձրացնելով՝ կառավարությունը խոստանում էր փարատել համահարթ եկամտահարկի դեմ բողոքը։ Եկամտով չի միայն որոշվում հարստությունը, այլև ունեցվածքով՝ պնդում էին նրանք։ Սակայն շքեղության հարկ այդպես էլ չսահմանվեց, իսկ գույքահարկը միշտ չէ, որ խփում է հարուստներին։

Արտաշատի բնակիչ Սոնյա Կիրակոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասում է, որ իրենց հողատարածքի հարկային բեռն այնքան է բարձրացել, որ ստիպում է մտածել տարածքը վաճառելու մասին։ «Ամուսինս վարձակալության պայմանագրով 1992 թվականին ձեռք է բերել հող, վրան շինություն։ Հողատարածքը արտադրական նշանակություն ունի, հետևաբար հարկը բարձրանում է։ Շինությունն անպիտան է։ Մենք արդեն ծեր ենք մեծ բիզնես նախաձեռնելու համար, բայց նաև չենք ուզում ստիպված էժանով վաճառել։ Փորձել ենք հողը մշակել, սակայն ոչինչ չի աճում», – ասում է նա։

Ստեփանավանում խորհրդային կարի արտադրամասը վարձակալած Գագիկ Հունանյանը Epress.am-ին պատմել է, որ գույքահարկը բարձրացել է «ցավեցնող» աստիճանի։ «Ես տնտեսագետ եմ և միշտ փորձել եմ աշխատացնել տարածքը։ 90-ականներին փորձում էի վերսկսել արտադրությունը, քանի որ կարի մեքենաները կային։ Առաջարկներ էի անում իշխանություններին սպառման շուկա գտնելու համար։ Դրանից հետո այլ բիզնես ծրագրեր էի մշակում, որի համար ևս պետական աջակցություն էր անհրաժեշտ»,- պատում է նա։

Այս տարի գույքահարկի աճի պատճառով Հունանյանը փորձում էր վաճառել տարածքի մի մասը։ Հետո հայտնվել է մի ընկեր Երևանից, ով առաջարկել է «սգո սրահ» բացել։ Այս փոքր բիզնեսով նա հույս ունի խուսափել վաճառքից։ Գույքահարկի դրույքաչափերը 100 տոկոսով կգործեն 2026-ին։ Գուցե սգո սրահն էլ բավարար չլինի։

Նոր գույքահարկը հաշվարկվում է ոչ միայն ըստ կադաստրային արժեքի, այլ դրա՝ շուկայական արժեքին մոտարկված տարբերակի։ Հարկի չափը հաշվարկվում է համակարգչային համակարգով, հասանելի է դառնում e-community կայքում։ Հաշվարի հիմքում բարդ ալգորիթմ է․ հաշվվում է տարածքի գոտիականությունը, շինության մաշվածությունը, պարիսպների առկայությունը և այլն։