Home / ԼԳԲՏ+ / Այշատ Բայմուրադովայի սպանությունը քաղաքական է

Այշատ Բայմուրադովայի սպանությունը քաղաքական է

Հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց շուրջ երկու տասնյակ մարդիկ էին հավաքվել՝ հարգանքի տուրք մատուցելու Երևանում սպանված Այշատ Բայմուրադովայի հիշատակին։ Նրանցից ոմանք անձամբ ճանաչում էին Այշատին, ոմանք նրա սպանության մասին իմացել էին սոցիալական ցանցերից։ Պիկետի մասնակիցները պահանջում էին արդար քննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ թե՛ անմիջական կատարողներին, թե՛ օժանդակողներին և ենթադրյալ պատվիրատուներին։

Այշատը լքել էր Չեչնիան կանանց և ԼԳԲՏ+ մարդկանց աջակցող իրավապաշտպան կազմակերպության՝ SOS Հյուսիսային Կովկաս ճգնաժամային կենտրոնի օգնությամբ։ Ընկերները, որոնց հետ նա բնակարան էր վարձակալում Երևանում, կնոջ անհետացման մասին ոստիկանությանը հաղորդել են հոկտեմբերի 17-ին։ Հոկտեմբերի 15-ին Այշատը զբոսանքի է գնացել Ինստագրամով ծանոթացած մի աղջկա հետ և այլև չի վերադարձել։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ աղջկա հետևորդների մեջ կան նաև մարդիկ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շրջապատից։

Հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան Այշատի դին հայտնաբերել են Երևանի Դեմիրճյան փողոցում՝ վարձակալված բնակարանում։ Հաջորդ օրը Հայաստանի ՆԳՆ-ն հաստատել է մահվան փաստը։ Լրատվամիջոցները գրում են, որ կնոջը խեղդամահ են արել։

Տեղեկություններ կան, որ նրան զբոսանքի հրավիրած «ինստագրամյան ընկերուհին» արդեն լքել է Հայաստանը։ SOS Հյուսիսային Կովկաս կազմակերպությունը որոշ մանրամասներ է հրապարակել նրա մասին։

«Մենք չգիտենք՝ արդյոք այդ կինը կապ ունի Այշաթի մահվան հետ, բայց նա առնվազն կարևոր վկա է այս գործում։ Կնոջ անունը Կարինա Իմինովա է․ ծանոթներին նա ասում էր, իբր ծնվել է Դաղստանում, բայց, ինչպես պարզվել է, Կարինան Ղրղզստանից է և որևէ կապ Դաղստանի հետ չունի։ ՃՏՊ տուգանքների համաձայն, Կարինան եղել է Չեչնիայում։

Իմինովան շփվում էր նաև Չեչնիայից եկած այլ կանանց հետ, հրավիրում էր նրանց հանդիպումների։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ նա արդեն լքել է Հայաստանի տարածքը։ Կարինան դադարել է կապի դուրս գալ Այշատի անհետացումից անմիջապես հետո, ավելի ուշ ջնջել է նաև իր օգտահաշիվը WhatsApp հավելվածում։ Նրա ինստագրամյան էջի հետևորդներից է Ռուբաթի Միցաևան՝ Իչկերիայի վտարանդի վարչապետ Ախմեդ Զաքաևի նախկին թիմակիցը, որը 2021-ին Եվրոպայից վերադարձել է Չեչնիա և հավատարմության երդում տվել Կադիրովին», — ասված է իրավապաշտպանների տարածած հաղորդագրությունում։

Իրավապաշտպան Լիդիա Միխալչենկոյի տեղեկություններով, 31-ամյա Կարինա Իմինովան բնակվում է Մոսկվայում, սովորաբար օգտագործում է Ջամիլյա կեղծանունը։

Պատվի սպանություն, քաղաքական պատվեր

Այշատ Բայմուրադովան փախել է Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով։ Արտասահմանյան անձնագիր նա չուներ, իրավապաշտպանները նրան տեղափոխել են Հայաստան, ուր կարելի է մուտք գործել նաև Ռուսաստանի ներքին անձնագրով։

Epress.am-ի զրուցակիցների խոսքով՝ Այշատին հարկադրաբար ամուսնացրել են (կոնվերսիոն ամուսնություն), նա մանկահասակ երեխա ուներ, պարբերաբար բռնության էր ենթարկվում այսպես կոչված ամուսնու կողմից և չէր կարող ապավինել նույնիսկ սեփական ընտանիքին։

Թեև պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան, Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված մարդկանց մեծ մասը ենթադրում էր, որ սպանության հետ կարող է կապ ունենալ Այշատի ընտանիքը։

Հաշվի առնելով նրա ակտիվությունը սոցիալական ցանցերում — Այշատը բացեիբաց քննադատում էր Կադիրովի ռեժիմը և կադիրովականների կամայականությունները ոչ միայն Չեչնիայում, այլև հանրապետությունից դուրս — բացառված չէ, որ սպանության հետևում կանգնած են Չեչնիայի իշխանությունները։ Կադիրովի ռեժիմը խրախուսում է «պատվով սպանությունները», չեչեն ուժայինները հետապնդում և առևանգում են քաղաքական ընդդիմախոսներին և ոչ հետերոսեքսուալ մարդկանց թե՛ Չեչնիայում, թե՛ Չեչնիայից դուրս։

Կադիրովի ազգականները

Ինչպես պարզվել է արդեն Այշաթի մահվանից հետո, նրա ազգականների մեջ կան Չեչնիայի ուժային կառույցների ներկայացուցիչներ և Կադիրովի հեռավոր բարեկամներ։

«Նովայա գազետան» գրում է, որ Այշաթը հորն անվանում էր «ռազմական թոշակառու», նրա հորեղբայրը Չեչնիայի ՆԳՆ աշխատակից է, ամուսինը՝ հրաձգության մարզիչ, որն ընկերություն է անում «Հյուսիս Ահմաթ» 78-րդ գուդերմեսյան հատուկ նշանակության գնդի հրամանատարի հետ, Այշատի տեգրը ծառայում է Ռամզան Կադիրովի անձնական պահակախմբում։

Ճգնաժամային կենտրոնի տվյալներով, Այշատը պատմել է, որ իրա տատիկի՝ Մյալխազնի Բայմուդարովայի, ազգանունն ամուսնանալուց առաջ Կադիրովա է եղել․ նա Չեչնիայի առաջին նախագահ և Ռամզան Կադիրովի հայր Ախմատ Կադիրովի ազգականներից է։

Իրավապաշտպանների խոսքով՝ Երևանից Այշատը փորձել է տեղափոխվել Եվրոպա, բայց փաստաթղթեր ձևակերպել չի ստացվել․ պաշտպանության հայցը ուսումնասիրող եվրոպացի պաշտոնյաները նրա պատմությունը համարել են «ոչ բավականաչափ հիմնավոր»։