Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 14-րդ (հոկտեմբերի 10)

Պատերազմ Ղարաբաղում, օր 14-րդ (հոկտեմբերի 10)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

01:45_ Ղարաբաղի_ՄԻՊ-ի հրապարակած երկրորդ միջանկյալ զեկույցի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ․

➖ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Ղարաբաղում սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ:

➖ Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտում (7 անձ), Մարտունիում (6 անձ), Հադրութում (1 անձ) և Մարտակերտում (3 անձ), Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ Շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնք (1 անձ):

➖ Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 101 մարդ, որից 81 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 68-ը արական, իսկ 13-ը իգական սեռի քաղաքացիներ են:

➖ Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, լրջորեն վնասվել է ավելի քան 5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

➖ Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառել է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

01:13_ «Հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում։

Ժամը 23։18-ին Արցախի մայրաքաղաքում հայտարարվել է օդային տագնապ, այդ ընթացքում թշնամին հարվածել է (զինատեսակը դեռևս հայտնի չէ) Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկի վրա։

Ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող տնտեսական նշանակության մեկ շինություն, վնասվել են մոտակա ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան»։

Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

00։34_ Այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ, հայտնում է Վահրամ Պողոսյանը։

00։33_ Այստեղ նշված կանոնների խախտումը լրատվամիջոցների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում՝ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։

Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում’ 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։ Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում’ 700 հազարից 1 միլիոն դրամի չափով, հայտնում է Ոստիկանությունը։

00։29_ «Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի:

Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»,- նշել էՀայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը։

23:24_Դարձյալ թիրախավորվում է Ստեփանակերտը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

23:04_Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն:

Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով:

Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում:

Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

21:42_ ՊՆ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը Երևանում․

— Այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվում է, ինչպես և հայտարարվել էր՝ 12։00-ից։

— Առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են․ մինչև հրադադար հայտարարելը Ադրբեջանի ԶՈՒ-ի հետախուզա-դիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք։ Հրադադարից հետո մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են։ Ընթացել են ոչ մեծ մասշտաբի մարտեր։

— Հրադադարից հետո ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները։ Այս գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը ևս օգտագործվում են պրովոկացիաներ անելու համար։

— Պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու այդ գործընթացը թույլ է տրվելու միայն Կարմիր Խաչի ներկայացուցիչների ներկայության պարագայում։

— Ինչքան է տևելու հրադադարը՝ չեմ կարող ասել։ Դրա մասին կհայտարարվի։

— Հարց՝ Ինչո՞ւ ռազմական դրության պայմաններում, երբ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և ՊՆ-ն հայտնում են մարտական գործողությունների գոտուց տեսանյութեր և լուսանկարներ չհրապարակելու և դրանով զինվորների կյանքը չվտանգելու մասին, ՊՆ-ն չի վերահսկում, օրինակ, #WarGonzo ալիքի լրագրողների ներկայությամբ հատուկ օպերացիայի և․․․

Պատասխան՝ Այս հարցը բարձրացվել է արդեն մի քանի անգամ։ Պաշտպանության բանակը հստակ իրականացնում է Արցախում աշխատող տեղական և միջազգային լրատվամիջոցների համակարգման աշխատանքը։ Եթե խնդիրներ կան՝ բարձրացրեք տեղում։

— Սահմանի ողջ երկայնքով իրավիճակը հիմնականում հանգիստ է։

— Դիրքային փոփոխությունների մասին չեմ կարող նշել։

— Սյունիքում որևէ արտառոց բան, որևէ մարտական գործողություն չկա։

21:03_ «Հրադադարի առաջին օրը շրջում էինք Ստեփանակերտում, նայում էինք՝ ուր են ընկել ռումնբերն ու հրթիռները։

Քաղաքում գուցե կամ ռազմական օբյեկտներ, բայց ռմբակոծվել են հիմնականում խանութները, տները, բնակարաններն ու փողոցում կանգնած սովորական մեքենաները։ Պատերազմը չարիք է խաղաղ բնակիչների համար, ովքեր դեռ չեն պատրաստվում դուրս գալ ապաստարաններից», – գրում է Կոմերսանտ-ի թղթակից Ալեքսանդր Չյորնիխը։



Լուսանկարները՝ Չյորնիխի ֆեյսբուքի էջից

20:47_ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը: Ինչպես տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, առաջիկա օրերին այդ աշխատանքները կշարունակվեն նաև շրջաններում:

Սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ գտնվել է մոտ 180 կասետային ռումբ, որոնց մի մասը բնակիչներն են նկատել և արձագանքել: Սակրավորները ոչնչացրել են տեղում:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է պայթուցիկ նյութերի, ականների, ինչպես նաև գնդիկաբեկորային արկերի ու կասետային ռումբերի հանդիպելիս՝ ձեռք չտալ: Անհապաղ զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101,112 հեռախոսահամարներով:
Չպայթած զինամթերքը երկար ժամանակ քաղաքացիական բնակչության շրջանում մեծ վտանգ է ներկայացնելու:

18։09_ Ադրբեջանն ակնկալում է, որ Թուրքիան, ամեն դեպքում, ավելի ակտիվ դեր կստանձնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում՝ ԵԱՀԿ Մինսկիխումբ’ի շրջանակներում կամ դրանից դուրս։ Այսօր հրադադարի մեկնարկից հետո կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում է oc-media-ն։

Նույն բրիֆինգի ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը մեղադրալ է Ֆրանսիային չեզոքությունը խախտելու մեջ՝ հատուկ ընդգծելով, որ ի հակադրություն պաշտոնական Փարիզի՝ Ռուսաստանի կողմից նման խախտումներ չեն նկատվել։

«Հայաստանի պահանջած անվտանգության երաշխիքները հնարավոր կլինի քննարկել միայն հայկական զորքերի՝ օկուպացված տարածքներից հեռացվելուց հետո․ սկզբում 5 շրջաններից, հետո՝ երկու», – ասել է Բայրամովը՝ ի տարբերություն նախորդ անգամների՝ չհիշատակելով բուն Լեռնային Ղարաբաղը։

13։26_Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով Հայաստանի ՊՆ-ն ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով:

Հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում․ հեռախոս՝ +374 10 448425:

Հիշեցնենք, որ գործում են նաև ՀՀ ՊՆ թեժ գծի 1-28, +374 10 29-46-76 և +374 10 66-00-54, ինչպես նաև ԶՈՒ ԳՇ 8501 և 8503 հեռախոսահամարները:

Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի համար գործում է +374 10 29-46-27 հեռախոսահամարը:

13։00_«ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է», – Շուշան Ստեփանյան։

12։41_ «Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը», – Շուշան Ստեփանյան։

12:26_ Արծրուն Հովհաննիսյանն ինքն իրեն հերքում է` Կապան քաղաքին չեն հարվածել։

Այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշան Ստեփանյանը արդեն հայտնել է։

12։17_ «Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման», – ՊՆ խոսնակ։

12:06_ Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ, հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

11:30_ Պաշտպանության բանակը հրապարակել է մարտական գործողությունների արդյունքում զոհված 28 զինծառայողների անունները․

Պետրոսյան Ստեփան Զոհրակի, ծնվ. 1994թ.
Պահեստազորային Պողոսյան Արշավիր Աշոտի, ծնվ. 1966թ.
Թևանյան Դավիթ Սամվելի, ծնվ. 1989թ.
Գոգինյան Տիգրան Էդվարդի, ծնվ. 1990թ.
Մելիքսեթյան Վահե Սամվելի, ծնվ. 1988թ.
Շուշանյան Նարեկ Արայիկի, ծնվ. 2000թ.
Եղիազարյան Էրիկ Էդուարդի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Պողոս Արտյոմի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Գեղամ Ալբերտի, ծնվ. 2000թ.
Սողոյան Հակոբ Արտեմի, ծնվ. 2000թ.
Մկրտչյան Արտյոմ Տիգրանի, ծնվ. 2001թ.
Չատիկյան Քերոբ Անդրանիկի, ծնվ. 2000թ.
Ավետյան Վարդան Արմենի, ծնվ. 1998թ.
Վիրաբյան Դավիթ Գարիկի, ծնվ. 2001թ.
Միքայելյան Խաչատուր Առնակի, ծնվ. 2001թ.
Ասրյան Յուրա Արշակի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Ալբերտ Արտակի, ծնվ. 2001թ.
Լալայան Հարություն Խաչատուրի, ծնվ. 2001թ.
Մարտիրոսյան Արմեն Անդրանիկի, ծնվ. 2000թ.
Մուրադյան Էդգար Մամեի, ծնվ. 2000թ.
Հակոբջանյան Արտակ Արարատի, ծնվ. 2000թ.
Գևորգյան Սամվել Համբարձումի, ծնվ. 2000թ.
Վարդանյան Սարգիս Սամվելի, ծնվ. 2000թ.
Աթոյան Արթուր Սուրենի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Հակոբ Ասատուրի, ծնվ. 1983թ.
Զքոյան Արման Մխիթարի, ծնվ. 1992թ.
Պողոսյան Արման Արկադիի, ծնվ. 2001թ.
Պետրոսյան Էդգար Սամվելի, ծնվ. 2002թ.

Մարտական գործողությունների սկզբից ի վեր զոհվել 413 զինծառայող։

11:25_ Հրթիռակոծվում են Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները: Զոհերի մասին տվյալներ դեռևս չկան, հայտնում է Ղարաբաղի ՄԻՊ-ը։

11։09_ «Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան», – հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

04:21_ Ավելի քան 10 ժամ տևած դռնփակ հանդիպման ավարտին տարածվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հայտարարությունը, որտեղ կողմերը

― Հրադադար են հաստատում հոկտեմբերի 10-ից ժամը 12:00 -ից մարդասիրական նկատառումներով ռազմագերիների փոխանակման և զոհվածների դիերի դուրսբերման համար Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան:

― Հրադադարի հստակ չափանիշները պետք է դեռ համաձայնեցվեն:

― Կողմերը հավաստում են, որ բանակցությունների ձևաչափը փոփոխության ենթակա չէ, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սկսում առարկայական բանակցություններ հիմնարար սկզբունքների հիման վրա խնդրի խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու համար:

04:15_ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը ավարտվեց։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրապարակել է կողմերի համաձայնեցված փաստաթուղթը.

______________

— Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։
― Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները տեղի կունենան Ժնևում՝ հոկտեմբերի 8-ին, և Մոսկվայում` հոկտեմբերի 12-ին։

— Հրետանակոծվում են ոչ միայն ռազմական դիրքերը, այլև՝ խաղաղ բնակավայրերը։
― Ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվում է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծումը։ Տուժել են մեծ թվով շինություններ, կան զոհեր և վիրավորներ։ Ռմբակոծվում է նաև Շուշի քաղաքը։
― Ադրեբջանը հայտնել է մի քանի բնակավայրերի, այդ թվում՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի, Մինգեչաուրի, որի մոտակայքում գտնվում է տարածաշրջանի մեծագույն ջրամբարը, և Բաքվից մոտ 100կմ հեռավորության վրա գտնվող Խըզը և Աբշերոն շրջանների ռմբակոծության մասին։ Գյանջայի (Գյանջայում տեղակայված ռազմական օդանավակայանի) ռմբակոծումը պաշտոնական Ստեփանակերտը հաստատել է, մնացածը հերքում է։ Հայաստանի ՊՆ-ն կտրականապես հերքում է նաև Ադրբեջանի այն հայտարարությունները, թե կրակը բացվել է ՀՀ տարածքից։

―Հոկտեմբերի 1-ին, 4 ԱԹՍ է ոչնչացվել Հայաստանի տարածքում, որոնցից մեկը մայրաքաղաքին մոտ Աբովյան քաղաքում։
— Զոհերի և վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ հոկտեմբերի 8-ի դրությամբ ՊՆ-ն հայտնել է 385 զոհված զինծառայողների մասին։ Ղարաբաղի ՄԻՊ-ը ավելի վաղ հաստատել էր նաև 21 խաղաղ բնակիչների մահը։ Երկու քաղաքացի մահացել է Գեղարքունիքի հրետանակոծության արդյունքում։
— Կան զոհեր և վիրավորներ։ Մարտերի մեկնարկից ի վեր, ըստ պաշտոնական Բաքվի, բնակավայրերի ռմաբկոծման հետևանքով Ադրբեջանում զոհվել է 31 քաղաքացիկան անձ, կան հարյուրից ավել վիրավորներ։
— Ռազմական զոհերի մասին Ադրբեջանը մինչ այժմ որևէ տեղեկություն չի հրապարակել:

Ավելի մանրամասն՝
հոկտեմբերի 9-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 8-ի տեքստային տրանսլյացիայում
հեկտեմբերի 7-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 6-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 5-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 4-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 3-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 2-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 1-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 29-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 28-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 27-ի տեքստային տրանսլիացիայում