Home / Բանակ / Ամերիկյան ձախերին՝ ռումբերի տակից

Ամերիկյան ձախերին՝ ռումբերի տակից

Ձեր և մեր սխալների մասին

Ապրելով հետխորհրդային աշխարհում՝ մենք շատ բաներ ենք սովորել ձեզնից։ «Մենք» ասելով՝ նկատի ունեմ ցրված, թույլ կազմակերպված կոմունիստներին, դեմոկրատ սոցիալիստներին, ձախ անարխիստներին, ֆեմինիստներին, ակտիվիստներին Կիևից, Լվովից, Մինսկից, Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և այլ վայրերից, որ այժմ վերապրում են պատերազմի ու ոստիկանական բռնության սարսափները։ Երբ մեր մարքսիստական ավանդույթը սառեց, դեգրադացվեց ու լուսանցքայնացվեց, մենք սկսեցինք «Կապիտալի» մեկնաբանությունները կարդալ անգլերենով։ Խորհրդային Միության փլուզումից հետո մենք հենվում էինք ամերիկյան գերիշխանության, կապիտալի կուտակման ձևերում նեոլիբերալ շրջադարձի և արևմտյան նեոիմպերիալիզմի ձեր վերլուծության վրա։ Մենք նաև ոգեշնչվում էինք արևմտյան սոցիալական շարժումներից՝ ալտերգլոբալիզմից մինչև հակապատերազմական շարժումներ, Occupy-ից մինչև BLM։ 

Մենք գնահատում ենք աշխարհի մեր անկյունում տեղի ունեցող իրադարձությունները տեսականացնելու ձեր փորձերը։ Դուք իրավացի եք՝ ԱՄՆ-ն օգնել է ոչնչացնել Ռուսաստանում և այլ երկրներում հետխորհրդային վերափոխումների դեմոկրատական և տնտեսապես առաջադեմ տարբերակները։ Դուք ճիշտ եք, որ ԱՄՆ-ին և Եվրոպային չի հաջողվել ստեղծել Ռուսաստանն ու այլ պոստսովետական երկրներն ընդգրկող անվտանգ միջավայր։ Մեր երկրներն արդեն վաղուց են գտնվում մի իրավիճակում, երբ ստիպված են հարմարվել, գնալ զիջումների, համաձայնել ստորացուցիչ պայմանների։ Դուք արտահայտել եք ձեր կարեկցանքը, որ սահմանակցում էր ռոմանտիզացման հետ, և մենք երբեմն արտոնել ենք դա։ 

Սակայն այսօր՝ երբ հրետակոծվում է Խարկովը, մենք տեսնում ենք ձեզնից փոխառած գիտելիքի սահմանափակությունը։ Այդ գիտելիքը ձևավորվել է ամերիկյան գերիշխանության պայմաններում, որը բախվել է ռուսական արնակարմիր գծերին։ ԱՄՆ-ն այլևս ունակ չէ առաջ մղել սեփական շահերը Ռուսաստանում և Չինաստանում, դիմակայել նրանց ռազմական ուժով, իսկ նրա տնտեսական լծակները գնալով թուլանում են։ Չնայած ձեզնից շատերի հնչեցրած կարծիքին, Ռուսաստանը դադարել է արձագանքել, հարմարվել և գնալ զիջումների։ 

Այն ազատություն է ձեռք բերել և պատրաստ է փոփոխել շրջապատող աշխարհը։ Ռուսաստանի գործիքակազմը տարբերվում է ամերիկյանից․ դրա բնույթը գերիշխանական չէ, քանի որ հենվում է ոչ թե «փափուկ» ուժի և տնտեսության, այլ հենց բիրտ ուժի վրա։ Իսկ բիրտ ուժը հզոր գործիք է, ինչպես երևում է ԱՄՆ-ի վարքից Լատինական Ամերիկայում, Իրաքում, Աֆղանստանում և ողջ աշխարհում։ Ռուսաստանը կրկնօրինակել է ամերիկյան իմպերիալիզմի ուժային ենթակառուցվածքը՝ առանց պահպանելու դրա գերիշխանական միջուկը։ 

Բայց այս նմանակումը չի նշանակում կախվածություն։ Ռուսաստանը դարձել է ավտոնոմ ագենտ․ նրա գործողությունները որոշվում են սեփական ներքաղաքական դինամիկայով, և այդ գործողությունների հետևանքներն այժմ հակասում են արևմտյան շահերին։ Ռուսաստանը փոխում է շրջակա աշխարհը՝ պարտադրելով իր կանոնները, ինչպես դա անում էր ԱՄՆ-ն, թեկուզ և այլ միջոցներով։ Դեռեալիզացիայի զգացումը, որ շատ մեկնաբաններ կիսում են – «սա մե՛զ հետ չի տեղի ունենում» – ներշնչված է այն փաստով, որ ռուսաստանյան ռազմական վերնախավերը կարողանում են պատրանքներ պարտադրել, վերածել դրանք անվիճելի փաստերի, ստիպել ուրիշներին ընդունել դրանք՝ կամքին հակառակ։ Այդ պատրանքները պայմանավորված չեն ԱՄՆ-ով կամ Եվրոպայով, դրանք ռեակցիա չեն, դրանք ստեղծագործություն են։ 

«Անպատկերացնելիին» բախվելիս, ես հետևում եմ՝ ինչպես են արևմտյան ձախերն անում այն, ինչն իրենց մոտ ամենալավն է ստացվում․ վերլուծում ամերիկյան նեոլիբերալիզմը և ՆԱՏՕ-ի էքսպանսիան։ Բայց դա դեռ քիչ է․ դա որևէ կերպ չի բացատրում աշխարհը, որն ի հայտ է գալիս Դոնբասի ավերակների և Խարկովի գլխավոր հրապարակի վրա։ Հնարավոր չէ աշխարհը համապարփակ կերպով նկարագրել՝ ներկայացնելով այն զուտ որպես ԱՄՆ գործողություններով ձևավորվող կամ դրանց արձագանքող։ Աշխարհն իր ուղիներով է շարժվում, և հենց ԱՄՆ-ն ու Եվրոպան են, որ շատ ոլորտներում գտնվում են արձագանքման ռեժիմի մեջ։ 

Ուստի ինձ ապշեցնում է, որ մեր երկրի ողբերգական գործընթացների մասին խոսելիս՝ դուք նեղացնում եք դրանք մինչև սոսկ արձագանք ձեր կառավարությունների ու բիզնես-վերնախավերի գործունեությանը։  ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մասին մենք ձեզնից իմացել ենք ամեն ինչ, բայց այդ գիտելիքը մեզ առանձնապես պետք չի գա։ Գուցե ԱՄՆ-ն է գծել սեղանի այս խաղի սխեման, բայց հիմա ուրիշ խաղացողներ են տեղափոխում խաղանիշերն ու վրայից սեփական ուրվագծերը նկարում կարմիր մարկերով։ ԱՄՆ-ակենտրոն բացատրությունները հնացած են։ Ես կարդացել եմ ձախերի բոլոր գրածներն ու ասածները ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի՝ անցյալ տարի սրված հակամարտության մասին։ Այդ մեկնաբանություների մեծ մասը սարսափելի կտրված էր իրականությունից, նույնիսկ ավելի, քան մեյնստրիմ բացատրությունները։ Նման մեկնաբանությունների կանխատեսողական ուժը զրոյական էր։ 

Ես չեմ փորձում արևմտյան ձախերին մեղադրել էթնոցենտրիզմի մեջ, ավելի շուտ՝ ուզում եմ մատնանշել նրանց հեռապատկերի սահմանափակությունը։ Պատերազմի մշուշի ու սթրեսի մեջ ավելի լավ հեռապատկեր առաջարկել ես ի վիճակի չեմ։ Հասկանալու համար, թե տեսականորեն ինչպիսին է մեր իրավիճակը, ես կոչ կանեի ականջալուր լինել մտքերին, որ հնչում են այստեղից։ US-plaining-ի [mansplaining-ի նմանությամբ – խմբ] հեռանկարն այս դեպքում այնքան օգտակար չէ, որքան դուք եք կարծում։ Մեզ նաև ուժ է պետք, որ դուրս գանք արևելյան մարքսիզմի ավերակներից և արևմտյան մարքսիզմի գաղութացումից։ Մենք սայթաքում ենք այս ճանապարհին, և դուք կարող եք մեղադրել մեզ ազգայնականության, իդեալիզմի և գավառականության մեջ։ Սովորեք այս սխալներից․ այժմ դուք նույնպես շատ ավելի գավառական եք և գայթակղվում եք դիմել պարզեցված մանիքեիզմի: 

Ձեր առջև դրված է խնդիր՝ արձագանքել մի պատերազմի, որը ձեր երկրները չեն մղում։ Հաշվի առնելով վերը ուրվագծված տեսական փակուղիները՝ հակապատերազմական ուղերձ ձևակերպելու պարզ ձև գոյություն չունի։ Լրիվ պարզ է միայն մեկ բան․ դուք կարող եք օգնել պատերազմի հետևանքները հաղթահարելու հարցում՝ աջակցություն ցուցաբերելով Ուկրաինայի փախստականներին՝ անկախ իրենց մաշկի գույնից ու անձնագրից։ Դուք կարող եք ճնշում գործադրել ձեր կառավարության վրա, որ չեղարկի Ուկրաինայի արտաքին պարտքն ու հումանիտար օգնություն տրամադրի։

Թույլ մի տվեք, որ «հում» քաղաքական դիրքորոշումները փոխարինեն իրավիճակի վերլուծությանը։ Նախազգուշացումը, որ գլխավոր թշնամին ձեր երկրում է գտնվում, չպետք է վերածվի միջիմպերիալիստական պատերազմի կեղծ վերլուծության։ Այս փուլում ՆԱՏՕ-ն կազմաքանդելու կամ հակառակը՝ Դաշինք նոր անդամներ ընդունելու կոչերը չեն օգնի Ուկրաինայում՝ ռումբերի տակ, իսկ Ռուսաստանում ու Բելառուսում՝ բանտախցերում մահացողներին։ Դատարկ կարգախոսներ թափահարելն առավել վտանգավոր է, քան երբևէ։ Պիտակել ուկրաինացիներին կամ ռուսներին որպես ֆաշիստ նշանակում է խորացնել խնդիրը, այլ ոչ թե աշխատել դրա լուծման ուղղությամբ։

Ռուսաստանի շուրջ ձևավորվում է նոր, ավտոնոմ իրականություն, ավերիչ իրականություն, բիրտ բռնաճնշումների իրականություն, իրականություն, որտեղ ուրվագծեր է ստանում միջուկային հակամարտությունը։  Մեզնից շատերը հաշվի չառան այն միտումները, որ հանգեցրեցին նման դրության։ Պատերազմի մշուշում մենք ունակ չենք հստակորեն տեսնելու նոր աշխարհի ուրվագծերը։ Ամերիկյան և եվրոպական աշխարհներն այն նույնպես չեն տեսնում։

Այս իրականության մեջ մենք՝ պոստսովետական ձախերս, կունենանք անհամեմատելիորեն ավելի քիչ կազմակերպչական, տեսական և ուղղակի կենսական կարևոր ռեսուրսներ։ Առանց ձեզ մենք հազիվ թե գոյատևենք։ Առանց մեզ դուք կմոտենաք անդունդին։ 

Վոլոդիմիր Արտյուխ
ուկրաիներեն բնագիրը՝ «Спільне» ամսագրում