Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում երեք ցուցահանդես կար: Մինչ դրանց անդրադառնալը, ասեմ որ այսպիսի ակտիվությունը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում չափազանց գովելի և տպավորիչ է: Կենտրոնը այսօր կարծես փորձում է վերածվել արվեստային ապրող մի կարևոր միջավայրի, որտեղ ցուցադրվում են մինչև անգամ ամենաերիտասարդ հայ արվեստագետները: Կարևոր է հատուկ նշել այն, որ Արվեստի կենտրոնում չեն սահմանափակվում ցուցադրություններն ու դրանց ձևերը, թե բովանդակության թե մեթոդի առումով և այս երեք ցուցահանդեսների մեկտեղումը կենտրոնում հենց դրա վառ օրինակն է:
Թերեզա Միրզոյան
Նախորդ դարի՝ Սովետական Հայաստանի քանդակագործ, ծնված Սովետի ակունքներում՝ 20-ականներին: Միրզոյանը, բավականին զուսպ է և համարձակ իր արվեստում, հավակնոտ, հետաքրքիր են հատկապես մոնումենտալ աշխատանքները: Նրա ստեղծագործական կյանքում գերակայում են Ազգային Մոդեռնիզմ կոչվածին հատուկ թեմատիկ և էսթետիկ պատկերացումները: Մայրության մասին նրա ցուցադրված գործերի ոչ բոլորն էին տպավորիչ, թե ոճի և թե բովանդակության առումով, սակայն որոշները ակնհայտ առանձնանում էին կամ տպավորում: Ընդհանուր ցուցահանդեսի գործերից կարելի էր նկատել մարդու մարմնի հետ ազատ աշխատելու Թերեզայի կարծես էդպես էլ ամբողջովին չիրականացված ցանկությունը: Հաճելի էր Ռեալիստական Արվեստի փոքրիկ ազդեցությունները: Իհարկե Թերեզայի մեծագույն խնդիրը կարծես ազգային ոճ ստեղծելու կամ այն հաստատելու հրամայական էր, ինչը բավականին արդի խոսակցություն էր ժամանակի արվեստում: Ազգային Մոդեռնիզմ կոչվածի որոշ անկյուներում կարելի է նկատել թե ինչպես է ազատական գաղափարի մեծագույն դրսևորումներից մեկի՝ Մոդեռնիզմի տարածականությունը հայկական դաշտում վերածվել դոգմատիկ սիստեմատիկ մի մտածողության, որը կարծես դոգմատիկացվել է արվեստային տարբեր կառույցների ձեռքերով, և ոչ ֆոռմալ խմբերի սեփական դոմինանտությունը ցույց տալու և պահպանելու համար: Նախադեպ, որը փորձ է արվում կենդանի պահել անգամ այսօր, որոշ դեպքերում նույնատիպ որոշ դեպքերում տարբերվող ձևերով և/կամ “գաղափարներով”։ Արվեստը ինքնաբավ է և էս դեպքում կարևոր է հասկանալ, որ Մոդեռնիզմ-ը նաև դրա մասին է։ Էս առումով հետաքրքիր են Միրզոյանի հավակնությունները օգտագործելու Արվեստում սեփական ազատությունները, Արվեստ-Արվեստ հարաբերությունների առկայության միջոցով փորձելով աշխատել և անդրադառնալ վերածննդից միչև ռեալիզմ ու մոդեռնիզմ։ Նաև հետաքրքիր են նրա սոց-ռեալիստական գործերը։
Ֆեմինիզմ, ՄԱՐՄԱիրաԿԱՆ
Ցուցահանդեսի գործերի և դրանց մեթոդների շրջանակը բավական լայն է, վիդե-ֆոտո արտից մինչև ասեղնագործություն և մոնումենտալ քանդակագոծության հավակնություն: Ֆոտո-շարք, վիդեոարտ-եր, մեկ և կես մետրանոց կտորե, ասեղնագործած վագինաներ, երեք կտավ և երկու քանդակ: Վիդեոարտ-երը տպավորիչ էին։ Դրանք երկուհազարականների գործեր էին, ժամանակներ, որոնք համարվում են Հայաստանում կնոջ, որպես արվեստագետի, ազատականացման սկզբնական շրջան: Գործերից մեկը Կարինե Մացակյանինն էր, վերաբերվում էր գեղեցկության ստանդարտներին, իսկ մյուսը՝ Լուսինե Թալալյանինը ցուցադրում էր երկու մերկ կնոջ կողմից մայր-իշխանական ժամանակների ինչ-որ ծեսի իրականացում: Լուսանկարչական շարքում մերկ կին էր՝ արվեստագետը, ում մարմնին քաղաքային շենքերի պռոյեկցիաներ էին: Շենքերը տղամարդ ճարտարապետների կողմից գծված շենքեր էին, իսկ արվեստագետի գործը իր կարծես մոռացված ներկայության սիմվոլն էր, կոչվելով “Ես այստեղ եմ՝ քաղաքում”: Երեք գործն էլ բավական հետաքրքիր էին, Կարինե Մացակյանը սիրելի արվեստագետ է, երկրորդ վիդեոն տպավորիչ էր, թե բովանդակության թե մեթոդի առումով, իսկ լուսանկարչական շարքը տպավորեց մեկ երկու լուսանկարի պատճառով, որոնք առանձնանում էին շարքից լուսանկարչական մտածողության տեսանկյունից, ի ցույց դնելով կնոջ՝ արվեստագետի վճռականությունը, ապահովելու իր ներկայությունը այստեղ՝ քաղաքում: Ինչպես նշված էր ցուցահանդեսի արվեստաբանի տեքստում, 2000-երը դրանք ժամանակներ էին երբ կնոջ մարմինը, տղամարդկանց արվեստում ներկա գտնվելուց բացի սկսեց հայտնվել նաև հենց կին արվեստագետների գործերում, հիմնականում սեփական մարմնի պատկերման տեսքով: Հոդվածը բավականին հետաքրքիր էր, կային հետաքրքիր անդրադարձեր կին արվեստագետների կողմից սեփական մարմնի անկաշկանդ օգտագործման, ինչպես նաև դրա ֆեմինիստական և ազատական գաղափարին: Իհարկե շատ տպավորիչ և համոզիչ էին գործերից ոմանք, հատկապես տեքստի առկայության պարագայում, սակայն անչափ անհասկանալի էր ցուցահանդեսի մուտքի առաջ փակված 18+ ցուցանակը։ Ըստ տեքստի, 2000-ականների այդ շրջանը առանձնահատուկ էր հենց այն պառճառով, որ կին արվեստագետները ի վերջո սկսեցին անկաշկանդ սեփական մարմինը, ծառայեցնելով այն արվեստային նպատակին։ Իսկ ինչո՞ւ են այսօր, նույն արվեստագետների նույն գործերը ցուցադրվում անազատ և կաշկանդված բարդ է ասել: Արդյոք տարիքային սահմանափակման ցուցանակի ներքո այդպիսի գործերի ֆոնին այդ տեքստը տարօրինակ փորձ չէ ապրեցնելու փոքրիկ ցուցանակով արդեն իսկ սպանված գաղափարը։ Ի վերջո ի՞նչ է այդ ցուցահանդեսի համատեքստում կնոջ մարմինը: Սխալ չի լինի պնդել, որ այս համատեքստում դժվար է հասկանալ ցուցահանդեսը, ծայրահեղ լինելու դեպքում կարելի է դրան պիտակավորել որպես պոռնոթատրոն։ Դա իհարկե ցավալի է, հատկապես հաշվի առնելով ցուցադրվող արվեստագետներին: Ենթադրությունը մեկն է, արվեստագետները գործնական առումով դեռ չեն կարողացել ազատել սեփական մարմինը, այդպիսով նաև սեփական անձը սեռական գերությունից, այդպիսի ընկալումներց։ Կարծում եմ, որ անկախ համգամանքներից արվեստագետը պետք է հետևողական լինի սեփական գաղափարներին, հատկապես ցուցադրվելուց, աչքաթող չանելով ամենափոքր թվացող, սակայն կարևոր դետալները։
Ցուցահանդեսում շատ տպավորիչ էին երկու քանդակները: Մեկը վեներայի գիպսե կիսանդրին էր, պատված սպիտակ, կարմիր կետերով ծածկված, էմալով կամ գլազուրով, որը տեղ տեղ պոկված էր՝ քերված, հենց արվեստագետի կողմից: Երկրորդը մոնումենտալ քանդակի չափազանց հետաքրքիր գիպսե փոքր էսքիզ էր, որի քառակուսե դետալին արվեստագետի դիմաքանդակն էր։ Իհարկե պետք է նշել որ այս քանդակները ամենատպավորիչն էին, նույնիսկ ոգևորող։ Այստեղ կարծես ֆեմինիստական գաղափարն արդեն իրողություն է, իսկ արվեստագետները այդ իրողությունը լավագույնս իրացնողները: Կինը, որպես արվեստագետ, հենց այս քանդակներով մուտք է գործում արվեստային մեկ այլ հարթություն, որտեղ նա ռեալիզացնում է իր դերը որպես մտավորականի, արդեն իսկ համամարդկային կարևորագույն հարցերին կերպարային բավական տպավորիչ լուծումներ առաջարկելով: Մի բան հստակ է, ֆեմինիստական գաղափարը մեծամասամբ այլևս իրողություն է, և թերևս ֆեմինիզմի մեծագույն պաշտպանները՝ ես ինքս նաև, պետք է տեր կանգնենք այդ իրողությանը, լավագույնս ռեալիզացնելով ֆեմինիստական հեղափոխականների ստեղծած հնարավորությունները ոչ միայն կնոջ այլ ողջ մարդկության այդպիսով և Արվեստի համար: Կինը պետք է օգտագործի սեփական հնարավորությունները, աշխատի ստեղծի և ծառայեցնի սեփական ունակությունները հանրությանն ու մարդուն, այդպիսով իսկ տեր կանգնելով ֆեմինիստական հեղափոխությանը: Հետաքրքիր էին նաև ասեղնագործած վագինաները:
***
Վերջին ցուցահանդեսը Լեո Լեո Վարդանյանի շարքի ցուցադրությունն էր: Փայտե մակերեսին նկարված հարթությունները, որոնք հետո այրվել էին պատուհանաձև ֆորմայով բավական հետաքրքիր էին ինչպես կերպարային այնպես էլ նկարչական տեխնիկայի առումով: Առաջին հայացքից աբստրակտ թվացող գործերը սյուրեալիստական հետաքրքիր տպավորություն էին թողնում, իսկ կրակների, մրերի և այրվածքների առկայությունը արդեն մի նոր՝ մետաֆիզիկ հարթություն էր բացում դիտորդի համար. պատուհանններ, հրեր, հարթություններ: Ասես կանգնած, դադարած ժամանակի շարժն էր կտավներում։
Ինչ է արվեստը, որտեղից է սկսվում, որտեղ ավարտվում, ում համար և ինչու, շատերին բարդ է ասել։ Հիմա ասես դա հասկանալու մի շրջան է։ Շատ հաճախ պատասխանը պետք է փնտրել ոչ թե ներկայում այլ անցյալում ևս, նույնիսկ շատ ավելի վաղ անցյալում քան կարելի է պատկերացնել։ Ինչևէ։
Աշոտ Փ.