Home / Հայաստան / Թուրք-հունական վեճը՝ մերկ գաղթականների ֆոնին

Թուրք-հունական վեճը՝ մերկ գաղթականների ֆոնին

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը «խորապես մտահոգված» է թուրք-հունական սահմանին շուրջ հարյուր մերկացված գաղթականների հայտնաբերմամբ։ «Մենք դատապարտում են այս դաժան և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը և կոչ են անում լիարժեք քննություն իրականացնել», – հայտարարել է ՄԱԿ-ը։

Հույն սահմանապահները՝ Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործակալության (Frontex) աշխատակիցների հետ համատեղ, Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում ուրբաթ օրը հայտնաբերել են ավելի քան 90 փախստականների։

Ոստիկանները պնդում են, որ միգրանտները՝ հիմնականում Աֆղանստանից և Սիրիայից, ռետինե նավակներով հատել են Էվրոս (թուրքերեն՝ Մերիչ) գետը՝ Թուրքիայից գաղթելով Հունաստան։ Թուրքական կողմը պնդում է, որ միջադեպի հետ որևէ առնչություն չունի։

«Սահմանապահները․․․ հայտնաբերել են 92 անօրինական միգրանտների, բոլորը՝ առանց հագուստի։ Նրանց մի մասի մարմիններին վնասվածքներ կային», – ասված է հունական կողմի տարածած հաղորդագրությունում։

Աթենքը հավաստիացրել է, որ բոլոր տղամարդկանց հագուստ, սնունդ և առաջին օգնություն է տրամադրվել։ Թե ինչու էին նրանք մերկ՝ հայտնի չէ։

Աթենքը մեղադրում է Անկարային, Անկարան՝ Աթենքին․ Frontex-ը արդարանում է

Հունաստանի՝ Քաղաքացիների պաշտպանության նախարարության ղեկավար Տակիս Թեոդորիկակոսը Թուրքիային մեղադրել է սեփական շահերը սպասարկելու համար «անօրինական միգրանտներին» օգտագործելու մեջ։

Ըստ նրա՝ փախստականներից շատերը Frontex-ի աշխատակիցներին պատմել են, որ իրենց սահմանային Էվրոս գետի մոտ են բերել «թուրքական բանակի երեք մեքենաներով»։

Ավելի վաղ Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին գրել է, թե Թուրքիայի վերաբերմունքը փախստականներին «խայտառակություն է քաղաքակրթության համար»։ Նախարարը հավելել է՝ Աթենքը ակնկալում է, որ Անկարան կհետաքննի միջադեպը և կապահովի «ԵՄ-ի հետ իր սահմանի» անվտանգությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Եվրամիության արտաքին սահմանների օպերատիվ կառավարման գործակալության՝ Frontex-ի հետ կապված արտահոսքի ֆոնին։

Օրեր առաջ հանրայնացվել էր ԵՄ չինովնիկների զեկույցը, ըստ որի՝ Frontex-ի առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ անօրինական միգրանտներին գաղտնի կերպով Հունաստանից վտարում են Թուրքիա։

Հունաստանը սա հերքել է։ Frontex-ից հավաստիացրել են, որ այս պրակտիկան մնացել է անցյալում։

Թուրքիան, իր հերթին, Հունաստանին մեղադրել է «դաժանությունների» մեջ և հայտարարել՝ Անկարային ուղղված մեղադրանքները «ֆեյք են»։

Դեռևս սեպտեմբերին՝ ՄԱԿ-ում ընթերցած իր ելույթում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հունաստանին մեղադրել էր միգրացիայի հարցով «բռնակալական քաղաքականություն» որդեգրելու և Էգեյան ծովը «գերեզմանոցի» վերածելու մեջ։

Այժմ Թուրքիան հայտարարում է, որ «անմարդկային այս իրավիճակի» հիմնական մեղավորը հենց Աթենքն է։

«Կեղծ լուրերի հունական մեքենան կրկին գործի է դրվել», – գրել է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդակցության բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը։ Աթենքին նա մեղադրել է նաև փախստականների լուսանկարները հրապարակելու, դրանով իսկ՝ նրանց իրավունքները ոտնահարելու մեջ։

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակն էլ հայտարարել է, որ «խորապես մտահոգված է շոկային հաղորդումներով և պատկերներով»։ ՄԱԿ-ից հավելել են, որ փախստականների հետ ուղիղ զրույցել դեռևս չի հաջողվել։

Միգրացիոն ճգնաժամ

Սիրիական ճգնաժամից հետո ԵՄ երկրները բավականին կոշտ միգրացիոն քաղաքականություն են որդեգրել․ փախստականներին ապաստան տրամադրելու հարցում Եվրամիությունը նախընտրում է ֆինանսապես «օգնել» Թուրքիային՝ սեփական դռները պահելով հնարավորինս փակ։

Սիրիայում պատերազմող Թուրքիան ամենաշատ սիրիացի փախստական ընդունած երկիրն է։ Եվրամիության և Թուրքիայի միջև 2016 թվականին համաձայնագիր է ստորագրվել, որով (միլիարդավոր եվրոների օգնության դիմաց) Անկարան համաձայնել է զսպել միգրանտների հոսքը դեպի Եվրոպա:

Վերջին տվյալներով, Թուրքիայում շուրջ 4 միլիոն փախստական է ապրում (3․7 միլիոնը՝ Սիրիայից)։ Թուրքիայում սա ներքաղաքական լարվածության օջախներից մեկն է համարվում, ընդդիմությունը սպառնում է փախստականներին վտարելով, նույնաբովանդական սպառնալիքներ են հնչում նաև իշխանական ճամբարից։ Պարբերաբար նաև հարձակումներ են լինում։ Փախստականներից շատերն առ այսօր պահվում են անմարդկային պայմաններում։

2015-2016 թվականների միգրացիոն ճգնաժամը հարվածել է նաև Հունաստանին։ Հունաստան է եկել ավելի քան 1 միլիոն սիրիացի, իրաքցի, աֆղանցի փախստական, հիմնականում՝ Թուրքիայի տարածքից։

Ամեն տարի հարյուրավոր փախստականներ են զոհվում՝ փորձել անօրինական կերպով հատել ԵՄ երկրների սահմանները։ Հունաստանը տարիներ առաջ 40-կիլոմետրանոց պատ է կառուցել Թուրքիայի հետ հյուսիսային սահմանի երկայնքով, անցյալ տարի Իրանի հետ սահմանին պատ էր կառուցում նաև Թուրքիային։

Տե՛ս նաև․

Բոլորը հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են․ Արևմուտքի երկակի ստանդարտները

Թուրքիայի ազգայնականները հարձակվում են փախստականների վրա

Պանդեմիան բարդացրել է փախստականների վիճակը․ բախումներ Հունաստանում և Թուրքիայում
Հունաստանում փախստականներին արգելում են հեռանալ այրված ճամբարից
Թուրքիան շարունակում է ահաբեկել փախստականներին

Բուլղարիան բռնի ուժով աֆղան փախստականներին հետ է քշում Թուրքիա

Բելառուսը ԵՄ-ից մուռ է հանում միգրանտներով․ կան զոհեր
Լեհ-Բելառուսական սահմանի հիբրիդային պատերազմը․ միգրացիոն ճգնաժամի բեմադրություն
․․․