Home / Մշակույթ / Բարի գրաքննիչներ և չարամիտ գրողներ

Բարի գրաքննիչներ և չարամիտ գրողներ

Հայաստանում քիչ է խոսվում խորհրդային գրաքննության մասին։ Կան բազմաթիվ գրքեր և հոդվածներ հայ գրականության վրա ցարական գրաքննության ազդեցության մասին, որոնց հիմնական մասը տպագրվել է խորհրդային տարիներին, բայց չկա համակարգված անդրադարձ խորհրդահայ գրաքննությանը, էլ չեմ ասում՝ գիտական հետազոտություն։

Հայկական մտավորականությունը դժկամությամբ է ընդունում խորհրդային մշակութային քաղաքականության քննադատությունը, այն համարելով ընդհանուր առմամբ դրական։

Հանրագիտարանում ասվում է․ «Խորհրդային կարգերի հաստատման առաջին օրերից ՀԽՍՀ-ում սահմանվել է պարբերական մամուլի խստագույն գրաքննություն ․․․»։ Հաջորդ պարբերությունում ասվում է․ «Չնայած այս շրջանում գրքերը ենթարկվել են խիստ գրաքննության, այդուհանդերձ, ստեղծվել է բարձրարժեք տպագիր գրաֆոնդ, տպագրվել են հայ և համաշխարհային (թարգմանաբար) դասականների բազմահատոր ու հատընտիր երկեր, ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, մանկական պատկերազարդ գրքեր, գիտական և գրաքննադատական աշխատություններ ․․․»։

Այս «չնայածը» կարելի է հասկանալ ուղղակի՝ պետք չէ փորփրել գրաքննության պատմությունը, հարկավոր է նայել իրավիճակին պոզիտիվ։

Այսպիսով, ժամանակակից Հայաստանում կարելի է տեսնել երկակի վերաբերմունք․ լիբերալ՝ գրաքննությունը սահմանափակում է խոսքի ազատությունը և խախտում մարդու հիմնարար ազատությունը, մյուսը՝ պահպանողական՝ չափավոր գրաքննությունը արդարացված է հասարակության ինքնապաշտպանության համար։ Կարծում եմ, երկրորդ տեսակետը այժմ գերիշխող է, հատկապես համացանցում գրաքննություն ներդնելու ակտիվ փորձերի լույսի ներքո։ Հին ու նոր գրաքննությունները հանդիպում են և գրաքննության մասին «համակողմանի» քննարկումը դառնում է անհնար։

«Համակողմանի» ածականը վերցրել եմ չակերտների մեջ նրա ակնհայտ պահպանողական շեշտադրման համար։ Սա նշանակում է, որ գերիշխողը մանիքեյական մոտեցումն է, երբ կա պայծառ կողմը՝ ստեղծագործողները, և խավարի ուժերը՝ ներկայացված մասնավորապես գրաքննիչներով՝ ցենզորներով։

Հոգեվերլուծության մեջ ցենզուրա՝ գրաքննություն է անվանվում հոգեկան այն ատյանը, որը արգելափակում է անգիտակցական ազդակները։ Ըստ Զ․ Ֆրեյդի․ «Ինքնահսկման այս ատյանը մեզ հայտնի է որպես էգոի գրաքննիչ, որպես բարոյական գիտակցություն. հենց նա է գիշերները գրաքննում մեր երազները, հենց նա է ճնշում անընդունելի ցանկությունները»։ Հոգեբանական ցենզուրայի գաղափարը նա հղացել է 1897 թ․ ցարական ցենզուրայի խիստ տպավորությամբ․ «Երբևէ տեսե՞լ եք սահմանին ռուսական գրաքննության ենթարկված արտասահմանյան թերթ: Բառեր, դարձվածքներ, ամբողջ պարբերություններ ջնջված են այնպես, որ մնացածը հասկանալը լրիվ անհնար է»։ Գրաքննության՝ ցենզուրայի գաղափարը հետագայում Զ․ Ֆրեյդը զարգանում է «Երազների մեկնաբանության» մեջ։

Հոգեվերլուծության առաջադրած ներքին ցենզորի գաղափարը խիստ կարևոր էր ամբողջատիրական հասարակությունների քննադատության համար։ Խորհրդային Միությունում կամ նացիստական Գերմանիայում պետությունը կարողացավ ստեղծել սեփական ներքին գրաքննիչին և իրեն ենթարկել հասարակությանը։

Բայց նույնիսկ հիմա խիստ արդիական է ներքին ցենզորի գաղափարը։ Համարվում է, որ ներքին գրաքննիչը նպաստում է հարմարվողական պահվածքին և խանգարում է մտքերի և զգացումների արտահայտմանը, բայց՝ արդեն սպառողական հասարակության պայմաններում։

Գրաքննության՝ ցենզուրայի ամենատպավորիչ օրինակները հետազոտողները գտնում են խորհրդային հասարակությունում։ Ոչ միայն այն պատճառով, որ գաղափարական գրաքննությունը խիստ էր։ Ներքին գրաքննիչը լրացնում էր պետական գրաքննիչին, իսկ դա լուրջ խոչընդոտ էր ազատ գիտական, գրական և գեղարվեստական ստեղծագործության համար՝ առաջացնելով ներքին պառակտում գիտակցության մեջ։

Կար այսպիսի անեկդոտ․ սովետական մարդուն արևմտյան թղթակիցը հարցնում է տարբեր խնդիրների մասին։ Խորհրդային մարդը միօրինակորեն պատասխանում է․ «Ես համաձայն եմ կուսակցության տեսակետի հետ»։ Շփոթված լրագրողը հարցնում է․ «Իսկ դուք ունե՞ք սեփական տեսակետ»։ «Ունեմ, – անվրդով պատասխանում է խորհրդային մարդը, – բայց նրա հետ համաձայն չեմ»։

Ստեղծագործողը հարմարվում էր պաշտոնական գաղափարախոսությանը՝ նախապես կանխատեսելով, որ իր գրվածքը չի կարող ընդունելի լինել իշխանությունների համար և միևնույն ժամանակ հասկանալով իր ստեղծած հարմարեցված ստեղծագործության անխուսափելի թերարժեքությունը:

Խորհրդային գրականության օրինակով կարելի է ցուց տալ, որ ծայրահեղականության հասցրած կոնֆորմիզմը կարող է դեգրադացնել անհատականությունը, դարձնել կեղծավոր, երկերեսանի․ երբ կուսակցությունը պատվիրում է պայքար ազգայնականության դեմ, նա այնտեղ առաջամարտիկ է, երբ ազգայնականությունը մեյստրիմ է՝ պայքարում է ապազգային տարրերի դեմ։

Խորհրդային Միությունում տարբեր ժամանակ արգելքի տակ են եղել հոգեվերլուծությունը, քվանտային տեսությունը, գենետիկան, կիբեռնետիկան, էլ չեմ ասում սոցիոլոգիայի և փիլիսոփայության բազմաթիվ ուղղություններ։ Սոցռեալիզմի օրենքները խիստ սահմանափակում էին այնպիսի ժանրերի զարգացումը, ինչպիսին էին դետեկտիվը, ֆանտաստիկան, մոդեռնիստական և ավանգարդ գրականությունը ու արվեստը։ Հետխորհրդային բացահայտումների շնորհիվ մեզ հայտնի են այն գրքերը, որոնք անխնա աղավաղվել են խորհրդային գլավլիտի կողմից։ Կան գրքեր, որոնք անավարտ են մնացել։ Կան նաև գրքեր, որոնք չեն գրվել, որովհետև գրողը համարում էր, որ իզուր է դրանք գրել։

Բայց գրաքննությունը Լենինը կամ Ստալինը չեն հնարել։ Այն կրոնի և պետության պատմության անքակտելի մասն է։

Կարծում եմ՝ ուղիղ իմաստով գրաքնությունը սկզբնավորվել է կրոնի հետ։ Եթե դիմենք հայկական պատմությանը, ապա ամենատպավորիչ անունը ս․ Հովհան Օձնեցի կաթողիկոսն է։ Ըստ Մ․ Օրմանյանի․ «Իսկ կրօնական տեսակէտէն Օձնեցին խստիւ հետապնդեց, ջնջել եւ վերցնել քաղկեդոնիկ դաւանութեան եւ յունական ծէսին համակերպութիւնները, որք տեղ տեղ մտած էին բիւզանդական տիրապետութեան եւ Եզրի բռնադատեալ զիջողութեան ժամանակէն, եւ կը շարունակէին անոր յաջորդներուն ատեն ալ»։ Իսկ սա նշանակում է նաև քաղկեդոնական ոգով գրված գրքերի ոչնչացում։ Լեոն բերում է ժողովրդական ավանդությունը, ըստ որի Օձնեցին հավաքեց Հայաստանի բոլոր հույն եպիսկոպոսներին և հայրապետերին և խաշել տվեց պղնձի մեջ։ Ի՜նչ չես անի արաբ տիրապետողներին հաճոյանալու համար։

Տպագրության գյուտի հետ աճում է նաև ցենզուրայի դերը։ Պավել 4-րդ Պապի օրոք՝ 1557 թվականին, հրատարակվեց «Արգելված գրքերի ինդեքս» աշխատությունը, որը նախատեսված էր ինկվիզիցիոն դատարանների համար։ Այս ցուցակը բեկանվեց միայն 1966 թվականին։ Իսկ 1571 թվականին պապ Պիյ 5-րդը հաստատեց Congrecatio Indicis-ը, որի համաձայն՝ եկեղեցուց վտարման սպառնալիքով ոչ մի կաթոլիկ իրավունք չունի իր մոտ պահել կամ կարդալ վերոնշյալ ցուցակի գրքերը։ Եկեղեցական գրաքննության կրակներով հաճախ այրվում էին ոչ միայն արգելված գրքերը, այլև դրանց հեղինակներին։

Բացարձակ միապետության ժամանակ, երբ բռնության մենաշնորհը անցնում է պետությանը, գրաքննությունը ևս դառնում է պետության մենաշնորհը։ Նոր ժամանակներ, նոր գրաքննություն։

Տպագրության դարաշրջանում գրքի կենսագրությունը փոխվում է, փոխվում է նրա կենասաշրջանը։ Այդ շրջանը ձգվում է հեղինակից մինչև հրատարակիչ, գրավաճառ և ընթերցող։ Ընթերցողը փակում է շղթան, քանի որ այն ազդում է հեղինակի վրա թե՛ ստեղծագործության ստեղծումից առաջ, թե՛ դրանից հետո։ Այն շրջան է նաև, որովհետև այնուհետ հեղինակն ինքն է դառնում ընթերցող։ Պատմաբան Ռ․ Դարնթոնը նշում է․ «Ընթերցանության և այլ ընթերցողների և գրողների հետ հարաբերությունների միջոցով նրանք ձևավորում են ժանրի և ոճի հասկացությունները, ինչպես նաև գրական գործունեության ընդհանուր պատկերացում, որն ազդում է նրանց տեքստերի վրա։ Գրողը կարող է իր գրածով պատասխանել իր նախորդ ստեղծագործության քննադատությանը կամ կանխատեսել, թե ինչպիսի արձագանքներ կառաջացնի իր տեքստը: Նա խոսում է ապագա ընթերցողների հետ և լսում իրական գրախոսների»։

Հարվարդի պրոֆեսոր Ռոբերտ Դարնթոնը այն հետոզոտողներից է, որ կարողացել է ձևավորել նոր մոտեցումներ գրաքննության պատմության նկատմամբ։ Հատկապես գրաքննության երևույթին է նվիրված նրա «Գրաքննիչները աշխատելիս. Ինչպես է պետությունը ձևավորում գրականությունը» գիրքը։

Այդ գրքում Ռ․ Դարնթոնը խուսափում է գրաքննության մասին հրապարակախոսական մոտեցումից, երբ ցանկացած տեղական՝ ազգային և այլ համատեքստում այն ​​ընկալվում է միայն որպես ոտնձգություն խոսքի ազատության դեմ և բացարձակ չարիք։

«Գրաքննիչները աշխատելիս» գիրքը ներկայացնում է պետական գրաքնության երեք դեպք։

Գրքի առաջին մասում՝«Բուրբոնների Ֆրանսիան. արտոնություններ և բռնաճնշումներ», հեղինակը ներկայացնում է 18-րդ դարի Ֆրանսիայում գրաքննության աշխատանքը։ Երկրորդում՝ «Բրիտանական Հնդկաստան. լիբերալիզմ և իմպերիալիզմ», անդրադառնում է 19-րդ դարի Հնդկաստանում բրիտանական իշխանությունների և տեղի բնակչության հարաբերություններին։ Երրորդում՝ «Կոմունիստական ​​Արևելյան Գերմանիա. պլանավորում և պատիժ», հետազոտում է 20-րդ դարի երկրորդ կեսին ԳԴՀ-ում գործող գրաքննության ինստիտուտը։

Ֆրանսիական փորձի անաչառ ուսումնասիրությունը Դարնթոնին դրդում է ձևակերպել արժեքավոր դիտարկում. նախահեղափոխական Ֆրանսիայում գրաքննիչները բարձր էին գնահատում գրքերի ոճն ու գրական արժանիքները և, հավանաբար, ավելի շատ մտահոգված էին հրատարակչական գործընթացի այս կողմով, քան խռովության որոնումներով։ Այսպիսով, Լուսավորության դարաշրջանի ֆրանսիացի գրաքննիչներին քիչ էին մտահոգում փիլիսոփայական, ըմբոստ և ազատատենչ գաղափարները. նրանց աչքում շատ ավելի վտանգավոր էին «այլաբանությունները» և անթաքույց կրոնական քարոզչությունը:

«Այլաբանությունները» դրանք «բանալիով» վեպերն էին, այսինքն՝ իրական անձինք, ընդհուպ թագավորական ընտանիքը, հորինված անուններով դուրս են բերված անհաճո լույսի ներքո, իսկ նրանց իսկական անունները բացահայտվում էին կից «բանալիի» միջոցով։

Կոնկրետ օրինակների վրա հետազոտողը ցույց է տալիս, թե ինչպիսի բարդ խաղ էր ընթանում հեղինակների, հրատարակիչների և գրաքննիչների միջև տպագրության համար պարզ թույլտվություն՝ «արտոնություն» ստանալու համար:

Բայց գրաքննիչը մնում է գրաքննիչ։ Նրանք ակտիվորեն համագործակցում էին ոստիկանության հետ, և Դարնթոնը բացահայտում է ոստիկանական բռնաճնշումների տարբեր զոհերի անունները` գրավաճառներից մինչև գրողներ: Գրաքննիչները փնտրում և գտնում էին «վատ գրքերի» պահեստները, առգրավում դրանց տպաքանակը և կալանավորում, հարցաքննում, բանտարկում հրատարակիչներին և տարածողներին:

Այս օրինակները օգնում են տեսնել, թե ինչպես է պետությունը փորձում վերահսկել գրական աշխարհը։ Ֆրանսիական փորձի մանրակրկիտ ուսումնասիրությունը առաջացնում է գրաքննության պատմությունը հասկանալու երկու եղանակ:

Գրաքննությունը նեղ իմաստով, ըստ էության, գրաքննիչների գործն է։ Լայնորեն՝ «գրականության պատմության ըմբռնումն է, այն մեկնաբանելը որպես հասարակական կարգի մեջ ներկառուցված մշակութային համակարգի մաս»:

Երկրորդ մոտեցումը Ռոբերտ Դարնթոնին ավելի արդյունավետ է թվում, և նա ձգտում է կիրառել հենց այն։

Բրիտանականը մեկ այլ տիպի գրաքննության պատմություն է։ Բրիտանիայում չկար նախնական գրաքննություն, սակայն հրատարակիչներին և հեղինակներին պատժելու կառավարության քաղաքականությունը, ըստ էության, «բռնադատման և ճնշելու» փորձված մեթոդ էր:

Իմպերիալիզմի և լիբերալիզմի միաձուլման հակասությունն այն էր, որ բրիտանացիները փորձում էին պահել իրավական ձևականությունները, ցույց տալ իրենց և բնիկներին, որ արդարամիտ են:

Հավանաբար մեր համար առանձնահատուկ կարևոր է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության դեպքը, քանզի այն, ինչպես Խորհրդային Միությունը, ամբողջատիրական երկիր էր։ Հեղինակը արխիվային փաստաթղթերի հիման վրա վերակառուցում է պետական ​և կուսակցական մարմիններում գրաքննության ողջ բարդ համակարգը։

Ռ․ Դարնթոնը դրսևորում է նախանձելի լայնախոհություն, երբ գովաբանում է գրաքննիչներին. «Նրանք մեծ ուշադրություն էին դարձնում ձեռագրերի գեղագիտական որակներին և սերտորեն համագործակցում էին հեղինակների հետ՝ ոճը հղկելու և սյուժեն կատարելագործելու համար»:

ԳԴՀ-ում ամենաբարձր մակարդակով փոխանակված փաստաթղթերը վկայում են, որ գրաքննությունը չի սահմանափակվել միայն գրաքննիչների աշխատանքով։ Այն ներթափանցել է գրական կյանքի բոլոր կողմերը՝ ընդհուպ մինչև հեղինակի սեփական մտքերը և նրա առաջին հանդիպումը խմբագրի հետ: ԳԴՀ-ի 80- ականների ամենահայտնի գրող Ֆոլկեր Բրաունն ասում է․ «Համակարգն աշխատում է ինքնին : Համակարգը հենց գրաքննություն է»։

Գրաքննությունը ամենից խորը ներթափանցում էր հրատարակման ստորին մակարդակները, որտեղ գրողներն ու խմբագիրները քննարկում էին ձեռագրերի պլանավորումն ու տպագրությունը:

Եթե բարձր մակարդակում տիրում էր գաղափարական խստաշնչությունը, ապա արդեն ավելի ցածր՝ խմբագրության մակարդակում խմբագիրները հաճախ բարեկամական և ընկերան վերաբերմունք էին ցուցաբերում գրողներին և հեղինակներին։ Բայց ոչ միայն խմբագիրները, այլ նաև Գլավլիտի աշխատակիցները՝ պաշտոնական գրաքննիչները։

Օրինակ՝ Խորհրդային Հայաստանի Գլավլիտում պատասխանատու աշխատող Վազիրե Աշոնի (Ռաշիդով) մասին «Գրական թերթը» գրում է․ « Մամուլի աշխատակիցները կարծես թե հերթ էին կանգնում, թե երբ է Վազիրե Աշոն հերթապահելու, որ նա նյութերը նայի, գլխացավանք չլինի: Նա բոլորի ընկերն էր, նրանց սրտով էր գնում և երբ «վրիպում» էր տեսնում, անաղմուկ ուղղում էր: Նա մեծ գիտելիքների տեր էր, մշտապես հպարտանում էր, որ Լենինգրադի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում սովորել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ»։

Մեկ այլ վկայություն ունի Հ․ Աճառյանի դուստրը [Աճառյան Սոֆյա․ Իմ հուշերը Աճառյանի մասին/ Ս. Աճառյան.- Եր.: Ասողիկ, 2018.-286 էջ]․ «Նա իր ձեռագիրը ոչ ոքի չէր վստահում` վախենալով, որ կարող է կորչել, իսկ նման դեպքում կորուստը կլիներ անդարմանելի, որովհետեւ չուներ երկրորդ օրինակը։ Այդ պատճառով էլ տպագրության հանձնված աշխատությունը ցրիչի նման ընդհանրապես անձամբ ինքն էր մամուլ առ մամուլ հանձնում նախ Գլավլիտ, հետո` տպարան։ Երբեմն էլ նա մամուլները վստահում էր ինձ տանելու։ Հիշում եմ` երբ մամուլ էի տանում Գլավլիտ, հանգուցյալ Համզո Պետրոսյանը (Գլավլիտի պետը) միշտ ասում էր, որ Աճառյանը ինքն էլ է տանջվում գրելով, իսկ բերել ու տանելու համար էլ ինձ է տանջում։ Համզոն Աճառյանի` իրեն ներկայացված մամուլները հաճախ առանց նայելու ստորագրում էր եւ վերադարձնում` ասելով. «Աճառյանին կասկածելն անգամ հանցանք է»։ Համզոն ուրիշներից ստացած մամուլները մի քանի օր պահում էր` ստուգելու համար, բայց մեզ հետ այդպես չէր վարվում եւ խնդրում էր, որ ուրիշները չիմանան այդ մասին։ Աճառյանը մի մամուլը ստանում, ապա հանձնում էր մյուսը եւ այսպես շարունակ»։

Բայց, իհարկե, Գլավլիտի գրաքննիչները հիմնականում կատարում էին ճնշող գործառույթ։

Խորհրդային Միությունում հայտնի գրող Ա.Կուզնեցովը, ով քաղաքական ապաստան էր խնդրել, 1969 թ․ արևմտագերմանական Der Spiegel ամսագրում հրապարակված հարցազրույցում հայտարարեց, որ իր բոլոր ստեղծագործությունները գրաքննության են ենթարկվել, «ջնջվել են ամբողջ գլուխներ, փոխվել է մտքի ընթացքը»։

Ըստ նրա, քաղաքական գրաքննության համակարգը այսպիսին էր. «Դա բարդ համակարգ է։ Խմբագիրը ենթակա է Գլավլիտին, այսինքն՝ գրաքննությանը։ Գրաքննությունը ենթարկվում է կուսակցության գաղափարական բաժնին։ ՊԱԿ-ը վերահսկում էր հեղինակի բարեհուսությունը։ Գրաքննությունը հրահանգներ է ստանում Կենտրոնական կոմիտեից։ Նա պետք է հսկի մամուլում պետական ​​գաղտնիքի պահպանությունը և իրավունք ունի միջամտել արվեստի գործերին։

Խմբագիրներն ու դասախոսները գրաքննության աշխատանքին քաջատեղյակ են փորձից։ Եթե գրաքննությունը մի քանի անգամ հանդիմանում է որոշ սխալների համար, պարզ է դառնում, թե ինչ կարելի է գրել, ինչը՝ ոչ։ Գրական տեքստերում փոփոխությունները կատարվում են ամսագրի հրատարակիչ խմբագրի կողմից։ Ինձ կամ հեղինակին ասում են՝ լավ է, բայց գրաքննիչը թույլ չի տա:

Եվ քանի անգամ եմ խնդրել՝ ցույց տվեք այդ մարդուն, ներկայացրեք ինձ նրանց, ովքեր դա չեն թույլատրում, և ես կապացուցեմ, որ այն կարելի է  թողնել։ Բայց ոչ ոք ինձ չթույլատրեց։ Այդ անհատները կուլիսներում են, նրանց ոչ ոք չի տեսնում։ Նրանք համարյա առասպելական կերպարներ են»:

Ռ․ Դարնթոնը նշում է, որ նույնիսկ ԳԴՀ֊ում միշտ չէ, որ գրողները անօգնական զոհեր էին կամ գրաքննիչները՝ դաժան չարագործներ: Նրանց միջև հարաբերությունները կարող են մեկնաբանվել որպես փոխազդեցություն, հաճախ՝ նույնիսկ համագործակցություն:

ԳԴՀ-ում և Խորհրդային Միությունում գրահրատարակչությունը եղել է պլանային մեխանիզմի մի մասը․ որքան գրքեր կոլխոզային կյանքի, որքան՝ Հայրենական պատերազմի, որքան՝ հեղափոխան պայքարի մասին․․․ Պլանավորման այդ համակարգում Ռ․ Դարնթոնը տեսնում է, թե ինչպես են համակցվում պետության և հեղինակների շահերը, երբեմն՝ էսթետիկ արժեքը։ Բայց երբեք չի քննարկվում ընթերցողի շահը, գրական շուկայի պահանջը։

Չնայած «ժողովրդականությունը» համարվում էր սոցռեալիզմի հիմնական սկզբունքներից մեկը, խորհրդային գրականությունը իր էությամբ էգալիտարիստական էր․ այն ծառայում էր կուսակցական և գրական վերնախավի շահերն, նույնիսկ՝ քմահաճույքին։ Եթե խոսենք հայաստանյան հետխորհրդային գրականության հիմնական վրիպումի մասին՝ արմատը հենց սա է։ Նույնիսկ ժամանակակից հայաստանյան գրականությունը չի գրվում ընթերցողի համար։ Նույնիսկ կարևոր չէ՝ գրվում է էգոիզմից դրդված, ազգայնականություն քարոզելու, թե արևմտյան արժեքներ տարածելու համար։ Այն հիմնականում հակադեմոկրատական է, այն ընթերցողի համար չէ, երբեմն՝ նույնիսկ մարդկային չէ, այնքան շատ է «վեհ գաղափարների» ամբարտավանությունը կամ լիբերալ֊պոստմոդեռնիստական ցինիզմը։

Ո՞մ հետ է խոսում գրողը՝ ընթերցողի՞, թե՞ կուսակցական կամ մշակութային վերնախավի հետ։ Պետությունը բռնի հավաքում էր զանգվածներին իր հանրահավաքներում, նույնքան բռնի նա հավաքում էր ընթերցողներին կարդալու սոցռեալիզմի դասականներին։

Գրողը հիմա ինքն է ստեղծում իր ընթերցողին։ Բայց դրա համար նա պետք է գրի ընթերցողի համար։ Նայեք մեր հայաստանյան ժամանակակից գրականությանը․ այն իր ոգով դեռևս խորհրդային է, այն արդեն իր երևակայության մեջ ծառայում է ազգին և պետությանը։ Հայաստանյան գրողների մեծ մասը դեռ պատրաստ չէ գրել ընթերցողի համար։

Հենց այստեղ կարևորվում է նոր՝ երևակայական Գլավլիտը, որ բուֆեր՝ զսպանակ կլինի ստեղծագործողի և ընթերցողի միջև։

Սակայն պետք չէ ընկնել ռելևատիվիզմի մեջ, զգուշացնում է Ռ․ Դարնթոնը, այն ռելևատիվիզմի, որ օրինականացնում է մշակույթի մեջ արմատավորված ռեպրեսիվ գործելաոճը և այն, ինչ ընդունելի է մեծամասնության կողմից:

Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում գրաքննության ընդարձակ համակարգը մանրակրկիտ վերակառուցելուց հետո պատմաբանը եզրակացնում է, որ «գործընթացի ամենակարևոր մասը ամենադժվարն է ուսումնասիրել, քանի որ այն տեղի է ունեցել հեղինակի գլխում»։

Ինքնագրաքննությունը շատ բարդ և նուրբ երևույթ է, հետազոտողի համար՝ դժվարամատչելի, թեև Դարնթոնը ներկայացնում է մի քանի հեղինակների վկայությունները: Հասկանալի պատճառներով դրանք քիչ են՝ ոչ բոլորն են պատրաստ խոսել այն մասին, թե ինչպես են փոխզիջումների գնացել և ենթարկվել ռեժիմի ցուցումներին։

Գրքի վերջում Դարնթոնը կրկին հարց է տալիս, թե ի՞նչ է գրաքննությունը։ Նա խուսափում է հստակ սահմանումից, որպեսզի այն չընկալվի «որպես անկախ երևույթ, որ տեղի է ունենում ամենուր նույն կերպ՝ անկախ համատեքստից»։

Դիտարկելով գրաքննության պատմությունը Խորհրդային Հայաստանում, պետք է տեսնել և վերլուծել այն որպես համակարգային մեխանիզմ։ Իսկ Խորհրդային համակարգում գրաքննությունը պարադոքսալ գործառույթ ուներ։ Այն սահմանափակում էր ստեղծագործական ազատությունը, բայց նաև նրան տալիս նպատակ՝ ծառայել ազգին և պետությանը։ Գրականությունը Խորհրդային Միությունում մասնավոր գործ չէր, այն պետականության սյուներից մեկն է։

Իհարկե, անկախ Հայաստանում այդպես չէ, բայց դա չի նշանակում, որ այն մասնավոր գործ է։ Այն ծառայում է, և յուրաքանչյուր հեղինակ ազատ է որոշելու, թե ինչ արժեքի՝ այն մարդու, արդարության և ազատության համար է, թե՞ նոր ցենզորի՝ կապիտալի իշխանության։

Վարդան Ջալոյան