«Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով։ Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», - ասել էր Հունանյանը։
Երեք երկրների դիվանագետների հայտարարությունները, հիշեցնենք, հնչում են Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին մի քանի օր շարունակ սրվող լարվածության ֆոնին։ Մարտի 5-ից ի վեր Ղարաբաղի տարբեր ուղղություններով փոխհրաձգություններ են երկու կողմերի միջև։ Մարտի 7-ին հրազենային վիրավորում էր ստացել երկու հայ զինծառայող․ պայմանագրային, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, վիրավորված մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Ղարաբաղի Լիսագոր գյուղում վնասվել է սահմանին տեղակայված գազատարը։ Ադրբեջանական կողմը չի թողնում, որ սկսվեն վթարի վերացման աշխատանքները։ Արցախի բոլոր բնակավայրերը մարտի 8-ից ի վեր ամբողջությամբ զրկված են գազամատակարարումից։
Ըստ հայկական կողմի՝ մարտի 9-ի ցերեկը ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակել է 2 ական, իսկ գիշերը կրակել է Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա՝ արձակելով 23 ական։
Մարտի 10-ի առավոտյան Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանը տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու -ի ժամանակ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Ադրբեջանի կողմից արձակած ականանետի կրակոցից, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանը հրավիրվել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումից հետո։ Ավելի ուշ հայտարարվել էր, որ մասնակցության մասին որոշումը Երևանը կկայացնի կախված նաև բանագնացների երկրորդ հանդիպման արդյունքներից, որը տեղի ունեցավ փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Պաշտոնյաների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին՝ Մոսկվայում։