Home / Մշակույթ / Փողը և պատմությունը

Փողը և պատմությունը

Նվիրում եմ Տիգրան Պասկևիչյանին, ումից 30. 000 դրամ վերցրեցի ու դեռ չեմ վերադարձրել:

Փողը և պատմությունը1

Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» ժողովածուից ես իմ համար առանձնացրեցի «Մաքրուհի -2017 կամ արյունոտ ծաղիկը» պատմվածքը2: Մի բան կար, որ ուշադրություն դարձրի. փողի մասին շատ էր խոսվում: Ուրիշ լավ պատմվածքներ էլ կան, բայց թեման ուշագրավ էր: Ինչպես գրում է հոգեվերլուծող Շեյլա Կլեբանովը /Sheila Klebanow/. «Փողը չափազանց անձնական և ինտիմ բան է, որ այդ մասին անկեղծ խոսենք»: Հենց այս պատճառով է այս պատմվածքը առանձնանում: Իմանում ենք, թե հերոսի դոշակի մեջ որքան փող կա․․․

Ինչպես հեղինակն է նշում. «Ես հաշվետվություն-ժողովածուներ եմ սիրում հրատարակել»3: Կարող է թվալ, որ այս պատմվածքն այդ հաշվետվության ֆինանսական մասն է: Դե, ով հաշվետվություն է գրել, գիտի, որ դրա ամենակարևոր մասերից է՝ մանրամասն գրել, թե դրամաշնորհի գումարները ինչպես են ծախսվել: Պատմվածքի մի հատվածում հերոսը սկսում է ծախսել իր երևակայած փողերը, վերակառուցում Հայաստանը և ողջ աշխարհը: Դրամաշնորհներ բաշխող կազմակերպության տնօրենի [Տեր-Գաբրիելյանը ղեկավարում է Եվրասիա հիմնադրամի երևանյան գրասենյակը] համար միանգամայն ընդունելի և հասկանալի ֆանտազիա: Դրամաշնորհներ ակնկալողների համար ուսանելի տեղեկատվություն:

Բայց նախ կուզենայի անտեղյակ ընթերցողը փոքր-ինչ պատկերացում ունենա հոդվածի թեմայի՝ փողի մասին:

Բորիս Գռոյսը «Փողի լեզուն» հոդվածում գրում է, որ «իրականության» անհետանալուց, աշխարհի միասնականության տրոհումից հետո, միասնականությունը վերականգնվում է փողի միջոցով, որը ժամանակակից աշխարհում իր վրա վերցրել է կվազիկրոնական գործառույթ և ամենը միավորող դիսկուրսի դեր. «Փողանմանությունը, որպես ժամանակակից մարդու իդեալ, եկավ փոխարինելու աստվածանմանությանը»4: Աշխարհի աբսոլյուտը ֆինանսական շուկան է:

Գեղարվեստական շատ ստեղծագործություններում փողը կարևոր դեր ունի, բայց նրանք փողի մասին չեն, այլ հարստության կամ չքավորության, ագահության կամ շռայլության մասին: Փողային հարաբերությունը արտահայտում է մարդկային հարաբերությունները, իսկ փողի մասին, որպես այդպիսին, գրում են տնտեսագետները՝ ի՞նչ է փողը, ի՞նչ գործառույթներ ունի, ի՞նչ ծագում ունի, ի՞նչպես այն կուտակել, ի՞նչպես այն ծախսել և այլն: Բոլորս հիշում ենք «բալը թանկ է» արտահայտությունը Հ. Թումանյանի «Գիքորը» պատմվածքում: Այն պետք է արտահայտի Բազազ Արտեմի գծուծ էությունը: Բայց ինչո՞ւ: Պատմության գիտակը կասի, որ նույնիսկ ամենաթանկ ժամանակներում այդ տարիներին մի դույլ բալը մի քանի կոպեկ արժեր: Համեմատության համար՝ գառը արժեր 2-3 ռուբլի, բայց մի շիշ շամպայնը 20-100 ռուբլի: Պարզ է, որ Բազազ Արտեմի սեղանին մի քանի շամպայն կար, ուրեմն խնդիրը ժլատությունը չէր, այլ որ նա չէր ուզում «երես տալ» գյուղացի դասակարգին: Չի կարելի գյուղացի կամ բանվոր դասակարգին շատ վճարել, դա քաղաքական հարց է, այսինքն՝ կապիտալիստական բարոյականության:

Պատմվածքը սկսում է նրանից, որ հերոսի բնակարանի դուռը թակում են: Հերոսը դատողություններ է անում աղբի և աղբահանության մասին: Հոգեվերլուծությունը միշտ ընդգծել է կղանքի և փողի միջև առկա խորհրդանշական կապը: Այդպես է հին մշակույթներում, առասպելներում և հեքիաթներում, սնահավատություններում, անգիտակցականում, երազներում, նեվրոզներում: Սատանան նվիրում է իր սիրուհուն ոսկի, իսկ նրա հեռանալուց հետո այն վերածվում է կղանքի: Եթե պատմվածքը սկսվել է աղբի և աղբահանության մասին դատողությունով, ուրեմն հետո փողի մասին է խոսվելու:

Մտնում է բարետես երիտասարդ աղջիկ: Հերոսը ենթադրում է, որ հյուրը բուրժուական ցածր խավին է պատկանում՝ բուժքույր, օրիֆլեյմի տարածող, պետական մանր ծառայող և այլն: Պարզվում է՝ աղջնակը աշխատավոր դասակարգի ներկայացուցիչ է, այսինքն՝«մաքրուհի», որը սխալվել է բնակարանով: Հերոսը արդեն «մաքրուհի» ունի՝ Կարինեն, ով գալիս է երկու շաբաթը մեկ: Նա՝ հերոսը, ոչ թե Կարինեն, համեմատաբար ապահով է և առօրեական գնումներ կատարելիս չի մտածում, որ հարևան կրպակում ավելի էժան է, քան ՍԱՍ սուպերմարկետում:

Հերոսը միջին խավի տիպիկ ներկայացուցիչ է՝ բարի է և բարոյական: Եվ, իմիջայլոց, հերոսի անունը Սարգիս է, ինչպես իր բնակարանի գազը ստուգողի անունը: Իր նման շատ կարգին մարդ: Ուրիշները հինգ հազար են տալիս «մաքրուհուն», ինքը՝ վեց: Երբեմն հազար դրամ է տալիս, որ տաքսիով Բանգլադեշ գնա: Պատմվածքում շատ մանրամասն նկարագրվում են «վարձակալ-վարձու աշխատող» բարդ և մանրախնդիր կանոնակարգերը: Այս հանգամանքը շատ կարևոր է: Կարինեն իր աշխատանքային բողոքական էթիկայի շնորհիվ կապիտալիստական «մաքրուհի» աշխատանքի գերազանցիկ է: Բայց Կարինեն ունի չափահաս դուստր, և ստիպված խախտում է այդ աշխատանքային էթիկան և խնդրում է հերոսին իր աղջկա համար հարմար աշխատանք գտնել:

Ավելի շուտ՝ հերոսի համար փողը դադարում է լինել պարզապես աշխատանքի համար վճարման միջոց։ Դրա համար չի կարելի վճարել, եթե «բալը թանկ է»: Փողը իրեն հայտնում է իբրև վարկ կամ տոկոս: Իբր աշխատավոր Կարինեն լավն է, բարեխիղճ է, բաց վատն է նրա վարկային պատմությունը. «Լեկցիա չկարդացի, ինչու դուստրը գործ չի անում, լեկցիա կարդացի, որքան սխալ է քո անունը տալ որ ուրիշը, թեկուզ մոտիկը վարկ վերցնի …»: Կարինեի զարմիկը երկու վարկ ուներ, երրորդը չկարողանալով վճարել, փախել էր ռուսաստաններ:

Հերոսը, ակնհայտորեն, ակնարկում է, որ ինքը, լինելով այլ խավի ներկայացուցիչ, ավելի լավ է հասկանում, թե ինչ է վարկը: Եվ վարկավորում է Կարինեին 120. 000 դրամով (հարյուր քսան հազար, ինչպես գրում են հաշվապահական փաստաթղթերում)՝ լվացքի մեքենա գնելու համար: Կարինեն փակում է վարկը՝ ամեն այցելությունից հետո թողնելով հինգ հազար և վերցնելով միայն հազարը: Կարինեի և հերոսի հարաբերությունները թևակոխում են նոր՝ վարկային փուլ։ Պատմությունը դառնում է պարտքի մասին պատմություն, վարկային պատմություն: Կամ, ինչպես ասում է Նաիլ Ֆերգյուսոնը, մարդկության վերելքի պատմությունը փողի վերելքի պատմություն է5:

Վարկը, տոկոսային փողը պահանջում են բարդ հաշվարկներ: Հատկապես ներդրումներ անելիս: Կարինեի դուստրը չի աշխատում, քոլեջ է սովորել, այժմ անգլերեն է սովորում, որ վարսավիրանոց բացի …ըմմ, իսկ ես հիմարի նման քվանտային մեխանիկա սովորեցի:

Այստեղից տեքստը դադարում է լինել բուրժուական ռացիոնալիզմի կամ առողջ դատողության արտահայտություն: Բառերը վարկեր են վերցնում, շատ բարձր տոկոսներով, բազմանում են, հեղեղ դառնում ու տանում դեպի … ներդրումային դաշտ:

Ներդրումային դաշտը Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Մաքրուհի» պատմվածքում ներկայացնում է Զավենի կերպարով: Այս հերոսը արդեն նույն խավից է, ինչ հերոսը՝ բուրժուական կրեատիվից, և եթե արտահայտվենք սխեմատիկորեն՝ ոչնչից ուզում է միլիոններ ստեղծել: Ընթերցողն էլ գիտի՝ ոչինչը քաքի կամ աղբի քաղքենիական կամ ռոմանտիկական անունն է: Ուրիշ պատմություններ կան, ասենք՝ էստոնական «լոյեր» Սարգիսի: Բայց դա ինձ կխանգարի հիմնական գիծը շարունակելու:

Զավենը, ինչպես նշեցինք, կրեատիվ է, Հայաստանի ապագան, կապիտալիզմի գերազանցիկ: Եթե Կարինեն կապիտալիզմի աշխատանքային գերազանցիկ է, ապա Զավենը՝ ստարտափերի: Զավենը հազար դոլար է ուզում, որ իր սարքի համար դետալ գնի: Նախորդ անգամ հազար դոլար էր խնդրել մի այլ գյուտի համար, որ մարդու ստամոքսում ինչ որ բույսեր աճեցնի:

Հեղինակի հնարած հերոսը երևակայում է, որ շատ փող ունի: Նա վարակվել է Զավենի կրեատիվից: Իր կրեատիվ երևակայության մեջ շատ «ինքնատիպ» ստարտափեր է անում: Ու ամեն ինչ ավարտվում է կոտրած տաշտակի տեսարանով՝ Կարինեի դստեր համար արժանի աշխատանքի որոնումներում:

Հեղինակը շատ լավ հասկանում է, որ գրում է դասակարգային տարբերության մասին։

«… Մաքրուհին այդ բիոմասսայի մի մասնիկն է՝ խոշորացված: Իր սիրելիությամբ, իր ցավալիությամբ նրա կերպարը մի խնդիր է ստեղծում հեղինակի, հերոսի և, ահա, նաև ընթերցող-գրախոսողի համար. ինչպե՞ս հաղորդակցվել մի բացարձակապես այլ մտածողություն, այբուբեն, բառարան ունեցողի հետ: Ի՞նչ միասնական ազգ, ի՞նչ միասնական հասարակություն. նրա մի սեկտորը պարզապես անհաղորդակցելի է մեկ այլ սեկտորին: Հենց դա՛ եմ ուզել ես արտահայտել Մաքրուհու կերպարով …»6:

Բայց ակամա նա գրում է նաև այդ բիոմասսայի և կապիտալիզմի դասակարգային պայքարի մասին: Հեղինակը շատ մանրամասներ է տալիս «մաքրուհի» Կարինեի, նրա դստեր, իր անվանակից Սարգսի և բիոմասասայի այլ բաղկացուցիչների մասին, և դա անում է հումանիստական մեծ զգացողությամբ, հատուկ բիոմասսայի համար նախատեսված հումանիզմով։

Կուզենայի նշել, որ Արա Նեդոլյանի գնահատականը ինձ վրդովեցուցիչ թվաց․ «Սակայն, եթե «Մածնապանրիկի» անհայտը բարի է ու գեղեցիկ, ապա «Մաքրուհի» պատմվածքի անհայտը ամենևին էլ այդպիսինը չէ: Հերոսը գործ ունի «մաքրուհու» հետ, տարեց կին է, բնակարանն է մաքրում: Աշխատավոր հասարակ մարդու կերպարը, սակայն, շատ հեռու է այստեղ հումանիստական կանոնից: Ավելի նմանվում է վարչապետի խիստ կասկածամիտ վերաբերմունքին աղքատների հանդեպ»7:

Նախ՝ տարեց չէ, այլ միջին տարիքի։ Կարող է լինել նաև հմայիչ: Ենթադրում եմ, որ ծանոթ է եղել «մաքրուհու» նախատիպարին, եթե այդպես է գրել:

Կարծում եմ, որ Գևորգ Տեր-Գաբրիելյանի այս պատմվածքի ուժը և ինքնատիպությունը հենց դա է՝ համադրել խորքային՝ կենսական և վարկային պատմությունները: Արա Նեդոլյանի համեմատությունը հասարակ մարդկանց Թուրքմենբաշու կամ այլմոլորակայինների հետ շփոթություն են առաջացնում: Պատմվածքը վարվում է երկու մակարդակով՝ հումանիստ հայ մտավորականների, որոնք բարձր հոգևորի մասին են, և «մաքրուհիների» պատմությունները, որոնք գրվում են անանուն: Ինչո՞ւ թուրքմենբաշի, ո՞վ է նա, ինչո՞ւ է այլմոլորակային: Ի վերջո, ինչո՞ւ հայ հասարակ մարդիկ այլմոլորակային են:

Շփոթություն են առաջացնում նաև Գևորգ Տեր-Գաբրիելյանի մոտ: Խոսելով Հրանտ Մաթևոսյանի մասին, նա գրում է, որ չի հասկանում նրա վերաբերմունքը հասարակ մարդկանց. «Այդ գործում՝ «Ծառերը», հերոսուհին «գովերգում է» իր «ավազակ» հորը: Նա ուզում է, որ որդին ավելի վճռական լինի և եթե պետք է՝ նույնիսկ դիմի, գուցե, անօրեն արարքների, որպեսզի տակից դուրս գա. կամ՝ նույնիսկ բռնության դիմի: …Սա չի կարող իմաստություն լինել, որովհետև եթե դիտարկենք այդ «ավազակ» հոր պատմությունը՝ թեկուզև «Նանա իշխանուհու կամուրջ»-ում, տեսնում ենք, թե ի՛նչ «բազմանիստ» կերպար է այդ «իշխան» Իշխանը, նաև՝ իր խեղճությունն ի ցույց դրված ամբողջությամբ: Տհաճ, խեղճ ու շատ նշանակալի կերպար է, և դա չի կարող լինել իդեալ, որին հեղինակը ոգեկոչում է, չի կարող դա լինել Մաթևոսյանի իդեալը և չի կարող լինել հայ ազգի և կամ հայաստանյան հասարակության իդեալը, և ծառը պակաս կենդանի արարած չէ` իմաստուն, բարի, պետքական… Եվ սա գիտական փաստ է»8:

Առաջին՝ հեղինակը շատ է կարևորում իդեալը, ավելի քան մարդուն և կյանքը: Ակամա աշխատանքի բաժանում է տեղի ունենում. մտավորականներին՝ բարոյականությունը, քաղաքական գործիչներին՝ անբարոյականությունը, մնացյալին՝ ոչ այս, ոչ այն, առօրեականությունը և բարքերը:

Գևորգ Տեր-Գաբրիելյանը փորձել է գրել առօրեականության մասին, այդ թվում՝ հասարակ մարդկանց կենցաղի: Հեղինակը հասկանում է, թե ինչ է իդեալը, բարոյականությունը, քաղաքացիական արժեքները և փորձում է գտնել դրանք Հ. Մաթևոսյանի մոտ, և ընդհանրապես՝ առօրեականության մեջ: Փորձում է այդ դժվար խնդիրը պարզ լուծել. մարդիկ կատարում են իռացիոնալ քայլեր, իռացիոնալ ընտրություններ և այլն: Գևորգ Տեր-Գաբրիելյանը չի տեսնում կոնֆլիկտներ, այլ միայն սխալներ:

Օրինակ, գրում է. «Սրիկայության, խաբեբայության, բռիության, խարդախության կոչ չի կարող Մաթևոսյանն անել լրջորեն, կարող է իր հերոսուհին անել, անելանելիությունից ելնելով, քանի որ երբ հասարակական կարգն անիրավ և սրիկայական է, այդ կարգում սրիկայություն անելն արդյոք հերոսություն է թե ոչ՝ պարզ մարդը կարող է ճիշտն ու սխալը, լավն ու վատն էմոցիոնալ պահին իրար խառնել, և դա հասկանալի է, ու գեղարվեստորեն ապացուցված է Հրանտի և այլոց կողմից»9: Անհարմար, դժվար դիսկուրս ունի Հրանտ Մաթևոսյանը, քանզի այն չի ենթարկվում գերիշխող բուրժուական՝ բարի, խելացի, բանական գաղափարախոսությանը:

Բայց … Գևորգ Տեր-Գաբրիելյանը, լինելով Հրանտ Մաթևոսյանի հայացքների գիտակ, որքան գիտեմ, միակն է, որ նշել է այն բարդ խնդիրը, որ մենք ունենք: Որ նա, լինելով ազատական մտավորականների իդեալ, նաև նրանց ընդդիմախոսն է: Ես կփորձեմ առաջարկել այլ մոտեցում:

Հետևելով ֆրանսիական ճիզվիտ Միշել դե Սերտոյի մոտեցմանը՝ անվանենք իդեալը, բարոյականությունը, քաղաքացիական արժեքները ռազմավարություն, իսկ Գևորգ Տեր-Գաբրիելյանի նկարագրած մաքրուհիների, տաքսիստների պահվածքը մարտավարություն: Իր հիմնական աշխատությունում ՝ «Ամենօրյա կյանքի հնարումը»10, Միշել դը Սերտոն մշակում է առօրեականության ճնշման դեմ խորհրդանշական դիմադրության իր տեսությունը: Այն բոլորս գիտենք: Ո՞ւմ համար հաճելի չէր տրորել սերժական գազոնները կամ խախտել այլ չնչին կանոններ: Հիսուսական փիլիսոփան, վիճարկելով Միշել Ֆուկոյին, վերլուծում է, թե ինչպես են դիմակայում սոցիալական դաշտում ակնհայտ «թույլ» խաղացողները մեծ գաղափարախոսություններին (ռազմավարություններին) «հակավարքի» (մարտավարության) միջոցով: Սերտոյի համար ստրատեգիան գերակայության դիսկուրսներն են, արժեքների համակարգ «զավթված» ուժեղ կողմի կողմից և դրանցով պարտադրում վարքի որոշակի ձևեր: Մարտավարությունը, մյուս կողմից, իրենց ճնշվածությունը ըմբռնող թույլ կողմի պատասխաններն են՝ խուսափելու մշակութային չափանիշների իշխանությունից: Այս մարտավարության իրականացումը մարդկանց սոցիալական ստեղծագործականության մարմնացումն է, նրանց ամենօրյա գործողությունների իմաստը:

Գևորգ Տեր-Գաբրիելյանը, իր հերոսը տատանվում են՝ ինչպես գնահատել այդ պարտիզանական մարտավարությունը: Բայց տեսել են և զգացել:

Առակի իմաստը ո՞րն է: Փողը առակ չունի:

Վարդան Ջալոյան

 

Ծանոթագրություններ․

1Տեքստը հագեցած է սպոյլերներով:
2Մաքրուհի -2017 կամ արյունոտ ծաղիկը/ Գևորգ Տեր-Գաբրիելյան. Անաստված կինո թատրոն. Երևան. 2018 թ.; էջ 266-361:
3Գևորգ Տեր-Գաբրիելյան. PRO DOMO SUA, ԿԱՄ ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇՈՒ ԵՒ ԲՈՒԼԳԱԿՈՎԻ ԱՐԱՆՔՈՒՄ. ՊԱՏԱՍԽԱՆ ԱՐԱ ՆԵԴՈԼՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
/http://archumanities.am/category/articles/pro-domo-sua–kam-tourqmenbashou-ev-boulga?fbclid=IwAR3PJeymDu_xUcgMvhQZCEWAln_Jqekncdks1ap0p-BbKOpV_kFImqKpeXg
4Борис Гройс Язык денег. Художественный журнал № 47, 2001
5Найл Фергюсон. Восхождение денег. М.: Астрель, 2010. 448 с.
6Գևորգ Տեր-Գաբրիելյան. PRO DOMO SUA…
7Արա Նեդոլյան. ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ, ԹԵ ԱՅԼ-Ի ՈՐՈՆՈՒՄ /http://archumanities.am/category/articles/hanrayin-diagnostika–te-ayl-i-oronoum
8Գևորգ Տեր-Գաբրիելյան. PRO DOMO SUA…
9Գևորգ Տեր-Գաբրիելյան. PRO DOMO SUA …
10Серто М. де Изобретение повседневности. 1. Искусство делать. СПб. 2013. Էջ 107–113.