Home / Բանակ / Բոլորը զինվորների արյան վրա փող են աշխատում

Բոլորը զինվորների արյան վրա փող են աշխատում

Այսօր Կառավարության շենքի մոտ հերթական ակցիան էին անում ոչ մարտական պայմաններում սպանված զինվորների ծնողները։ 

Մի քանի օր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է բանակում 2007 թվականին սպանված Տիգրան Օհանջանյանի գործով հայցը, վճիռ կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ զինծառայողի կյանքի իրավունքը չպաշտպանելու համար և պարտավորեցրել վճարել ընտանիքին 50 հազար եվրո։ 

Ըստ սպանված 19-ամյա զինվորի մոր՝ Գոհար Սարգսյանի, ՄԻԵԴ-ը հստակ ընդգծել է մի կարևոր փաստ․ «Եթե ներպետական ատյաններում, դատարաններում էլեկտրահարման վարկածը հերքվել է, ինչի՞ ուրիշ ուղղությամբ քննություն չի կատարվել»։ 

«2021 թվականից՝ գործի վերաբացումից, դու քննություն ես անում, ինչի՞ հիման վրա ես քննությունն անում, երբ [Գլխավոր դատախազ] տիկին Վարդապետյանի գրած 150 էջանոց խորհրդատվական եզրակացության մեջ ոչ մի ապացույց չկա էլեկտրահարման վարկածի վերաբերյալ։ Նույնը արձանագրել է Եվրադատարանը և պարտավորեցրել, որ նոր քննություն սկսեն։ Իհարկե, պետությունը իրենց գրություն է ուղարկել, որ քննությունը շարունակվում է։ Այսինքն, քննությունը շարունակվում է միայն մի վարկածով՝ էլեկտրահարման։ Սրանք դրանից ավել բան չեն անում», – ասում է մայրը։

Մյուս ծնողները նույնպես դիմել են Եվրադատարան։ Վալերիկ Մուրադյանի (սպանվել է 2010 թ․-ին) գործով հայցը անցյալ տարի է բավարարվել, Արթուր Ղազարյանի (սպանվել է 2010 թ․-ին) դատավճռին դեռ սպասում են, իսկ Անդրանիկ Մկրտչյանի (սպանվել է 2017 թ․-ին) գործի փաստաթղթերը դեռ նախապատրաստում են դիմելու համար։

Աննա Վարդապետյանը, ով մինչև պաշտոնի անցնելը ղեկավարում էր ոչ մարտական պայմաններում սպանված զինծառայողների գործերը հետաքննող հանձնաժողովը, Գլխավոր դատախազ դառնալուց հետո անտեսում է մայրերին։  

Այժմ ծնողներին ուղարկում են զինվորական դատախազություն՝ անհատական հանդիպումների։ «Զինվորական դատախազը, որ ուզում է մեզ ընդունել, մենք որ գնանք, ինչի՞ մասին է խոսելու։ Էս քրեական գործերի մեջ այլևս ուսումնասիրելու բան չկա», – ասում են մայրերը։

Մարդու իրավունքների նորանշանակ նախարարի հետ հանդիպման հրավերը ծնողները, սակայն, չեն մերժել։ Անահիտ Մանասյանը մայիսի 8-ին մայրերին հրավիրել է ՄԻՊ գրասենյակ և խոստացել պատասխանել նրանց հարցերին։ 

Նախարարներն ու պաշտոնյաները մայրերի մոտով անցնելիս հերթով մտնում էին Կառավարության շենք․ որոշները կանգնում, մի քանի վայրկյան լսում էին, որոշները՝ անտեսում։ 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լսում էր մայրերի հարցերն ու կրկնում՝ «չեմ կարող պատասխանել ձեր հարցերին»։ Ակցիային միացած քաղաքացիներից մեկը միջամտեց զրույցին, ինչին ի պատասխան՝ նախարարը հարցրեց, թե ով է նա և կապ ունի արդյո՞ք այս գործերի հետ։ Ծնողներից մեկը բարկացավ և ասաց․ «այն օրը, երբ քաղաքացիները հասկանան, որ մեր գործերը իրենց էլ է վերաբերում, այդ օրը կարող է մի բան փոխվի»։ 

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ զրույցում ծնողներն իրենց հրապարակած հանցագործների ցանկից, մասնավորապես, նշեցին դատավոր Արտակ Կրկյաշարյանի անունը։ Մինասյանն, իր հերթին, հորդորեց, որ մայրերը, նրանց փաստաբանի միջնորդությամբ, դիմում ներկայացնեն արդարադատության նախարարի անունով՝ նշելով խախտումը, և նախարարը, իր լիազորությունների շրջանակներում, խախտումի հաստատման դեպքում վարույթ կհարուցի և «դատավորը կպատժվի՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը»։