Home / Բանակ / Աղուհաց, սիգարետը՝ 35000, խուճապ․ հայերի «պաշտպանները» հեռացան Ղարաբաղից

Աղուհաց, սիգարետը՝ 35000, խուճապ․ հայերի «պաշտպանները» հեռացան Ղարաբաղից

Ռուս խաղաղապահները հեռանում են Ղարաբաղից, ուր եկել էին հայ բնակչությանը պաշտպանելու և Հայաստանի հետ անխափան ցամաքային կապն ապահովելու համար։ Ադրբեջանական սոցցանցերում տեսանյութեր են տարածվում՝ ինչպես են խաղաղապահների ռազմական շարասյունները անմարդաբնակ դարձած ռեգիոնից ուղևորվում դեպի Գյանջա։ Վլադիմիր Պուտինի խոսնակը և Իլհամ Ալիևի օգնականը հաստատել են՝ վաղաժամ դուրսբերման պրոցեսը արդեն մեկնարկել է։

գնահատականներ

Խաղաղապահների աշխատանքը գնահատելու խնդրանքով Epress.am-ը դիմել է Ստեփանակերտից, Մարտակերտից և Ասկերանից տեղահանված մի քանի ղարաբաղցիների։ Ռեսպոնդենտների ցանկությունը հաշվի առնելով՝ անունները չենք նշում։

— Ես չէի ուզում, որ պատերազմից հետո հետ գնանք Ղարաբաղ։ Ախպերս զինվորական էր, ասեց՝ արի գնանք, ռուսը մեզ կպաշտպանի։ Թուրքերը արդեն մոտիկ էին՝ մոտ 300-400 մետրի վրա։ Դեմից մտածում էինք՝ եթե ռուսներն եկել են, ուրեմն էլ բան չի լինի։ Աղուահացով կանգնած էինք։

— Սկզբի պարտիան լավն էր՝ էնտեղ սալդատ չկար, պայմանագրայիններ էին ու սպաներ։ 6 ամիս հետո իրանց տարան, բերին մալադոների։ Ու սկսվավ բիզնեսը։ Էտ երեխեքը հարց լուծող չէին։

— 2021-ին գնացինք իրանց մոտ, ասեցին՝ մինչև 25 թվականը մենք ստեղ ենք, ու քանի դեռ մենք ստեղ ենք, ձեզ բան չի լինի։

Փառուխը գիտե՞ք։ Մենակ էտ չէ։ Լինում էր՝ ռուսը էնտեղ նստած, թուրքը խփում էր տրակտորի վրա։ Անասունների հետ կապված պրոբլեմներ կային։ Գյուղական աշխատանքների վախտ էլ էին կրակում։

— Ես իրենցից ոչ մի երաշխիք չեմ տեսել, ոչ մի վստահություն նրանց նկատմամբ չի եղել։ Եթե ռուսը մեզ այնտեղ իրոք երաշխավոր լիներ, մենք մեզ անվտանգ կզգայինք։ Բայց մենք մեզ անվտանգ չենք զգացել։

— Սկզբում նրանք կարողանում էին իրավիճակ փոխել, ինչ-որ բան որոշել։ Երեք ամիս հետո պերեսմանկա եղավ՝ ավելի անտարբեր դարձան։ Աստիճանաբար զգացինք, որ թուլանում են։

— Բլոկադայի ժամանակ բիզնեսը սկսվավ․․․

— Ռուսները լավ փող աշխատեցին։ Լինում էր՝ անձամբ չէին ծախում, մեր հայերի միջոցով էին առևտուրն անում։ Իրանական սիգարետներ էին բերում՝ էն ամենա-ամենաէժանը։ Մի բլոկն իրանցից 35 հազար դրամով եմ առել։ Բենզինը 120 հազար էր, սալյարկան 80 հազարով էին տալիս․․․

— Ես ռուսից ձեթ եմ առել, մի շիշ ձեթը՝ 5000 դրամ։

— Բլոկադայի սկզբում մարդ էլ էին տանում-բերում։ Մի ուղղությունը՝ 100 հազար, 200 հազար, 500 հազար։ Պայմանավորվելու վրա էր։ ԿՊՊ-ն դնելուց հետո հետո էտ կանալը փակվեց։ Լսել եմ, որ ինչ-որ մարդկանց ուղղաթիռով տեղափոխել են։ Բայց էտ ծառայությունը էտքան էլ հասանելի չէր։

— Մի անգամ պոստերից իջանք, ռուս խաղաղապահները էնտեղ կանգնած էին։ Սիգարետ ուզեցի։ Ճիշտն ասած՝ տվեց, բայց ասեց՝ նենց արա, որ ադրբեջանցիները չտեսնեն, որ տալիս եմ։ Ասեց՝ իրանք չեն թողնում, որ մենք ձեզ ինչ-որ բան տանք։ Մեր գյուղապետը պատմում էր՝ մի անգամ ադրբեջանցիք մեր կանանց հետևից ռեպլիկ են թողել, գյուղապետը ասել է խաղաղապահներին, ռուսներն ասել են՝ էտ կանայք են մեղավոր, թող բաց չհագնվեն։

— Պատերազմի օրը՝ սեպտեմբերի 19-ի ժամը 13։00-ին, Արցախի տեղեկատվական շտաբից նամակ եկավ, որ դասապրոցեսը բնականոն հունով է ընթանում ու պետք չէ խուճապի մատնվել։ 13:05 կրակոցները սկսվեցին։ Արդեն պատերազմից հետո իմացանք, որ ադրբեջանցիները ռուսներին ասել են, որ իրենց զորքերը հետ քաշեն։ Զգուշացրել են, որ հրետանի է աշխատելու։ Մեր ղեկավարությունը դրա մասին իմացել է ու մեզ չի զգուշացրել։ Պատերազմի ժամանակ երեխեքը դպրոցներում էին։ Կապ չկար, մեծերը փողոցներն ընկած իրանց էին ման գալիս։

— Ժողովուրդը գնում էր Խոջալուի օդանավակայան՝ ռուսական բազա։ Զուգարանները չէին բացում։ Հետո պանիկա սկսվեց։ Պետություն չկար։ Կառավարումը բամբասանքներով էին անում։ Մեկ ասում էին՝ ադրբեջանցիք ճամփեն չեն բացի, մեկ ասում էին՝ բացելու են, որ մի մասը գնա, բայց 30 հազար հոգու պատանդ են պահելու, որ խաղաղապահները կարողանան մնալ։ Հետո ասում էին՝ տղամարդկանց հաստատ բռնելու են։ Խաղաղապահները ասում էին՝ մենք ձեզ կարանք հանենք, բայց Հայաստանը չի ընդունի։ Եթե էտ քաոսը չլիներ՝ Հայկազովի դեպքերը չէին լինի։ Մարդիկ չէին գնա։

— Երբ որ Հայաստան էինք գալիս, տեսանք՝ ռուսները ճամփին ուտում-խմում են։ Մի գյուղի կողքով անցանք, կանգնեցինք, որ գնանք բոստանի զուգարանը։ Տեսանք՝ ռուսները էտ բոստանում նստած խորոված են անում։ Ինչ-որ մեկը էտ տունը թողել էր, խոզին մորթել էին, քեֆ էին անում։ Ինչ-որ բան ասեցինք, արհամարեցին։ Չպատասխանեցին էլ։

տե՛ս Անցյալ տարի Ստեփանակերտում

կոնտեքստ

Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ապրիլի 17-ին հաստատել է՝ ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացն արդեն մեկնարկել է. «Դա իրոք այդպես է»: Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը տեղեկացրել է, որ «խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշումը ընդունվել է երկու երկրների ղեկավարության կողմից»։

Առավոտից ադրբեջանական սոցցանցերում տեսանյութեր են տարածվում՝ ինչպես է խաղաղապահների ռազմական շարասյունը Լեռնային Ղարաբաղից ուղևորվում դեպի Գյանջա։ Ադրբեջանական APA գործակալությունը գրում էր, որ ռուսական զորախմբի անձնակազմն ու զինտեխնիկան արդեն դուրս են բերվել Դադիվանքի համալիրից։ Պաշտոնական Բաքուն այն ժամանակ դեռ չէր հաստատում։ «Սոցցանցերում հրապարակված նյութերը այսօր չեն տեսագրվել», – «Turan» գործակալության հետ զրույցում ասում էին ադրբեջանցի ուժայինները։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղ էին եկել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ նրանք (այն ժամանակ դեռ հայաբնակ) Ղարաբում էին տեղակայվել 5 տարի ժամկետով։ Փաստաթղթում նշվում էր, որ մանդատը կարող է ևս 5 տարով երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որին Մոսկվան և Բաքուն դեռ շարունակում են հղվել ըստ պատեհության, արդեն վաղուց չի գործում։

Բաքուն նախքան դրա փաստացի զրոյացումն էլ էր պարբերաբար հայտարարում, թե խաղաղապահները Ադրբեջանի տարածքում [Ղարաբաղում] տեղակայվել են ժամանակավոր։ 2023 թվականի մեկօրյա պատերազմից և Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափումից հետո խաղաղապահների դուրսբերման շուրջ քննարկումներն ինտենսիվացել էին։ Զտված Ղարաբաղում, որը փաստացի անմարդաբնակ է դարձել, ո՞ւմ են պաշտպանում ռուսական զորքերը։

շապիկի լուսանկարը՝ Անաստասիա Կարկոցկայայի