Վերջապես ժամանակն է ասել ճիշտը։ Իսկ մեր քաղաքական միտքը ստի ու անբարոյականության վրա է հենված։ Հայաստանի դեմ ՄԱԿ-ի չորս ռեզոլյուցիա է հրապարակվել, մինչդեռ հայերը հաղթել էին։ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել էր։ Այո, երբեք էլ այս հարցում Հայաստանը չի ունեցել դաշնակիցներ։ Երբեք։ Եւ այդ հաղթանակը կամ տարածքների գրավումը չճանաչված էին, ինչպիսին մնաց ԼՂ հանրապետությունը։ Եւ այդ մեծ հնարքը, շուստրիությունը, թե ԼՂԻՄ հարակից տարածքները պետք էր գրավել, որ հետո դրանց վերադարձի հաշվին ճանաչել տան ԼՂ անկախությունը, չարդարացված քայլ էր։ Չարդարացվա՛ծ։
Ո՞վ էր նման երաշխիք տվել կամ խոստում։ Ոչ ոք. հակառակը` վերևում գրել եմ, որ 4 ռեզոլյուցիա է հրապարակվել Հայաստանի դեմ։ Որոշ քաղաքական գործիչներ պատերազմից հետո ելան, հայտարարեցին, որ եթե 7 շրջանները տային, ապա ԼՂ անկախությունը ճանաչվելու էր։ Նաև առաջին նախագահի համակիրների մեջ էին նրանք։ Ինքը` Տեր-Պետրոսյանը, նույնպես բացահայտ չի խոսում այդ գործարքի գաղափարի չստացվածության մասին, նշում է, որ միջանկյալ կարգավիճակ էր ստանալու` Հյուսիսային Կիպրոսի պես գոյություն ունենար։ Նախ` որտեղի՞ց այդ վճռականությունը 2 կոնֆլիկտները համեմատելու, հետո ո՞վ ասաց, որ Կիպրոսի կոնֆլիկտը հավերժ է։
ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը չի քննարկվել, ուզում է գրաված 7 շրջանները վերադարձնեին, ուզում է Բաքուն ու Ստամբուլը։ Քանի որ, ի տարբերություն հայ քաղաքական մտքի, միջազգային իրավունքը միջնադարից դուրս է եկել։ Սա է իրականությունը։ Եւ փուլային լուծումը հենց սրա խոստովանությունն է` առաջին փուլով վերադարձնել օկուպացված տարածքները։ Ի՞նչ կլիներ երկրորդ փուլում, նախընտրում էին գլխանց չպայմանավորվել։
Ես հակված եմ մտածել, որ երկրորդ փուլը կլիներ այն ժամանակ, երբ ԼՂ հայ բնակչությունը վարժված կլիներ ապրելու ադրբեջանցիների կողքին և պատրաստ կլիներ հանրաքվեի։ Մոտավորապես նույնը, ինչ ասում են հիմա Պուտինն ու Լավրովը ԼՂ կարգավիճակի մասին։
Շոտլանդացիք դարերով պայքարել են Մեծ Բրիտանիայից դուրս գալու համար, կռվել, մեռել, հետո ինքնորոշվեցին ՄԲ կազմում։ Չի բացառվում, որ ղարաբաղցիք էլ նույնն անեին ապագայում, քանի որ տնտեսապես Ղարաբաղի համար Ադրբեջանի կազմում գտնվելը ձեռնտու է։ Սա են հաշվի առել կոմունիստները Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելով, նաև հայ ազգայնական տրամադրություններին ի հակադիր են արել։
Առաջին ղարաբաղյան պատերազմը մի մսաղաց էր. ենթադրենք, թե ՄԱԿի ռեզոլյուցիաները չէին հասկանում, դաշնակիցներ լինելու էին, միջազգային իրավունքի նորմերը տեղ չէին հասնում։
Երկրորդ պատերազմը մի ուրիշ աղետ էր` 30 տարի մտածողության մեջ բան չէր փոխվել, 30 տարի պարզ բաները չէին ըմբռնվել։ Իսկ ո՞վ ըմբռներ, ո՞վ հասկանար. մարդիկ ապո՞ւշ էին, չէին հասկանո՞ւմ, չէին կարո՞ղ հասկանալ։ Իհարկե, կարող էին։ Բայց բանտի մեջ ի՞նչն է թույլատրված հասկանալ. միայն տեղդ իմանալու, չափդ ճանաչելու, վերևինիդ հարգը իմանալու պարտադիր վարժությունները։
Ո՞վ կարող էր թպրտալ, լեզուն բնից հանել, երբ քաղաքական սխալները սրբադասված էին, և դրանց քննադատությունը` տաբուացված։ Ոչ ոք։
Երեկ իմ կոլեգան ասեց, որ ժողովուրդը առանց արյուն չէր տա Ղարաբաղը, էնքան էր սրբացված։ Ես չգիտեմ, թե ժողովրդի որ խմբի կարծիքը պետք է հիմք ընդունել, բայց մի անգամ էլ եմ ասել, որ Ղարաբաղը սարքել էին վառոդի տակառ ու դրել հասարակության տակ, որ եթե դա տրաքի, բոլորը հետը տրաքեն։ Եւ տրաքեցինք։
Հիմա մեկը մյուսին են մեղադրում չստորագրելու համար։ Ոչ մեկն էլ չստորագրեց Ղարաբաղի թուղթը, ոչ ոք, ուրեմն պետական ու քաղաքական վեհ այրերի շուրջ նրանց մրցապայքարը կեղծ է, նրանցից ոչ ոք չի ունեցել հանրային շահի գիտակցություն։
Գայանե Այվազյանի մեկնաբանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի հունիսի 15-ի հարցազրույցից հետո