Home / ուկրաինայից / Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ոչնչացման 26-րդ օրը

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ոչնչացման 26-րդ օրը

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա չի ավարտվում արդեն 26 օր։ Մոսկվան ու Կիևը հերթական անգամ բանակցում են, ԱՄՆ պաշտպանության նախարարը պնդում է, որ Ռուսաստանի ցամաքային զորքերն Ուկրաինայում «ըստ էության՝ կանգ են առել», իսկ օդային հարվածները Մարիուպոլի, Խարկովի, Կիևի, Օդեսայի և այլ բնակավայրերի վրա չեն դադարում։ 

Կրակի տակ են Կիևը, Խարկովը, Սումին․․․․

Մարտի 20-ի երեկոյան հրթիռակոծվել է Կիևի «Ռետրովիլ» առևտրի կենտրոնը։ Ըստ ուկրաինական իշխանությունների հաղորդման՝ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ։ Վնասվել է նաև 6 տուն և 2 դպրոց։

Ռուսական կողմը պնդում է, որ առևտրի կենտրոնում ուկրաինական զինուժերը զինամթերք էին պահում։ Ուկրաինական կողմը սա ևս փաստացի չի հերքել՝ կոչ անելով իր բնակիչներին չլուսանկարել և չտարածել զինամթերքի տեղափոխումը։ Կիևում պարետային ժամ է հայտարարված մինչև մարտի 23-ը։ Ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ չեն աշխատելու ոչ խանութները, ոչ դեղատները, ոչ էլ լցակայանները։

Մարտի 21-ի լույս գիշերը Սումիի Сумыхимпром քիմիական գործարանում ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել։ Սումիի շրջանի ղեկավար Դմիտրի Ժիվիցկիի խոսքով՝ 50 տոննա տարողությամբ ամբարը վնասվել է ռուսների գնդակոծությունների պատճառով։ Արտահոսքից տուժած տարածքն, ըստ պաշտոնյայի, ձգվում է 5 կմ շառավղով, սակայն զոհեր ու վիրավորներ չկան։ Տեղացիների կյանքին ևս վտանգ չի սպառնում։ Արտահոսքը վաղ առավոտյան հաջողվել է տեղայնացնել։

Խարկովի հրթիռակոծության հետևանքով անցյալ ուրբաթ իր տանը մահացել է Նացիստական Գերմանիայի 4 համակենտրոնական ճամբար վերապրած, 96-ամյա Բորիս Ռոմանչենկոն։

«Նա մարդ է, ով մասնակցել է հայրենական մեծ պատերազմին և անցել համակենտրոնացման չորս ճամբարներով։ Եղել է Բուխենվալդի բանտարկյալ։ Եվ ահա այսօր ռուսական բանակի հրթիռի  պատճառով նա մահացել, սպանվել է», – ասել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Ռուսական զինուժերի կողմից գրավված Խերսոնում շարունակվում են բռնաճնշումները բողոքի ցույցերի դուրս եկող խաղաղ բնակիչների նկատմամբ։ Այսօր խերսոնցիները դուրս էին եկել տեղի հուշարձաններից մեկի վրայի «ՈՒԶՈՒ-ն (Ուկրաինայի զինված ուժերը – խմբ․) սպանում է Դոնբասի երեխաներին» գրառումը ջնջելու։ Քաղաքի բնակիչները վանկարկում էին «Домой, домой!»՝ կոչ անելով ռուս զինվորականներին տուն վերադառնալ։

Դրան ի պատասխան ռուսները սկսել են օդ կրակել ու ցրել են հավաքը։ Սոցցանցերում տարածվող տեսանյութում, որով իր թվիթերյան իր էջում կիսվել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, հնարավոր է տեսնել վիրավորված թոշակառուի։

https://twitter.com/DmytroKuleba/status/1505917635770335241

Կիևը մերժում է Մարիուպոլում զենքերը վայր դնելու՝ Մոսկվայի ուլտիմատումը

Ռուսաստանը երեկ պաշարված Մարիուպոլում ուկրաինական կողմից կռվող զինվորներին առաջարկել էր վայր դնել զենքերն ու լքել քաղաքը, որից հետո, ենթադրաբար, թույլ կտրվեր տարհանել տեղացիներին և հումանիտար օգնություն բերել քաղաք։ Կիևն առաջարկը մերժել էր։

«Սա գիտակցված մանիպուլյացիա է ու մարդկանց իրական պատանդառություն։ Դուք 8 էջ նամակների վրա ժամանակ ծախսելու փոխարեն (խոսքը ՌԴ ՊՆ հայտարարության մասին է- խմբ․) ուղղակի միջանցք բացեք», – հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Մարիուպոլի քաղաքապետի խորհրդականն էլ հայտարարել է՝ «Մենք կռվելու ենք մինչև վերջին զինվորը» և պնդել, որ ռուսները քաղաքի բնակիչներին բռնի ուժով տեղափոխում են Ռուսաստան։ Ռուսական կողմի տվյալներով՝ մինչ այժմ քաղաքից Ռուսաստան է տեղափոխվել 60 000 մարդ։ Եվս 40 000 մարդ, հիմնականում՝ սեփական մեքենաներով, կարողացել է տեղափոխվել Զապորոժյե։

Մարիուպոլը, հիշեցնենք, շրջափակված է ռուսական զինված ուժերի կողմից։ Քաղաքային իշխանությունների խոսքերով՝ բնակելի տների 80%-ը ոչնչացված է։ Ըստ հաղորդումների՝ պաշարված քաղաքում գտնվող խաղաղ բնակիչների թիվը կարող է հասնել 200 000-ի, իսկ զոհերի թիվը կարող է գերազանցել 2500-ը։ Մի քանի շաբաթ շարունակ քաղաքում բացակայում են ջուրն ու էլեկտրականությունը, դեղամիջոցները սպառվում են։ Մարդիկ թաքնվելով ռուսական կողմի գնդակոծություններից՝ ուտելիք են պատրաստում նկուղներում, խարույկի վրա։ Ինտերնետն ու հեռախոսակապը պարբերաբար խափանվում են։

 

Մարիուպոլը՝ ռուսական պաշարումից առաջ և հետո
Բանակցություններ, փախստականներ
Ուկրաինական քաղաքների վրա օդային հարձակումների ֆոնին շարունակվում են երկու կողմերի բանակցությունները։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում կրակը չի դադարեցվի, քանի որ ուկրաինական զինուժերն օգտագործում են այդ ժամանակը «վերախմբավորվելու» և ռուսների վրա նոր հարձակումներ ձեռնարկելու համար։ Այսօր, այնուամենայնիվ, տեղի է ունեցել բանակցությունների նոր փուլ, որն ըստ հաղորդումների, տևել է մեկուկես ժամ։ Թե ինչ արդյունքներ են գրանցվել բանակցություններից հետո, դեռևս չի հստակեցվում, սակայն ուկրաինացի պաշտոնյաները զգուշացնում են, որ հրադադարի համաձայնագրի հասնելը կարող է տևել մինչև անգամ շաբաթներ։

ՄԱԿ-ն այսօր հայտարարել է, որ պատերազմի հետևանքով Ուկրաինան լքել է շուրջ 3․5 միլիոն մարդ, որոնցից 2․8 միլիոնը հատել է ուկրաինա-լեհական սահմանը։ Փախստականներին ընդունած երկրների թվում են նաև Ռումինիան, Մոլդովան, Սլովակիան, Հունգարիան։ Ավելի քան 6 միլիոն մարդ, ըստ տարբեր հաղորդումների, տեղափոխվել է Ուկրաինայի (հարաբերականորեն) ավելի ապահով տարածքներ։