Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու կարիք չկա, Բաքուն ու Երևանը համաձայն են նրանց աշխատանքի ձևին և աջակցում են դրան՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որին պետք չէ ՄԱԿ-ի մանդատ տալ, քանի որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարությունում արդեն հստակորեն ամրագրված են մեր խաղաղապահների գործունեության եղանակները: Այդ կապակցությամբ վեճի մասնակիցների միջև կա կոնսենսուս, և այդ փաստն այստեղ առանցքային է», – «РИА новости» պետական գործակալության հետ զրույցում ասել է Իլյիչևը։
Նրա խոսքով՝ պետք է հատկապես նշել, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, ինչը տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում առանցքային նշանակություն ունի»։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Ռուսաստանի խաղաղապահ զորախկազմի Լեռնային Ղարաբաղում «գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»: Ադրբեջանից պարբերաբար ակնարկում են, որ 2025-ից հետո խաղաղապահներ Ղարաբաղում չեն լինելու։
Լաչինի միջանցքի արգելափակումից հետո՝ անցած տարվա դեկտեմբերից, պաշտոնական Երևանը բարձրացնում է ռուս խաղաղապահների պատասխանատվության հարցը․ եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, միջանցքի անխափան գործունեության համար պատասխանատու է հենց Ռուսաստանը։ Ստեփանակերտում պարզաբանում են՝ ռուս խաղաղապահների և թվաքանակն է անբավարար, և մանդատն է խիստ սահմանափակ, քաղաքական-դիվանագիտական գործիքակազմից զատ՝ տեղում գործելու այլ հնարավորություններ նրանք չունեն։ Ռուսական զորախմբի մանդատը Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել։
Հայաստանի վարչապետը տարեվերջին հայտարարել էր՝ եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, ապա պետք է դիմի ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդին, բարձրացնի ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Արցախ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցը։
Հիշեցնենք՝ արդեն ավելի քան 2 ամիս է Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Լաչինի միջանցքի Շուշիին հարակից հատվածում վրանավորվել են ադրբեջանական պետակտիվիստները, երկու կողմերից նրանց հսկում են ռուսական փակ անցակետերը։ Հայաստանցիների և ղարաբաղցիների համար ճանապարհը փակ է․ ռուսական կողմը պնդում է, որ ստեղծված իրավիճակում չի կարող ապահովել երթևեկողների անվտանգությունը։
Մատակարարումները խափանված են, Ղարաբաղում սննդի, դեղորայքի, վառելիքի սուր դեֆիցիտ է նկատվում։ Կարմիր Խաչի և խաղաղապահ զորախմբի կողմից մատակարարվող սակավաթիվ ապրանքները չեն բավարարում նույնիսկ առաջնային կարիքները։ Արդեն երկու ամիս է՝ Հայաստանին նաև հոսանք չի մատակարարվում (Ստեփանակերտում և շրջաններում օրական 6 ժամ լույս չկա), պարբերաբար Ադրբեջանը խափանում է նաև գազի մատակարարումը։ Ռուս խաղաղապահները պնդում են, թե շարունակում են բանակցել։
տե՛ս
Բաքվի «մեկ ադրբեջանցին», Ռուբենի պայքարը, Ռուսաստանի խոստումը
Ի՞նչ անել, երբ «ոչինչ հնարավոր չէ անել, իսկ վերևը ուրիշ բազառ ա»
Միջանցք փակելը նաև ոսկու մասին է
Ինչ են շնչում Ղարաբաղի չինովնիկները․ ընդդիմադիրի անդրադարձը
Ռուսը չլինի՝ մենք չենք լինի․ Ռ․ Վարդանյանը՝ ղարաբաղցիների անունից
Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել
Քրտինք է լինելու, արյուն է թափվելու. ինչ է առաջարկում Ռուբեն Վարդանյանը
Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել
30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին
Արցախցի երեխաների նվերները դեռ տեղ չեն հասել
Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք ուղիղ բանակցենք