Home / Դատարան / Հաագայից տեսան, որ Լաչինը փակ է․ Փաշինյանը մեկնաբանեց

Հաագայից տեսան, որ Լաչինը փակ է․ Փաշինյանը մեկնաբանեց

Հաագայի դատարանն արձանագրել է Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքն էկոակտիվիստների կողմից փակելու վարկածը, կառավարության այսօրվա նիստին ՄԱԿ-ի Արդարադատության նախարության երեկվա որոշումը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը շեշտել է՝ միջազգային դատարանի այս որոշումից հետո «Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երեկ մասամբ բավարարել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միաձայն մերժել նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։

Հայաստանը միջազգային դատարանից պահանջում էր պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։ Դատարանը բավարարել է Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Ինչո՞վ է կարևոր Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

Առաջին կարևոր հանգամանքն, ըստ Փաշինյանի, այն է, որ դատարանն արձանագրեց՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է«Միջանցքի փակ լինելը ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ միջանցքը փակ չէ։ Սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը, և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը»։

Երկրորդ հանգամանքը այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը։

«Դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը ԼՂ-ից դեպի Հայաստան ու Հայաստանից դեպի ԼՂ։ Եվ Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Ըստ էության արձանագրեց, որ սա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է», – ասել է Փաշինյանը։

Երրորդ հանգամանքը, ըստ Հայաստանի վարչապետի, այն է, որ դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության․ «Ըստ այդմ նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին, այդ թվում՝ ԼՂ-ի և շփման գծի առկայության վերաբերյալ, տրվեց միջազգային իրավական նշանակություն»։

Չորրորդ հանգամանքը, Փաշինյանի խոսքով, այն է, որ դատարանը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը․

«Դատարանն արձանագրեց նաև, որ խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները ԼՂ, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը»։

Դատարանը համարել է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ հենց Ադրբեջանն է խափանում Լեռնային Ղարաբաղ բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումը։ Փաշինյանն պարզաբանել է՝ բավարար ապացույցներ չեն ներկայացվել, քանի որ ԼՂ-ին գազ մատակարարող խողովակի վրա Ադրբեջանը փական է տեղադրել Հայաստանի համար ոչ հասանելի տեղում։ Ղարաբաղը Հայաստանից սնուցող բարձրավոլտ էլեկտրագծի խափանման վայրը ևս հասանելի չէ հայկական կողմի համար։

«Այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, մենք այդ հիմքով կկարողանանք նորից դիմել դատարանին, և հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի», – նշել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս պահին Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը վերակագնվել է։

Հինգերորդ հանգամանքը, ըստ վարչապետի, այն է, որ դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը՝ ընդդեմ Հայաստանի ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ:

Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: 

«Արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները՝ ականապատումների մասին, փլուզվեցին», – շեշտել է վարչապետը։