հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 21-րդ (հոկտեմբերի 17)

Պատերազմ Ղարաբաղում, օր 21-րդ (հոկտեմբերի 17)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

00:52_«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում: Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման վերիֆիկացիոն պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը», — Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

update. Զինադադար հայտարարելուց հետո Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան CNN Turk-ի հետ զրույցում հայտարարել էր, որ հումանիտար զինադադարի նպատակը գերիների և զոհվածների մարմինների փոխանակումն է․ «Սա պատերազմի ավարտ չէ»։

00:29_«Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց», — ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

00:10_ «Եթե նախատեսված ժամից սկսված Ադրբեջանը պահպանում է մարդասիրական զինադադարի ռեժիմը, ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել», — հայտարարել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան։

23։00_ Ղարաբաղի ԱԳՆ֊ն ողջունել է զինադադարը։

«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն», – ասվում է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

22:36_ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության, հայտնում է Հայաստանի ԱԳՆ֊ն։

Ադրբեջանի ԱԳՆ֊ն ևս հաստատել է։

22։21_ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսից․

— Պատերազմի մեկնարկից ի վեր հակառակորդը, հատկապես ԱԹՍ-ների միջոցով, ներկա է եղել նաև Գեղարքունիքի մարզում՝ ուշադրություն գրավելու, որոշ տեղերում՝ իրականացնել նաև հրթիռակոծման աշխատանքներ։

— Մեծ Մասրիկ համայնքի թիրախավորման հետևանքով մենք ունեցանք զոհ և երկու վիրավոր։

— Վերջերս վիրավորվեց նաև 14-ամյա Նարեկը՝ հերթական նման խոցման արդյունքում։

— Գեղարքունիքի մարզում վնասվել են շուրջ 40 առանձնատներ, 2 դպրոց՝ Կութ և Սոթք համայնքներում։

— Մեծ Մասրիկում խոցման արդյունքում առանձնատուն է փլուզվել, վնասվել է հարակից գազատարը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

— Հրետանակոծվում են դաշտային տարածքները, ինչը ազդում է նաև գյուղատնտեսական աշխատանքների վրա։

— Մինչ այս պահը մարզում խոցվել է 18 ԱԹՍ՝ ոչ միայն Վարդենիսի տարածաշրջանում, այլև Մարտունու և Գավառի տարածաշրջաններում։

— Մարտունու հիվանդանոցը արդեն գործում է որպես զինվորական հոսպիտալ։ Կա նաև Վարդենիսի հոսպիտալը։

22:09_ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ասուլիսից․

— Այսօր վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակվողական գործողությունները՝ նույն ուղղություններում։

— Թեժ մարտեր եղել են առավելապես հարավային ուղղությամբ։

— Հյուսիսային ուղղությամբ այդքան թեժ չի եղել, ինչքան նախորդ երկու-երեք օրերը։

— Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, ուղղություններից մեկում մոտավորապես 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել։ Շարասյունը խոցվել է, հակառակորդը ստիպված է եղել նահանջել։

— Որոշ ուղղություններով մարտերն այս պահին շարունակվում են։

— Հակառակորդը, որպես կանոն, մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում։ Կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ, հրետանային կրակ։

21:49_ Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը հեռախոսով խոսել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը և վերահաստատել Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը:

21։19_ ««Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ․ 13 կուսակցությունների համատեղ հայտարարությանը», ցավոք սրտի, միացել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, ինչի վերաբերյալ քննարկում կուսակցության ներսում չի եղել։

Սկզբունքորեն համաձայն չեմ այս հայտարարության հետ, ավելին՝ սա որակում եմ որպես պետական հեղաշրջման և պետական դավաճանության փորձ։

Հիմք ընդունելով վերոգրյալը, դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակացությանը», – հայատարարել է «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի նախագահ Գայանե Աբասյան:

21:16_ «ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Քննարկվել է ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը», – ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ։

20:43_ Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ասուլիսից.

— Սեպտեմբերի 27-ից ի վեր, Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է առնվազն 36 քաղաքացիական անձ։ 115 հոգի վիրավորվել է։

— 36 քաղաքացիական զոհից 20-ը սպանվել են իրենց բնակության վայրում։

— Զոհերից 8-ը սպանվել է հոկտեմբերի 10-ին հումանիտար հրադադարի հայտարարումից հետո։

— Երեկ և այսօր խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով 6 քաղաքացիական անձ է վիրավորվել, 3-ը՝ Շոշ գյուղում, 3-ը՝ Ստեփանակերտում։

— Սեպտեմբերի 27-ից սկսած՝ լայնածավալ թիրախավորումներ են տեղի ունեցել ավելի քան 130 բնակավայրի ուղղությամբ՝ հարավից մինչև հյուսիս, սահմանամերձ և խորքային։

— Ադրբեջանի կողմից նասվել կամ ոչնչացվել է 7800 անշարժ գույք, 1310-ից ավելի ենթակառուցվածք՝ հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ, 720-ից ավելի շարժական գույք։

— Դիտավորյալ թիրախային և չտարբերակված հարձակման են ենթարկվել նաև գործարաններ։

— Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ մի մասն ապաստանելով ավելի անվտանգ բնակավայրերում, մի մասը՝ Հայաստանում։

https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/3743375639030314

20:21_ Ֆրանսիական Լիմոնեն ճանաչել է Արցախը:

Լիմոնեն Ֆրանսիայում արդեն երկրորդ համայնքն է, որ ճանաչել է Արցախի անկախությունը («որպես նրա բնակչության անվտանգության, տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»): Առաջինը Ղարաբաղի անկախությունը ճանաչել էր Ալֆորվիլ քաղաքը։

19:46_ Ադրբեջան զինամթերք արտահանելու դեմ բողոքի ցույցի վերջում Երուսաղեմի ելքի ճանապարհին ակցիայի մասնակիցների վրա են հարձակվել Ադրբեջանի դրոշով մի խումբ մարդիկ։ Կան վնասված մեքենաներ։ Բախումը կասեցվել է իրավապահների կողմից։


լուսանկարը Սոսե Կրիկորիանի ֆեյսբուքի էջից

19:35_ Իսրայելում հայկական դրոշներով ավտոերթ է իրականացվել.

Մասնակիցները շարժվել են դեպի Քնեսեթի շենք (Երուսաղեմ)՝ իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ ԼՂ հակամարտության ընթացքում իսրայելա-ասրբեջանական ռազմական համագործակցության, գրում է The Jerusalem Post-ը։

19:24_ Հայաստան ներմուծվող թուրքական ծագում ունեցող ապրանքները ժամանակավոր կարգելվեն։

🔺 Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը հայտնել է, որ արգելքը նախատեսվում է կիրառել դեկտեմբերի 31-ից, այն կվերաբերի հիմնականում ապրանքներին, որոնք ունեն վերջնական սպառման նպատակ:

🔺 Փոխնախարար Վարոս Սիմոնյանի կարծիքով, արգելքի պատճառով դեֆիցիտ չի լինի, գների թանկացում նույնպես չի լինի, ուղղակի կավելանան այլ շուկաներից ներմուծման ծավալները։

19:14_ Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ, գրել է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։

18:34_ Աշխատանքներ են տարվում Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ։ Այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններով, ամերիկյան The Hill-ին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Ակնկալվում է, որ պաշտոնական այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս, գրում է The Hill-ը:

18:29_ «Առանց Ռուսաստանի հնարավոր չի լինի կարգավորել հակամարտությունները ոչ միայն Լիբիայում, Սիրիայում և Ուկրաինայում, այլև Լեռնային Ղարաբաղում, Բելառուսում և Վենեսուելայում», – ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը։

Մաասն ընդգծել է՝ չնայած առկա տարաձայնություններին, Բեռլինը չի պատրաստվում դադարեցնել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ «Մեր բոլոր շփումների ընթացքում մենք պատերազմների դադարեցման ուղիներ ենք որոնում»։

18:28_ «ՀՕՊ ստորաբաժանումները այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ», — ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան։

17:59_ Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հիմնարար հարցերի շուրջ, ասել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

«Այնքան քիչ իրադարձություններ կան, երբ ամերիկյան և ռուսական դիրքորոշումները համընկնում են։ Մենք կողմերին կոչ ենք արել դադարեցնել կրակը և ամեն ինչ տեղափոխել դիվանագիտական դաշտ»։

16։38_ Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փալյանը դիմում է Մինսկի խմբի անդամներին՝ կոչ անելով «անել ավելին»

«Մինսկի խմբի անդամներին կոչ եմ անում ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու համար: Անհրաժեշտ է դադարեցնել քաղաքացիական բնակչության վրա հարձակումները: Մենք պետք է անենք ավելին՝ պատերազմը կանգնեցնելու համար», – ֆեյսբուքի իր էջում գրել է Փայլանը:

16։17_ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանին», Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», Հրանտ Բագրատյանի «Ազատությունը» և ևս 7 կուսակցություններ համատեղ հայտարարություն են հրապարակել։

Կառավարությունից պահանջում են «1․ Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով: 2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց»:

15։53_ «Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում», – գրել է Արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Հիշեցնեմ, երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ՄԻԵԴ-ը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությանը ապահովել Ադրբեջանում գերևարված Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել էր Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։

15։30_ Գիշերային հրթիռակոծության հետևանքով Ստեփանակերտում 3 քաղաքացիական անձ է վիրավորվել՝ 82-ամյա Ռուզաննա Սարգսյանը, 36-ամյա Վարդան Խանամյանը, 33-ամյա Արման Արամյանը: Քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս, հայտնել է Ղարաբաղի օմբուդսմենը։

15։06_ ՊՆ-ի լրատվական ստորաբաժանումը «Արդբեջանական հերթական կեղծիքը Գյանջայի մասին» վերտառությամբ մի տեսանյութ է հրապարակել․ ֆոնային պատկերների վրայից հաղորդավարի ձայնը հայտարարում է, որ «միջազգային հանրությանը մոլորեցնելու հարցում Ադրբեջանը գերազանցեց նույնիսկ ինքն իրեն» և որ «կեսիգիշերին մոտ Գյանջայում հզոր պայթյուն որոտաց, որին հետևեց իրադարձությունների մի այնպիսի շրջապտույտ՝ համեմված կեղծիքով ու ստով, որ ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ՝ պաշտոնական Բաքուն իր համար ցանկանալի քարոզչական ֆոն ապահովելու համար ընդունակ է ամեն ինչի՝ նույնիսկ սեփական քաղաքացիների արյան գնով»։

Թեև ավելի ուղիղ այդ մասին չի հայտարարվում, տեսանյութը, ըստ էության, հերքում է հայկական կողմի՝ Գյանջայի հրթիռակոծման հետ կապը և ներկայացնում տեղի ունեցածը որպես կազմակերպված սադրանք (փաստարկներն են, օրինակ, որ լրագրողները դեպքի վայրում են հայտնվել «ակնթարթներ անց», բնակչության տարհանման փոխարեն՝ ԱԻՆ-ը միանգամից անցել է փրկարարական աշխատանքների, Հիքմեթ Հաջիևը «րոպեներ անց» հայտարարել է, որ կրակը Հայաստանից է արձակվել՝ ՍԿԱՏ տիպի հրթիռով, թեև դա, ըստ Զինուժի, արագ պարզել հնարավոր չէ, նաև՝ որ ադրբեջանական կայքերում կեղծ լուսանկարներ և վիդեոներ են հրապարակել)։

Նշենք, որ Գյանջայի գիշերային ռմբակոծության արդյունքում, ըստ պաշտոնական Բաքվի, զոհվել է 13 և վիրավորվել առնվազն 52 քաղաքացի, փլվել է մոտ 20 բնակելի տուն։

13։27_ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Թուրքիայի սպառազինության կազմում գտնվող ռուսական S-400 համակարգը «չպետք է ակտիվացվի»։

«Անվտանգության ոլորում մեր հարաբերությունների համար դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ», – ասել է Հոֆմանն ու հավելել, որ Թուրքիան արդեն իսկ հեռացվել է «F-35 Lightning II» կործանիչների ծրագրից, իսկ «S-400-ը շարունակում է խոչընդոտել այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների առաջընթացին»։

Թուրքիայի ՊՆ-ն ոչ մի կերպ չի մեկնաբանում երեկվա կադրերը, որոնցում տեսանելի է հրթիռի արձակումը (Թուրքիայի Սինոպ քաղաքի մոտակայքում, որտեղ հիմա զորավարժություններ են ընթանում)։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` սա ռուսական ԶՀՀ-ի առաջին փորձարկումն էր երկրի պատմության մեջ։

12։35_ «Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, հոկտեմբերի 17-ին խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է» — Հայաստանի ՊՆ խոսնակ։

12:22_ Ադրբեջանական կողմից՝ երկրի ղեկավարի մակարդակով, ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով, քաղաքացիական ինքնաթիռներով և մաքսանենգ ճանապարհով դեպի Հայաստանի Հանրապետություն իբր զինամթերք տեղափոխելու վերաբերյալ: Հայաստանի ԱԱԾ-ն պաշտոնապես հերքում է «նմանօրինակ ստահոդ և հիվանդ երևակայության արդյունք հանդիսացող տեղեկությունները», ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։

11:22_ Ղարաբաղի Պաշտպանության բանակը՝ անդրադառնալով, հավանաբար, Գյանջայի գիշերային ռմբակոծությանը, հաղորդել է․

«Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը․

· ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա
· ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
· ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
· ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
· ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
· ՊՆ կենտորնական ենթակայության զինվորական հոսպիտալ,
· ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
· Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինաան գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան»։

Այլ մեկնաբանություններ հաղորդագրության մեջ չկան։

11։00_ Թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը հոկտեմբերի 13-ին Twitter-ի իր էջում կիսվել էր Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փալյանի հրապարակած տեսանյութով, որում բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում նվագում է Կոմիտասի «Կռունկ»-ը։

Շաֆաքը տեսանյութին կից գրառում էր արել․ «․․․Բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են խաղաղությանը և չեն հրաժարվում այն պաշտպանելուց։ Արվեստն ավերակների մեջ։ Շնորհակալություն, Կարո Փայլան, որ կիսվել եք»։

Գրառմանը հաջորդած բազմահազար մեղադրանքներին և վիրավորաքներին ի պատասխան Շաֆաքը գրել էր նաև, որ արվեստն ու գրականությունը պետք է նպաստեն հաշտությանը և ո՛չ պատերազմին, ու որ պատերազմում հաղթողներ չկան։

Շաֆաքի հակապատերազմական չեզոքությունը անմիջապես մեկնաբանվել է որպես պրոհայկական քարոզ և աջակցություն Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի։ Ermenihaber-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, գրում է, որ ադրբեջանական որոշ գրախանութներ բոյկոտ են հայտարարել և դադարեցրել Շաֆաքի գրքերի վաճառքը։

10:28_ Ստեփանակերտը՝ գիշերային հրթիռներից հետո․


լուսանկարները՝ Հայկական միասնական տեղեկատվական հարթակի

10։16 _ Գյանջայի գիշերային ռմբակոծության հետևանքով 20 բնակելի տուն է փլվել, հաստատել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանի ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 13-ի։ Մոտ 50 հոգի վիրավոր է։

Փլատակների տակից մարդկանց դուրսհանման աշխատանքները դեռ շարունակվում են։ Կան բազմաթիվ անհայտ կորածներ։

Պաշտոնական Բաքուն, ինչպես և նախորդ երկու անգամները, դեռևս գիշերը հայտարարել էր, որ հրթիռները (ըստ հաղորդվող տվյալների՝ SCUD/Elbrus) արձակվել են Հայաստանի Հանրապետության (այլ ոչ Լեռնային Ղարաբաղի) տարածքից։ Հայաստանի ՊՆ-ն կարճ ժամանակ անց այդ տեղեկությունները հերքել է։

Գյանջան Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է․ գտնվում է ԼՂ սահմանից 40 կիլոմետր, Հայաստանի սահմանից՝ մոտ 55 կիլոմետր հեռավորության վրա։

10:10_ Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել, հայտնել է Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների պետծառայությունը։

«Ընդհանուր վնասների չափկը ճշտվում է: Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց»։

09:55_ «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է։ …Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների», – հաղորդել է Ղարաբաղի ՊԲ-ն։

Ղարաբաղի ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ Շուշիի և Ստեփանակերտի հրթիռակոծության արդյունքում վնասվել են բնակելի տներ, ենթակառուցվածքներ։ Ըստ նախնական տվյալների’ երկու քաղաքացիական անձ է տուժել։

Հրթիռակոծման ընթացքում մարդիկ եղել են թաքստոցներում և ապաստաններում։

09:46_ «Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով», – առավոտյան հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-17 գիշերը՝ Գյանջայում որոտած պայթյուններից հետո, Ստեփանակերտը կրկին թիրախի տակ հայտնվեց։

――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27