Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 23-րդ (հոկտեմբերի 19)

Պատերազմ Ղարաբաղում, օր 23-րդ (հոկտեմբերի 19)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

22:33_ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ճեպազրույցից

— Վաղ առավոտյան մարտերը շարունակվել են՝ հյուսիսային և հարավային ուղղություններով։

— Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը հետ է շպրտվել մեկ-երկու գրոհից հետո։ Հարավային ուղղությամբ մարտերը տևական ժամանակ շարունակվում էին․ կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։

— Այս պահին մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։

21:33_ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջիկա ուրբաթ Վաշինգտոնում կհյուրընկալի նախ Ադրբեջանի, ապա՝ Հայաստանի արտգործնախարարին, հաղորդում է Politico ամսագիրը՝ հղում անելով Պետդեպարտամենտի իր աղբյուրներին։

Արդյոք նախատեսված է հանդիպում նաև եռաչափ ձևաչափով՝ դեռևս հայտնի չէ։

21:28_ Կարմիր խաչը հումանիտար օգնության շրջանակներում 1 500 դիապարկ է հանձնել Ղարաբաղի դատաբժշկական բյուրոյին՝ քաղաքացիական և ռազմական բժշկական կառույցներին հատկացնելու համար։

21:10_ «Ես [միջազգային հանրության] հայտարարություններին այլևս չեմ նայում` և որպես Արցախի Հանրապետության քաղաքի, և որպես Մարդու իրավունքների պաշտպան, և որպես շատ-շատ իրավունքներից զրկված բազմաթիվ մարդկանց հարազատ, ընկեր, ազգական: Ես սպասում եմ գործնական քայլերի: Այդ հայտարարություններն արդյունք չեն տալիս», – «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

20:55_ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:

Փաշինյանի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներից դատելով՝ հանդիպմանը, մասնավորապես, ներկա են եղել ՀՀԿ-ից՝ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ-ից՝ Իշխան Սաղաթելյանը , «Սասնա Ծռերից»՝ Վարուժան Ավետիսյանը, «ՔՈ»-ից՝ Սուրեն Սահակյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունից՝ Արման Բաբաջանյանը։

Քննարկվել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, հայկական կողմի քայլերն: Քննարկումը (նախորդի պես) անցել է դռնփակ ձևաչափով։

18:46_ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց են տվել ռուսական ՏԱՍՍ գործակալությանը։
Լրագրողի հարցին՝ պատրա՞ստ եք անձամբ մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպելու, բանակցելու հակառակորդ երկրի ղեկավարի հետ․

― Փաշինյանը պատասխանել է․ «Մեր դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Եվ ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ մեկնել, հանդիպել, բանակցել։ Բոլորս պետք է հասկանանք, որ որոշումը պետք է հիմնվի փոխզիջման, այլ ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի վրա»։

― Ալիևը պատասխանել է․ «Տվյալ դեպքում ես նման հրավեր չեմ ստացել, ուստի՝ այս հարցն ինձ չէ ուղղված։ ․․․Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել թե՛ Մոսկվայում, թե՛ ցանկացած այլ վայրում՝ հակամարտությանը վերջ տալու և կարգավորման ուղի գտնելու համար։ Մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց, ի տարբերություն Հայաստանի, մենք նաև ուզում ենք տարածքները, որոնք մեզ են պատկանում»։

18:29_ Ղարաբաղից տեղահանված կանայք և երեխաներն այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ էին։ Պահանջում էին «բացել աչքերը» և գործնական քայլեր ձեռնարկել՝ արյունահեղությունը կանգնեցնելու համար։

Առավոտյան 11։00-ից մինչև երեկո գրասենյակի մոտ կանգնած կանանց ՄԱԿ-ից խոստացան, որ 17։00-ին հնադիպում կկազմակերպեն, որին կմասնակցի նաև գրասենյակի ղեկավարը։

Մնացած լուսանկարները՝ այստեղ։

17:12_ Հոկտեմբերի 17-ին Մարտունի քաղաքի հրթիռակոծության արդյունքում զոհվել է 65֊ամյա Վլադիմիր Միրզոյանը, 42֊ամյա Գևորգ Վարդանյանը վիրավորվել է, հայտնում է Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

17:09_ Պաշտպանության բանակը հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված 19 զինծառայողների անունները․

Աբրահամյան Թաթուլ Գագիկի, ծնվ. 2001թ.
Բաբայան Ռաֆիկ Արմենի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Մայիս Կոլյայի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Պողոսյան Արտեմ Հենրիկի, ծնվ. 1982թ.
Պահեստազորային Հակոբյան Արեգ Աշոտի, ծնվ. 1977թ.
Պահեստազորային Անտոնյան Արտյոմ Վլադիմիրի, ծնվ. 1978թ.
Մելիքյան Նարեկ Սարգսի, ծնվ. 1995թ.
Նազարյան Տիգրան Սամվելի, ծնվ. 2001թ.
Մարուքյան Էդուարդ Գևորգի, ծնվ. 2001թ.
Հաջիկյան Էրիկ Սարգսի, ծնվ. 2001թ.
Մանթաշյան Հակոբ Արսենի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Տիգրան Ժորայի, ծնվ. 1999թ.
Հարությունյան Մառլեն Արտուշի, ծնվ. 1999թ.
Խաչատրյան Հայկ Գագիկի, ծնվ. 1986թ.
Քեշիշյան Արտյոմ Վազգենի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Ղազարյան Արթուր Նորայրի, ծնվ. 1976թ.
Խաչատրյան Հովհաննես Արշավիրի, ծնվ. 1983թ.
Սարգսյան Արտյոմ Նորիկի, ծնվ. 1981թ.
Զաքարյան Սեդրակ Արևշատի, ծնվ. 1980թ.

16։50_ Ընդհանուր հող. հակապատերազմական հայտարարություն

«Այս վայրագությունները քարոզչական մեդիայի ազդեցության շնորհիվ վերաճել են բարբարոսության մի նոր տեսակի։ Մահացած և վիրավոր զինվորականների նվաստացումը, ռազմագերիների սպանությունը և դիակապտությունն այլևս ոչ միայն պատերազմի ուղեկիցն են ռազմի դաշտում, այլև զանգվածային մեդիայի ապրանք:

․․․Պետական պրոպագանդայի կողմից արտադրվող ռազմական մելոդրամաների և պատանի զինվորների էրոտիզացված պատկերների կողքին ռազմական հանցագործությունների պոռնոգրաֆիկ, քայքայիչ պատկերներն իրականություն են: Արգելված թմրանյութի պես դրանք տարածվում են ծանոթից ծանոթ: ․․․Այսպես են նորմալիզացվում բռնությունն ու զանգվածային սպանությունները, որոնք չպայթած ականների հետ միասին մնալու են մեզ հետ պատերազմից հետո»։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ

16:07_ Դեյվիդ Բարսամյանի և Նոամ Չոմսկու զրույցը․

«Հայաստանի և Ադրբեջանի դեպքում երկար պատմություն է: Չենք կարող խորանալ, բայց անմիջական ճգնաժամը սկսվեց, երբ Ադրբեջանը, անշուշտ Թուրքիայի սատարմամբ, իսրայելական զինամթերքի հեղեղով . . . : Բեն Գուրիոն օդանավակայանը Իսրայելում . . . «Իլյուշին» ինքնաթիռները ներս ու դուրս են անում, մինչդեռ ոչ մի ուրիշ ինքնաթիռ չի մտնում [Բաքու], իսրայելական զենք ուղարկելով Ադրբեջան, որպեսզի նրանք կարողանան սպանել մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղի հայերին: Այնպես որ, այո, սա էսկալյացիա է: Միջազգային»։

Զրույցի թարգմանությունը՝ այստեղ։

16։00_ Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը ԼՂ հակամարտության կողմերին և միջազգային այլ խաղացողներին կոչ է արել կողմերին և «միջազգային պատասխանատու խաղացողներին» դադարեցնել առճակատման հռետորաբանության սրումը, ինչը «հավանաբար, շատ ջանքեր չի պահանջում»։

15։27_ «Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն», — հայտնել է ՊՆ խոսնակ-ը։

14։38_ «Անկախ քաղաքականությունից՝ [վիճահարույց տարածքներում] ապրող մարդիկ պետք է օգտվեն նույն իրավունքներից, ժողովրդավարությունից ու օրենքի գերակայությունից, ինչ Եվրոպայի ցանկացած բնակիչ։

Ազգային իշխանությունները պարտավոր են ապահովել դա, և Եվրախորհուրդը պետք է կարողանա առանց խոչընդոտների մտնել այդ տարածքներ` տեղում տիրող իրավիճը գնահատելու համար», – հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը` առանց մանրամասնելու, թե որ «ազգային իշխանություններն» են պարտավոր և ով է խոչընդոտում Եվրախորհրդին։

13։51_ Ռուսաստանը Թուրքիայի հետ հաղորդակցության ընթացքում բարձրացնում է Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու հարցը:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, գրում է ՏԱՍՍ-ը։

13:30_ Եթե ներկա հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, ուրեմն՝ պետք չէ երկմտել, ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

13:27_ Լոս-Անջելեսից ուղարկված հումանիտար բեռը հասավ Հայաստան. «Քաթար էյրվեյզ»-ի օդանավը, որի թռիչքը մինչ այդ չեղարկվել էր (ըստ Հայաստանի քաղավիացիայի’ քանի որ Թուրքիան փակել էր իր օդային ճանապարհը), արդեն Երևանում է։

13:18_ ՄԱԿ երևանյան գրասենյակի դիմաց կրկին բողոքի ցույց է։

«Հետք»-ի փոխանցմամբ, Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով Երևան տեղափոխված կանայք և երեխաներն հավաքվել են ՄԱԿ գրասենյակի մոտ։ Պահանջը՝ կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան։

13։07_ Իր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։

Զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են, մյուս կողմի բացատրությունները լսել են։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու, «Արմենպրեսի» փոխանցմամբ` ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

12:28_ Անհրաժեշտ է O (I) RH+ արյուն (առաջին կարգի դրական), գրում է Արյունաբանական կենտրոնը։

12:25_ Ուրբաթ ավելի քան 1000 գրոհայիններ Սիրիայից ուղարկվել են Ղարաբաղ, գրում է ռուսական РИА Новости-ն’ վկայակոչելով իր աղբյուրը։

12:08_ Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Վիրավորում է ստացել Ղարաբաղում 90-ականների պատերազմի մասնակից, պատգամավոր Սասուն Միքայելյանը, ում այժմ վիրահատում են:

Արյան նշված կարգն ունեցող մարդկանց խնդրում են մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով, ժամը 09:00-13:00-ը:

11:10_ ԱՄՆ-ի Նևադա նահանգի Քարսոն-սիթի քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է նաև հայերի մասին.

«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը։ Հիանալի գործարարներ են: Այստեղ գալու ճանապարհին այնքան հայեր տեսա’ իրենց գեղեցիկ դրոշները ծածանելիս: Ես նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն եւ մեծ նվիրվածություն իրենց երկրի նկատմամբ:

Աշխատում ենք ինչ-որ ուղղություններով»։

10:50_ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, փակ խորհրդակցություններ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Ինտերֆաքս»-ին այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելության խոսնակ Ֆյոդոր Ստրժիժովսկին:

10:30_ Գիշերը հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։

Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են, հայտնում է Ղարաբաղի ԱԻ պետծառայությունը։

10:09_ «1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։

2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։

3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետեւ դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին Կազանում։

4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձեւով։

5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։

6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին», – վարչապետ Նիկոլ Փաշինյան։

10:07_ «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում», – վառ առավոտյան հաղորդել է ՊԲ-ն։

―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27